Մատչելիության հղումներ

logo-print

Վահան Հովհաննիսյան. - «Հինգ տարիների ընթացքում Քոչարյանը չկարողացավ հաստատել արդարություն»


«Ուժեղացրեք մեզ, տվեք մեզ ձեր ձայները, որպեսզի մենք կարողանանք Ազգային ժողովում անել այն, ինչ դուք սպասում եք», - երկուշաբթի օրը «Մետրո» թատրոնի դահլիճում հավաքված մոտ հինգ հարյուր ընտրողների հետ հանդիպման ժամանակ հորդորեց Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

Բացատրելով իրենց «Արդարություն եւ աշխատանք» կարգախոսը, Հովհաննիսյանը ասաց, որ առանց արդարության աշխատանքը քիչ է՝ այդ առիթով բացատրելով նաեւ, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը առաջին փուլով չընտրվեց: «Որովհետեւ իր հինգ տարիների ընթացքում Քոչարյանը չկարողացավ անել այն, ինչը հուսով ենք, պետք է անի եւ խոստացել է, որ պետք է անի եկող հինգ տարիներում՝ չկարողացավ հաստատել արդարություն», - ասաց Հովհաննիսյանը:

Արդեն հանդիպումից հետո, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու նույն բանը չէր ասում նախագահական ընտրարշավի ժամանակ, երբ նույն հրապարակում կանգնած էր Ռոբերտ Քոչարյանի կողքին, Հովհաննիսյանը ասաց, թե նույն օրերին այդ մասին խոսել է հարցազրույցներում:

«Բնական է, որ այդ թեման մենք հիմնականում թողնում էինք նրան [Քոչարյանին]», - ավելացրեց նա՝ բացատրելով. - «Նախագահ Քոչարյանը թեկնածու առաջադրվելիս մեզ հետ հանդիպմանն ընդունել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը չի հաջողել: Պատճառների մասին չխոսենք, բայց հիմա դա նա վերցնում է որպես իր հիմնական թիրախ: Կոռուպցիան վերացնելը դարձնում է իր հիմնական խնդիրը»:

Հավաքված ընտրողներին իրոք հուզում էին հատկապես կոռուպցիայի վերացման հարցերը, երբեմն նույնիսկ չգիտակցված, ինչպիսին, ասենք, հարկային անհավասարությունն է կամ թաղային լիազորի՝ փաստաթուղթ տալու դիմաց կամայականությունը:

Խորհրդային տարիներին Շենգավիթ համայնքում կենտրոնացած հզոր արդյունաբերական, իսկ հիմա հիմնականում չաշխատող գործարանների այս համայնքը գործազրկության ու անխնամության արանքում է խարխափում: Հավաքված մարդիկ, հիմնականում, թերահավատ էին առաջիկա խորհրդարանական ընտրություններն արդար անցնելու հավանականության հանդեպ:

«Դաշնակցականները արդարություն սիրում են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հանդիպման մասնակիցներից ՀՅԴ շարքային մի անդամ: - «Բայց չեմ ակնկալում Հայաստանում արդար ընտրություն»:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG