Մատչելիության հղումներ

Ծեծի է ենթարկվել «Չորրորդ իշխանություն» շաբաթաթերթի աշխատակիցը


Ընդդիմադիր «Չորրորդ իշխանություն» թերթի խնբագրությունում այսօր ծեծի է ենթարկվել թղթակից Մհեր Ղալեչյանը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց տուժած լրագրողը, իրեն ծեծի ենթարկած երկու տղամարդկանցից մեկին ինքը ճանաչում է որպես Գեղամ Պետրոսյան՝ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Կառլոս Պետրոսյանի ազգական:

Ղալեչյանի փոխանցմամբ, ինքը Գեղամ Պետրոսյանի հետ զրուցել էր երեկ, եւ վերջինս պահանջել էր հերքում տպագրել «Չորրորդ իշխանության» մի հրապարակման կապակցությամբ՝ թե դրանում հիշատակված տնամերձ հողամասը կապ չունի Կառլոս Պետրոսյանի հետ, այլ պատկանում է իրեն: Հերքումն այսօր տպագրվել է թերթում՝ հետգրությամբ, որում, մասնավորապես ասված է. - «Քանի որ մենք չենք տեսել Գեղամ Պետրոսյանի անձը հաստատող որեւէ փաստաթուղթ, առայժմ ձեռնպահ ենք մնում մեկնաբանություններից»:

Հերքումով, հավանաբար, չբավարարված այցելուներին Մհեր Ղալեչյանը, թեեւ նշված հրապարակման հեղինակը չէ, խորհուրդ է տվել դիմել դատարան: «Դրանից հետո ասացին՝ մենք դատի չենք տալու, մենք քեզ այստեղ կսպանենք», - շարունակեց տուժած լրագրողը: - «Ես իրենց դուրս հրավիրեցի, հարձակվեցին վրաս»:

Ժամանած «Շտապ օգնության» անձնակազմը արձանագրեց «միջին աստիճանի ծանրության գլխի վնասվածք»: «Վերջնական ես չեմ կարող ասել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Շտապ օգնության» ներկայացուցիչ Նունե Ղամբարյանը: - «Հիվանդանոցում պետք է գործիքային հետազոտության անեն, որպեսզի պարզեն»:

Միջադեպի ականատեսներից «Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանը Արմեն Բաղդասարյանի խոսքերով, ինքը հարեւան սենյակից լսելով աղմուկը, շտապել է այնտեղ եւ տեսել, որ երկու այցելուները հարձակվել են Ղալեչյանի վրա: «Ես բաժանեցի նրանց ու դուրս հրավիրեցի խմբագրությունից», - շարունակեց Բաղդասարյանը: - «Հետո տեսա, որ Մհեր Ղալեչյանը ամբողջովին արյան մեջ կորած է»:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG