Մատչելիության հղումներ

«Արդարություն» դաշինքը մարտական է տրամադրված


Երեքշաբթի օրը ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը անցկացրեց իր առաջին համաժողովը, որտեղ եւս մեկ անգամ շեշտվեց, որ կարեւորագույն նպատակը ընտրական գործընթացների նկատմամբ ժողովրդի հավատը վերականգնելն է: «Եթե այս ընտրություններն էլ կեղծվեն, եթե հերթական անգամ արհամարհվի ժողովրդի կամքը, հետեւանքները իրոք աղետալի է լինելու մեր երկրի համար», - համաժողովում ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:

Իր ելույթում ՀԺԿ նախագահը, թվարկելով բազմաթիվ անելիքները, առանձնացրեց կլանային համակարգի, մենաշնորհների վերացումը: «Մենք պետք է հասնենք նրան, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթանակի», - շարունակեց Դեմիրճյանը: - «Այսօր երկրում տիրում է ամենաթողությունը, անպատասխանատվությունը: «Արդարություն» դաշինքը վճռականորեն պայքարելու է այդ ամենի դեմ»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը իր ելույթում կոչ արեց շարունակել պայքարը: «Նախագահական ընտրությունների ժամանակ ժողովրդի կամքը արհամարհվեց», - ասաց նա: - «Նույնը չի կարելի թույլ տալ այս ընտրությունների ժամանակ»:

1998-ի «Միասնություն» եւ ներկայիս «Արդարություն» դաշինքների միջեւ զուգահեռներ անցկացրին ե'ւ Արամ Սարգսյանը, ե'ւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Ալբերտ Բազեյանը՝ եզրակացնելով, թե երկրորդն ավելի հզոր է, քանի որ միավորում է ոչ թե երկու, այլ ինը կուսակցություն:
«Այս դաշինքի ձեւավորման հիմքում ավելի խորը բան է դրված, քան գործող իշխանությանը հակակշիռ ձեւավորելն է», - ասաց Բազեյանը: - «Այս դաշինքի հիմքում կա գաղափար՝ երկրում վերականգնել սահմանադրական կարգը, ձեւավորել օրինական իշխանություն»:

Դաշինքի ղեկավարներից ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը իր ելույթում շեշտեց, որ ազգային ուժեղ պետության հիմքը ժողովրդավարությունն է, իսկ մեզանում «ամեն ինչը կեղծ է»: «Ամենամեծ գնահատականը, որ կա այս երկրում՝ ե'ւ դրսում, ե'ւ ներսում լինել «շուստրի», - ասաց նա՝ ավելացնելով, թե «շուստրիությամբ» պետություն չեն կառուցում: Ուստի՝ պետք է պայքարը շարունակել, եւ հաջողության միակ երաշխիքը այդ պայքարում Ազգային ժողովում մեծամասնություն ունենալն է: Իսկ եթե չհաջողվի, Մանուկյանի խոսքերով, «հասարակությունն իրեն պաշտպանելու համար իրավունք ունի դիմել ցանկացած մեթոդի»:

«Չեղավ՝ պետք համախմբվել հասարակությունով, շարժում ստեղծել, գնալ առաջ, ջարդել այս համակարգը», - իր ելույթի վերջում ասաց Վազգեն Մանուկյանը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG