Մատչելիության հղումներ

logo-print

Ընտրատարածքային հանձնաժողովը անվավեր է ճանաչել Արամ Կարապետյանի գրանցումը


Թիվ 17 ընտրատարածքային հանձնաժողովը շաբաթ օրը գումարված նիստում անվավեր է ճանաչել «Հեռանկար» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, անցած նախագահական ընտրություններում չորրորդ հորիզոնականը զբաղեցրած թեկնածու Արամ Կարապետյանի գրանցումը՝ որպես մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուի:

Ընտրատարածքային հանձնաժողովը վերանայել է Կարապետյանի գրանցման մասին սահմանված կարգով ու սահմանված ժամկետում իր իսկ ընդունած որոշումը՝ հիմնվելով, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հանձնաժողովի նախագահ Արայիկ Մատինյանը, ոստիկանությունից ստացված փաստաթղթի վրա: Ըստ այդմ՝ Արամ Կարապետյանը վերջին 5 տարիների ընթացքում մշտապես չի բնակվել Հայաստանում:

Արամ Կարապետյանը, ինչպես արդեն նշվել է, անցած նախագահական ընտրություններին գրանցվել էր որպես նախագահի թեկնածու եւ ստացել քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների շուրջ 3 տոկոսը:

Հայաստանի Սահմանադրությամբ, նախագահի թեկնածու գրանցվելու համար պահանջվում է վերջին ոչ թե 5, այլ 10 տարիների մշտական բնակություն Հայաստանում: Այս կապակցությամբ Արայիկ Մատինյանը ասաց, թե իրենց որոշումը հիմնված է ոստիկանության տրամադրած փաստերի հիման վրա, իսկ մնացածը իրենց «չի հետաքրքրում»:

«Մենք իրավասու չենք հետաքրքրվելու, թե նախորդ ընտրություններում ինչ է եղել, ինչ չի եղել», - ասաց Մատինյանը:

Ոստիկանության նույն ստորաբաժանումը, ստացվում է, մի քանի ամիս առաջ նույն մարդուն փաստաթուղթ էր տվել 10 տարվա բնակության մասին, նրա անունը օրինականորեն եղել է քվեաթերթիկում, եւ տասնյակ հազարավոր մարդիկ իրենց ձայնը տվել էին Արամ Կարապետյանին, ով, ինչպես պարզվում է, նախագահի թեկնածու գրանցվելու իրավունք էլ չուներ:
Վաղը, մինչդեռ, Արամ Կարապետյանի անունը արդեն «Արդարություն» դաշինքի համամասնական ցուցակում մնալու հարցը քննարկելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: 5 տարվա մշտական բնակության պահանջը տարածվում է նաեւ համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների վրա:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, փաստը մեկնաբանելու՝ «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին ի պատասխան ասաց. - ««Տեղյակ չեմ... Եթե այդպիսի խնդիր գոյություն ունի, Արամ Կարապետյանը պետք է դիմի դատարան եւ իր ոտնահարված իրավունքները պաշտպանի»:

Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար անդամ, պատգամավոր Գրիգոր Հարությունյանը, մինչդեռ, մեկնաբանելով ընտրատարածքային հանձնաժողովի այդ որոշումը, այդ բնութագրեց որպես «քաղաքական եւ ոչ իրավական»:

Արամ Կարապետյանը միակը չէ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքից, ում մերժվել է գրանցումը: «Սահմանադրական իրավունք» միության ղեկավար անդամ Հայկ Բաբուխանյանը, օրինակ, ով 1999-ին ներկայացված փաստաթղթերով ընտրվել էր պատգամավոր, նույն փաստաթղթերը ներկայացնելով, այս անգամ չի գրանցվել՝ հայտարարագիրը կեղծելու հիմնավորմամբ: Բաբուխանյանի հայցը մերժվել է Արաբկիր համայնքի առաջին ատյանի դատարանում, ու նա պատրաստվում է բողոքարկել այդ որոշումը:

«Արդարություն» դաշինքի առաջնորդներից պատգամավոր Շավարշ Քոչարյանը նման հայցերը մերժելու համար չի մեղադրում դատարաններին: «Խնդիրն այն է, որ մենք գործ ունենք մի ռեժիմի հետ, որտեղ ամեն ինչ վերահսկելի է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Եվ եթե դատարանը կայացնում է այս կամ այն որոշումը, ուրեմն հրահանգը վերեւից է գալիս: Սա է ամենացավալին»:

Իսկ նման գործերի թիվը դատարաններում այսօր շուրջ մեկ տասնյակ է:


Շաքե Ավոյան եւ Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG