Մատչելիության հղումներ

Շարունակվում է ընտրական գործընթացներին նվիրված սեմինարը


Եվրոպայի խորհրդի եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից Երեւանում անցկացվող սեմինարի շրջանակներում այսօրվա քննարկման առարկան Հայաստանում ընտրական իրավունքի դատական պաշտպանության եւ ընտրական վեճերի լուծման առանձնահատկություններն էին: Հիմնական զեկուցողը Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն էր:

Վենետիկի հանձնաժողովի սահմանադրական իրավունքի մասնագետ Միշել դե Վիլլիերեսը, որ համեմատել էր Հայաստանի եւ Ֆրանսիայի սահմանադրությունները, հայտարարեց, որ դրանք զարմանալիորեն նման են, մի քանի գլուխներ նույնիսկ տառացիորեն արտագրված են՝ միաժամանակ զարմանք արտահայտելով, որ անտեսվել է ընտրական գործընթացների նկատմամբ լիարժեք հսկողության իրականացում երաշխավորող կարեւորագույն դրույթը:

Դե Վիլլիերեսի խոսքերով, Ֆրանսիայի օրենսդրությամբ Սահմանադրական խորհուրդը հետեւում է ընտրությունների օրինականությանը, լուծում է ընտրական վեճեր: Հայաստանում, ինչպես իր զեկուցման մեջ նշեց Գագիկ Հարությունյանը, Սահմանադրական դատարանը լուծում է միայն վերջնական արդյունքների հետ կապված վեճերը: Ընտրությունները կազմակերպում եւ դրանց անցկացման օրինականության նկատմամբ վերահսկուղություն է իրականացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ ընտրական հանձնաժողովների գործողությունները կամ անգործությունը կարող է բողոքարկվել վերադաս ընտրական հանձնաժողովում կամ առաջին ատյանի դատարաններում: Սահմանադրական դատարանը, անշուշտ, կարող է հանձնարարել ստուգումներ անցկացնել կոնկրետ տեղամասերում, կարող է նաեւ հրավիրել ու հարցաքննել վկաների, նրանց ներկայացրած փաստարկները գնահատել եւ հանգել որոշակի եզրակացության:

Այս ամենը ներկայացնելով՝ Գագիկ Հարությունյանը եզրակացրեց, որ Սահմանադրական դատարանը Հայաստանում կաշկանդված չէ: «Բայց», - շարունակեց նա, - «եթե դատարանների իրավասության շրջանակներում գործողությունները կատարված չեն, եւ շատ հաճախ ներկայացվում են այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք պետք է քննության առարկա դառնային ընդհանուր իրավասության դատարաններում, մենք արդեն քննության առարկա չենք կարող դարձնել, եւ գործի քննության լիարժեքությունը այս դեպքում տուժում է»: Հատկապես, երբ թեկնածուի կամ նրա վստահված անձի դիմումը վերադաս ընտրական հանձնաժողովը մերժում է, եւ դիմումատուն փորձում է խախտված իրավունքը վերականգնել առաջին ատյանի դատարանում, վերջինս, ըստ Սահմանադրական դատարանի նախագահի, «ձեւական մոտեցում է ցուցաբերել»:

Գագիկ Հարությունյանի խոսքերով, քննելով ընտրական տարաբնույթ վեճերը, իրենք հանգել են եզրակացության, որ քվեարկության արդյունքների ստուգումները գործնականում արդյունք չեն տալիս: Ավելին՝ եթե ստուգումներն անմիջապես չեն անցկացվում, առաջանում է կասկածի եւ անվստահության մթնոլորտ:

Հարությունյանի խոսքերով, Սահմանադրական դատարանը վերջին երկու գործերի (նախագահական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով Արտաշես Գեղամյանի եւ Ստեփան Դեմիրճյանի դիմումների) քննության ժամանակ իրավական դիրքորոշումների միջոցով փորձել է հստակեցնել Ընտրական օրենսգրքում առկա վիճարկելի դրույթները, ինչը հնարավորություն կտա առաջիկա ընտրությունների ժամանակ կանխել ընտրախախտումները: Արդյունքները բողոքարկելու դեպքում դիմող կողմը պետք է ձգտի օգտվել օրենսդրությամբ նախատեսված՝ իրավունքի պաշտպանության բոլոր հնարավորություններից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը օրերս հայտարարել էր, թե ընդամենը 7 տարվա Սահմանադրություն ունեցող երկրում կատարյալ ժողովրդավարություն չի կարող լինել: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի վերջո Հայաստանը կարո՞ղ է ժողովրդավարական երկիր դառնալ, Գագիկ Հարությունյանը ասաց. - «Հարցը պետք է այլ հարթության վրա դիտել: Ոչ թե ընդհանրապես ժողովրդավարությունը, այլ այսօրվա մեր մանուկ ժողովրդավարության հնարավորությունները մենք առավելագույնս օգտագործո՞ւմ ենք այդ խնդիրը արդյունավետ լուծելու համար»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG