Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Կարապետյանին որպես ԱԺ պատգամավորության թեկնածու չգրանցելու տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումն անգամ իշխանամետ գործիչները որակեցին որպես երկրի վարկին մեծ վնաս հասցնող սխալ», - անդրադառնում է «Առավոտ» թերթը։ - «Իրո՛ք, անհեթեթ վիճակ է՝ մարդուն, որին տառացիորեն մի քանի ամիս առաջ ճանաչում էին որպես նախագահի պաշտոնի հավակնորդ, այսօր զրկում են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Այս անհեթեթության բացատրությունը, բնականաբար, քաղաքական է», - բխեցնում է «Առավոտ»-ը: - «Այն ժամանակ Արամ Կարապետյանին իշխանությունը գրանցել էր որպես Գեղամյանից ու Դեմիրճյանից ձայներ խլող թեկնածու։ Բայց նա շատ արագ ցրեց բոլոր կասկածները՝ անառարկելիորեն միանալով արմատական ընդդիմությանը»: «Առավոտ»-ը նաեւ շեշտել է. - «Նման հարցերը լուծվում են նախագահական նստավայրում, ոչ թե ինչ-որ ընտրական հանձնաժողովներում եւ դատարաններում, որոնք գործադիր իշխանության խամաճիկն են»:

Ներկա ընտրարշավում որոշակի առաջադիմություն այսօր արձանագրում է «Երկիր» թերթը: Առաջադիմություն ամենակենսական դիտվող կետում՝ ընտրակաշառքի: Մեկնաբանը գրում է. - «Մեր քաղաքաների խիստ անանցանելի ճանապարհների պարագայում նախկինում շատ հարգի էր ասֆալտ փռելը, հոսանքի պարտք մարելը: Հիմա այլեւս դժվար է ասֆալտով զարմացնել՝ հաշվի առնելով մայրաքաղաքի ու մարզերի բազմաթիվ ճանապարհների ասֆալտապատումը «Լինսի» հիմնադրամի միջոցներով, որը, չգիտես ինչու, Երեւանի քաղաքապետը ընտրարշավում ներկայացնում է սեփական ձեռքբերում: Պետք էր գտնել նոր մի միջոց, եւ այն հայտնաբերվեց կարճ ժամանակում. այդ դերը ստանձնեց համակարգիչը.... Այսօր հայաստանյան հեռուստաեթերը օրնիբուն լցված է նման ընտրակաշառքի գովազդումով. այս կամ այն թեկնածուն, կուսակցությունը բացել է հերթական համակարգչային դասարանը», - մատնանշվում է «Երկիր»-ում: - «Եվ որեւէ մեկը չի փորձում բացատրություն ստանալ նման անթաքույց ընտրակաշառքի գործունեության համար, որեւէ մեկը չի էլ ցանկանում հիշել Ընտրական օրենսգիրքը, որով խստիվ արգելվում է ընտրությունների ընթացքում նման ձրի ծառայությունների մատուցումը»:

«Բոլորն էլ խոսում են կոռուպցիայի մասին, բոլորն էլ խոսում են անարդարությունների դեմ, բոլորն էլ խոսում են հասարակության բեւեռացման դեմ։ Հենց նրանք, ովքեր այս ամենը ստեղծել են, դրա դեմ խոսում են։ Ես շփոթված եմ, կարծեք՝ բոլորը նույն բաներն են ասում, ոչ մի տարբերություն չկա», - «Առավոտ» թերթի հարցազրույցում բոլորի պես զարմանք է արտահայտում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ - «Նախագահական ընտրությունների խախտումներն այսօր օգտակար են եղել բոլորին, բացի մեզնից, խախտումները վնասել են Դաշնակցությանը», - ասում է նա: - «Այս ամբողջը հնարավորություն տվեց ընդդիմությանը՝ մի ալիքի վրա ելած գալ ԱԺ, ինչը ուրիշ պարագայում հնարավոր չէր լինի։ Իշխանության մակարդակում եւս այս ոչ առողջ մթնոլորտը թույլ է տալիս ապաքաղաքական ուժերի գոյության ու դերակատարության մեծացում»: Այսուհանդերձ, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը նշել է. - «Հավատում ենք, որ ճիշտ ենք աշխատել, հավատում ենք, որ մենք իսկապես քաղաքական ուժ ենք, հավատում ենք, որ այս երկրի ապագայի համար վերջապես անհրաժեշտ է, որ իշխանությունները ղեկավարվեն, ձեւավորվեն քաղաքական ուժերով, հավատում ենք, որ մենք մեր հայտարարածի, մեր ասածի տերն ենք եղել։ Այս ամենը հիմք է տալիս մեծ տեղ ակնկալելու խորհրդարանում։ Ընդ որում, ինչքան էլ մեծ տեղ գրավենք ԱԺ-ում, դա համապատասխան չի լինի Դաշնակցության իրական կշռին, այն շատ ավելի մեծ է, քան թույլ է տալիս այսօրվա Հայաստանի քաղաքական իրավիճակը», - ավելացնում է Հրանտ Մարգարյանը: Իսկ «Դաշնակցությունը Ռոբերտ Քոչարյանի հենարա՞նն է» հարցին Դաշնակցության ներկայացուցիչը մասնավորապես պատասխանել է. - «Ամեն անգամ, երբ ինձ այդ հարցը տալիս են, չեմ կողմնորոշվում՝ ինչպես պատասխանել, որովհետեւ հենարան կարող ես համարվել, երբ հենվում են քեզ վրա, իսկ եթե չեն հենվում, դու որքան էլ քեզ հենարան համարես, չի ստացվի։ Մենք այնքանով ենք հենարան, որքան հենվում է նախագահը մեզ վրա»։

«Գնալով ընդդիմության հանրահավաքային թափը մարեց, եւ շարքային քաղաքացիներն իրենց կյանքի մասին այլեւս շատ թե քիչ հավաստի տեղեկատվություն ի վիճակի չեն ստանալ, որովհետեւ ի վիճակի չեն գնել այն հատուկենտ թերթերը, որոնք հայաստանյան իրական կյանքի մասին որոշակի պատկերացումներ են տալիս», - պատկերագրում է «Այբ-Ֆե» թերթը: - «Մյուս կողմից էլ, Հայաստանում ամեն ինչ այնքան պարզ է, որ թերթերը կարող են պարզապես սպիտակ էջերով լույս տեսնել: Այսուհանդերձ, Հայաստանում դեռեւս որոշ լրագրողներ չեն զլանում եւ փորձում են ցուցանել ու վերլուծել իրականությունը՝ պղտորելով իշխանավորների ապահով ու անամպ առօրյան: Իսկ իշխանավորը ոչ միայն ուզում է լավ ապրել, այլեւ ուզում է շառից-փորձանքից հեռու ապրել: Շառն ու փորձանքը մերոնց դեպքում, իհարկե, մամուլն է, որովհետեւ հեռուստատեսության հարցը վաղուց արդեն փակված է», - նշվում է «Այբ-Ֆե»-ում: - «Այդ է պատճառը, որ իշխանություններն ժամ առաջ ուզում էին անցկացնել «Զանգվածային լրատվության մասին» տխրահռչակ օրենքը: Իսկ մինչ այդ բավարարվում են լրագրողների դեմ ահաբեկչությամբ ու հաշվեհարդարներով»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG