Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն մերժել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության առաջարկությունը


Խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Ռոբերտ Բարրին այսօր իր ձեւակերպմամբ՝ «ոչ պաշտոնական» հանդիպման էր հրավիրել հայաստանյան որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների: Բարրին անդրադարձավ քվեարկության օրը օգտագործվելիք քվեատուփերին:

ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը, առաջադիմական քայլ համարելով նախագահական ընտրությունների ժամանակ թափանցիկ քվեատուփերի կիրառումը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին դեռեւս մարտին առաջարկել էր լրացուցիչ թափանցիկ քվեատուփեր ապահովել՝ խորհրդարանական ընտրությունների երկու քվեարկությունների ընթացքում դրանց կիրառումը հնարավոր դարձնելու նպատակով: Առաջարկվել էր նաեւ գործածել երկու առանձին քվեատուփ՝ խորհրդարանական ընտրությունների եւ սահմանադրական հանրաքվեի համար, ինչը հնարավորություն կտար քվեաթերթիկների հաշվարկումը կատարել ընտրության գիշերը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, ապրիլի 30-ին, ինչպես տեղեկացրեց Ռոբերտ Բարրին, մերժել է երկրորդ թափանցիկ քվեատուփի գործածումը՝ պատճառաբանությամբ, թե Հայաստանի Ընտրական օրենսգիրքը չի տալիս նման հնարավորություն: Ռոբերտ Բարրին, մինչդեռ, այսօրվա հանդիպման ժամանակ ասաց, թե օրենսդրությունը այս առումով կտրուկ սահմանումներ չունի, հետեւաբար՝ չի արգելում երկրորդ քվեատուփի գործածումը:

Առաջարկը մերժելու պատճառաբանություններից է եղել նաեւ այն, թե ընտրատեղամասային հանձնաժողովների 9 անդամներից յուրաքանչյուրն ունի որոշակի պարտականություններ եւ դժվար կլինի վերահսկել երկրորդ քվեատուփը: Ռոբերտ Բարրին այս առումով էլ հակադարձեց, թե հանձնաժողովների 9 անդամներից միայն 4-ը ունեն կոնկրետ պարտավորություններ՝ իր չասածով փորձելով փաստարկել, թե մնացած 5-ը ազատ են:

Դեսպան Բարրին այսօր չպատասխանեց իր շոշափած հարցի շրջանակից դուրս ընկած հարցերին՝ ասելով. - «Մենք նոր ենք սկսել գործունեությունը Հայաստանում եւ այդ հարցերը հերթով ուսումնասիրելու ենք»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG