Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն խիստ գնահատական է տալիս նախագահական ընտրություններին


«Փետրվարի 19-ի եւ մարտի 5-ի նախագահական ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին: Դրանց ընթացքում չեն ապահովվել հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար, իսկ քվեարկության, քվեաթերթիկների հաշվման եւ արդյունքների ամփոփման ժամանակ թույլ են տրվել լուրջ խախտումներ, ներառյալ քվեատուփերի լցոնումը»: Սա է հայաստանյան անցած ընտրությունների ընդհանուր գնահատականը ԵԱՀԿ դիտորդական առաքելության այսօր հրապարակած եզրափակիչ զեկույցում:

Փաստաթուղթը, որը շատ ավելի խիստ ու կոնկրետ է, քան նույն առաքելության փետրվարի 20-ին հրապարակած նախնական եզրակացությունը, փաստում է, որ «ընտրությունների ժամանակ քաղաքական մթնոլորտը Հայաստանում աղճատվեց սպառնալիքներով, ընտրարշավի առանձին ընդհատումներով եւ բռնությամբ ուղեկցվող լուրջ միջադեպով»: Խոսքը, ըստ երեւույթին, պատգամավոր Հայկ Բաբուխանյանին դանակահարելու մասին է:

«Ընդդիմության հետ կապված մի շարք մարդիկ ազատվել են աշխատանքից կամ նման սպառնալիքի են ենթարկվել», - մանրամասնել են դիտորդները: - «Հավաստի տվյալներ կան, որ ընդդիմության ընտրարշավին մասնակցող մարդիկ զգուշացվել են, թե չպետք է նման բան անեն, խանութպանները սպառնալիքներ են ստացել՝ թե չպետք է թույլ տան ընդդիմադիր թեկնածուներին փակցնել իրենց պաստառները: Կա ակնհայտ դեպք, երբ գյուղի ղեկավարությունը հորդորել է գյուղացիներին աջակցել գործող նախագահին՝ սպառնալով հակառակ դեպքում զրկել նրանց կենցաղային հարմարություններից»:

Հասարակական ռեսուրսները, ըստ ԵԱՀԿ դիտորդական առաքելության եզրակացության, օգտագործվում էին հօգուտ գործող նախագահի: Նման փաստեր դիտորդները արձանագրել են երկրով մեկ: Տեղական մակարդակի քաղաքացիական ծառայողները, իրենց պարտականությունները կատարելուն զուգահեռ, զբաղված էին գործող նախագահի քարոզարշավով: Երկրի տարբեր վայրերում հանրային աշխատողներին, գործարանային բանվորներին, ուսուցիչներին եւ ուսանողներին կարգադրություն էր տրվում մասնակցել գործող նախագահի թիմի կազմակերպած հանրահավաքներին: Դիտորդները կոնկրետացնում են՝ Շիրակի, Լոռվա եւ Գեղարքունիքի մարզերում դպրոցները փակվում էին, իսկ մանկավարժներին եւ աշակերտներին հրահանգ էր տրվում գնալ հանրահավաքի:

Փաստելով, որ հեռուստատեսությունը Հայաստանում հիմնական լրատվամիջոցն է, զեկույցի հեղինակները արձանագրում են, որ Հանրային հեռուստատեսությունը ակնհայտորեն կողմնակալ էր գործող նախագահի օգտին. դրա հաղորդած լուրերը, իրադարձությունների լուսաբանումը եւ մյուս ծրագրերը անաչառ չէին: Զեկույցում փաստվում է, որ մասնավոր հեռուստակայանները նույնիսկ ավելի կողմնակալ էին: Նույն բացասական գնահատականն են տվել զեկույցի հեղինակները «Հայաստանի Հանրապետություն» թերթին՝ կարծիք հայտնելով, որ այդ պարբերականը պարզապես խախտել է Ընտրական օրենսգիրքը:

Ընտրական հանձնաժողովների կազմավորման եղանակը, նշվում է զեկույցում, հանգեցրել է այն բանին, որ դրանք դարձել են քաղաքականապես չհավասարակշռված եւ կորցրել են ընդդիմության վստահությունը: Դիտորդների արձանագրմամբ՝ առանձնապես մտահոգիչ է, որ իշխանությունները օրենքի ակնհայտ խախտումների դեմ միջոցներ չեն ձեռնարկել, հատկապես՝ երկու փուլերի միջեւ ընկած ժամանակաշրջանում:

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին, ԵԱՀԿ դիտորդները անսովոր փաստեր են մատնանշում: Առաջին փուլում 12 ընտրատեղամասում անխտիր բոլոր ընտրողները քվեարկել են Ռոբերտ Քոչարյանի օգտին: Երկրորդ փուլում 200 տեղամասում նա ստացել է ձայների 90 տոկոսից ավելին: 20 տեղամասերում քվեարկությանը մասնակցել են անխտիր բոլոր ընտրողները: Այդ նույն երկրորդ փուլում դիտորդները լցոնում են արձանագրել 71 տեղամասերում, դրանցից 69-ում Քոչարյանը ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը:

Ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը հատուկ աշխատանքային խումբ ստեղծեց, որին դիտորդները ներկայացրել էին խախտումների բազմաթիվ ապացույցներ. Հանրային հեռուստատեսության եւ մամուլի կողմնակալության վերլուծություն, հասարակական օբյեկտների ցուցակը, որոնք օգտագործվել են գործող նախագահի ընտրարշավի համար, լուսանկարներ, որոնցում պատկերված է, թե ինչպես են լցոնվում քվեատուփերը, 100 ընտրատարածքներում գրանցված բազմաթիվ խախտումների ցանկ, կնքված քվեաթերթիկներ, որոնք շրջանառվել են տեղամասից դուրս եւ բազմաթիվ այլ վկայություններ:

Թեեւ այդ խմբի որեւէ գնահատական հրապարակավ չի հնչել, ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը պնդում է, որ աշխատանքային խումբը հրապարակել է իր զեկույցը մարտի 28-ին՝ հիմնականում հերքելով դիտորդական առաքելության ներկայացրած փաստերն ու հետեւությունները: Դիտորդական առաքելությունը, սակայն, պնդում է իր ներկայացրած ապացույցների ու եզրակացությունների վրա:

Զեկույցի ընդհանուր եզրակացությունը հետեւյալն է. - « 2003 թվականի նախագահական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, տեխնիկական կամ արարողակարգային վրիպակների արդյունք չեն, այլ հետեւանք են այն բանի, որ իշխանությունները բավարար քաղաքական կամք չդրսեւորեցին ազատ եւ ազնիվ ընտրություններ ապահովելու համար: Ընտրական գործընթացի նկատմամբ վստահության վերականգնումը իշխանություններից կպահանջի կոնկրետ եւ գործուն միջոցներ՝ ներառյալ պատասխանատվության հստակ ընդունումը եւ այն մարդկանց պատասխանատվության ենթարկելը, ովքեր ոտնահարել են օրենքը, մանավանդ՝ եթե նրանք պաշտոնյաներ են»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG