Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան դրական է գնահատում հայաստանյան զորավարժությունների նախապատրաստումը


Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, ծովակալ Ռայնե Ֆայստի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահի, արտգործնախարարի եւ պաշտպանության նախարարների հետ:

Հանդիպումների ավարտին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի հետ համատեղ ասուլիսում Ֆայստը ասաց, որ գալիք ամռանը Հայաստանում անցկացվելիք «Համագործակցային լավագույն ջանքեր-2003» ՆԱՏՕ-ի եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի անդամ 17 երկրների զինված ուժերի մասնակցությամբ զորավարժությունները Հայաստանի համար «լավ հնարավորություն է հանրությանը ցույց տալու համար, որ խաղաղ ապրել ցանկացող երկիր է»:

Ծովակալ Ֆայստը նշեց, որ եղել է Ռազմական ինստիտուտում ու տեսել, թե արդեն իսկ ինչպիսի ջանքեր են գործադրվել զորավարժությունները պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով՝ գնահատելով կատարված աշխատանքը:

Ավելի վաղ, ծովակալի եւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպման ընթացքում նշվել էր, որ դրանց անցկացումը Հայաստանում կարող է դրականորեն անդրադառնալ երկրի միջազգային վարկանիշի վրա եւ էապես նպաստել Հայաստանի անվտանգության ու պաշտպանական ունակությունների ամրապնդմանը:

Ասուլիսում անդրադառնալով Հայաստանի զինված ուժերի մասնակցությանը Բալկաններում խաղաղարար առաքելությանը՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, ինչպես Ռայնե Ֆայստը, այնպես էլ Միքայել Հարությունյանը նշեցին, որ դա Հայաստանի որոշելիք հարցն է:

«Եթե ունենք խաղաղարար ուժեր, նրանք պետք է զբաղվեն իրենց գործով», - նշեց Հարությունյանը:

Նախագահ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում, ինչպես հաղորդել է նախագահի մամլո գրասենյակը, կողմերն ընդգծել են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Ռոբերտ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականի այցը եւս մեկ քայլ կլինի հարաբերությունների ամրապնդման գործում: Զրուցակիցները նաեւ գոհունակությամբ նշել են, որ տարեցտարի թե քանակական, եւ թե որակական առումով աճում են համատեղ իրականացվող ծրագրերը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG