Մատչելիության հղումներ

Հայկոմկուսը երթով նշեց Աշխատանքի օրը


Հայաստանի կոմունիստական կուսակցությունը այսօր, ի նշանավորումն Աշխատանքի օրվա, որն կոմունիստները գերադասում էին կոչել հին անունով՝ Աշխատավորների միջազգային համերաշխության օր, երթ էր կազմակերպես Երեւանի կենտրոնական փողոցներով, որը ավարտվեց Հանրապետության հրապարակի մոտ կայացած հանրահավաքով: Տոնական երթը կոմոնիստները չվարանեցին օգտագործել քարոզչական նպատակներով:

Խորհրդային Միության եւ Խորհրդային Հայաստանի դրոշներով, կարմիր ցուցապաստառներով երթը Հայաստանի նախագահի նստավայրի մոտ մի պահ կանգ առավ, «Հեռացի'ր» վանկարկեց ու շարունակեց ճանապարհը՝ հասնելով Հանրապետության հրապարակի մոտ, ուր անցկացրեց հանրահավաք:

Միջոցառման կազմակերպիչները, անշուշտ, օգտագործեցին առիթը այն նաեւ քարոզչական նպատակներին ծառայեցնելու համար: Հայկոմկուսը, որը ներկայումս ներկայացված է խորհրդարանում, վերջին երկու տարիներին պառակտվեց՝ ծնունդ տալով Հայաստանի նորացված կոմուսին, որն առանձին է մասնակցում առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Կոմկուսի ղեկավար անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նորիկ Պետրոսյանը, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, թե որոշ տեսաբաններ կարծիքով, կոմկուսը չի հաղթահարի 5 տոկոսի շեմը, ասաց, թե դա կլինի «հայ ժողովրդի դժբախտությունը»:

Հանրահավաքում բոլոր ելույթներն ավարտվում էին առաջիկա ընտրություններում ձայնը կոմունիստներին տալու կոչով:

Իսկ գործող իշխանություներից դժգոհելու բազմաթիվ պատճառներից մեկն էլ հռետորներից մեկը ձեւակերպեց այսպես. - «Համարվելով [Հայաստանի ղեկավաները] կապիտալիստական աշխարհի ներկայացուցիչներ չեն կարողանում անգամ շահագործել հայ ժողովրդին՝ աշխատացնել»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG