Մատչելիության հղումներ

Նորվեգիան 100 հազար եվրո է տրամադրել Հայաստանի ոստիկանությանը


Երկօրյա այցով Հայաստանում գտնվող Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Քեննեթ Նոբլը բարձր է գնահատում Հայաստանի իրավապահ մարմինների համագործակցությունն իր ղեկավարած կառույցի հետ: Նրա տեղեկացմամբ, համաձայնություն է ձեռք բերվել, եւ Նորվեգիայի կառավարությունը 100 հազար եվրոյի դրամաշնորհ է տրամադրելու Հայաստանի ոստիկանության տեխնիկական վերազինմանը:

«Ինտերպոլը վերջերս մշակել է մի նոր աշխարհատարած գլոբալ հաղորդակցական համակարգ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց Ինտերպոլի գլխավոր քարտուղարը: - «Երեւան կատարած իմ այցի նպատակն է այս առումով եւս ավելի սերտացնել Հայաստանի հետ առանց այդ էլ գոյություն ունեցող համագործակցությունը: Այդ համակարգի ներդրումը հնարավորություն կտա, որպեսզի շատ արագ ուղարկվեն ու ստացվեն լուսանկարներ, մատնահետքեր, տեղեկատվություն գենետիկ կոդի մասին»:

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ընթացքում Քեննեթ Նոբլը, բարձր գնահատելով Հայաստանի իրավապահ մարմինների, ոստիկանության, նրա առանձին կառույցների աշխատանքը, ասել է, որ նոր համակարգի ներդրման դեպքում Ինտերպոլի 151 անդամների մեջ Հայաստանը կդառնա ժամանակակից բարձրորակ սարքավորումներով հագեցած համակարգ ունեցող 50-րդ երկիրը:

Պատասխանելով Հայաստանի քաղաքացիների նկատմամբ Ինտերպոլի կազմակերպած հետախուզմանը վերաբերող հարցին, Նոբլը նախ ասաց, թե միջազգային հետախուզում իրականացնելու եւ հանցագործություններ կատարած անձանց ձերբակալելու խնդրանքներ ներկայացնելու առումով Հայաստանը «աշխարհի լավագույն երկրներից է»:

«Ձեր երկիրը 372 հարցում է արել, որի արդյունքում 134 անձ հայտանաբերվել է,115-ը ձերբակալվել, իսկ 45-ը արդեն հանձնվել են Հայաստանի իշխանություներին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Քեննեթ Նոբլը:

Հայաստանը Ինտերպոլի անդամ է դարձել 1993 թվականին, երբ ներքին գործերի նախարարը այն տարիներին Հայաստանում ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր՝ Վանո Սիրադեղյանը, ով ներկայումս Ինտերպոլով հետախուզվողների թվում է:

Ինտերպոլի գլխավոր քարտուղարը այսօր մեկնեց Վրաստանի մայրաքաղաք՝ մասնակցելու ապրիլի 29-30-ը այնտեղ կայանալիք ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին: Թբիլիսյան նիստին մասնակցելու է մեկնել նաեւ Հայաստանի պատվիրականությունը՝ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG