Մատչելիության հղումներ

Դատարանը մերժում է Արամ Կարապետյանի հայցը


Երեւանի Էրեբունի համայնքի առաջին ատյանի դատարանն այսօր մերժեց «Հեռանկար» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, անցած նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի հայցը թիվ 17 ընտրատարածքային հանձնաժողովի՝ մեծամասնական ընտրակարգով իրեն պատգամավորության թեկնածու չգրանցելու որոշման դեմ: Առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ որոշում կկայացնի «Արդարություն» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Արամ Կարապետյանի գրանցումը անվավեր ճանաչելու վերաբերյալ:

Թիվ 17 ընտրատարածքային հանձնաժողովը ապրիլի 13-ին նախ գրանցել էր մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Արամ Կարապետյանին, ապա՝ վերանայել իր իսկ որոշումը՝ նոր հանգամանքներ ի հայտ գալու պատճառաբանությամբ: Հանձնաժողովի նախագահ Արայիկ Մատինյանի բացատրությամբ, քանի որ Արամ Կարապետյանի ներկայացրած տեղեկանքը վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին կասկածի տակ են դրել ընտրատարածքում գրանցված պատգամավորության այլ թեկնածուներ եւ մամուլում էլ նման հրապարակումներ եղել, հանձնաժողովը հարցում է արել հանրապետության ոստիկանության պետին: Ապրիլի 25-ին ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանի ստորագրությամբ հանձնաժողովին տեղեկանք է ներկայացվել, որ Արամ Կարապետյանը վերջին 5 տարիներին մշտապես չի բնակվել Հայաստանում: 1997թվականից հաշվառվել է Մոսկվայում: Կից ներկայացվել է նաեւ Մոսկվայի ներքին գործերի մարմիններից ապրիլի 3-ին ստացված տեղեկանքը, որով փաստվում է, որ 1997 թվականին Արամ Կարապետյանը հաշվառվել է կնոջ սեփականությունը հանդիսացող բնակարանում:

Դատարանում դիմող կողմը փաստեր էր ներկայացնում, որ Արամ Կարապետյանը 1996-1999 թվականներին սովորել է Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի դոկտորանտուրայի բաժնում, այդ ընթացքում պարբերաբար եկել է Հայաստան (սովորելու նպատակով երկրից բացակայող անձն օրենքով հաշվառումից դուրս չի համարվում): Բացի այդ Էրեբունի 24 հասցեում բնակվող երեք հարեւաններ վկայություններ տվեցին, որ Արամ Կարապետյանին հաճախ տեսել են նշված հասցեում: Թեեւ, հարկ է նշել, որ Կարապետյանին մշտական բնակության վերաբերյալ տեղեկանքը տվել է Դավիթաշենի ոստիկանությունը, որովհետեւ Կարապետյանը գրանցված է այդ համայնքում, բայց այնտեղ չի ապրում:

Դավիթաշենի ոստիկանության համապատասխան աշխատակիցների նկատմամբ ծառայական քննություն է անցկացվում Արամ Կարապետյանին մշտական բնակության վերաբերյալ տեղեկանք տալու համար:

Վիզաների եւ անձնագրային վարչության պետ Ալվինա Զաքարյանին դեռեւս պատասխանատվության չեն ենթարկել եւ ոչ էլ ծառայողական քննություն են անցկացնում, չնայած հենց այդ վարչության տված տեղեկանքի (վերջին 10 տարին Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ) հիման վրա է Արամ Կարապետյանը գրանցվել որպես նախագահի թեկնածու եւ ընտրությունների առաջին փուլում ստացել ընտրողների 3 տոկոսի քվեն:

Ապրիլի 30-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը նույն հարցով դիմել է Ալվինա Զաքարյանին եւ նույն օրն էլ պատասխան ստացել: Ըստ այդմ՝ թեեւ հոկտեմբերի 9-ին Արամ Կարապետյանին տեղեկանք տվել են 10 տարի Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ, բայց, ի հայտ եկած նոր տեղեկությունների հիման վրա, հայտնում են, որ վերջին 5 տարիներին նա Հայաստանում մշտապես չի բնակվել:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG