Մատչելիության հղումներ

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրն է


Հարյուր հազարավոր մարդիկ առավոտից երթով գնում են դեպի Ծիծեռնակաբերդի բարձունքը՝ ծաղիկներ ու պսակներ դնելով Հայոց եղեռնի զոհերի հուշահամալիրին, մեկ րոպե լռությամբ հարգում 1,5 միլիոն անմեղ կոտորվածների հիշատակը:

Ամենայն հայոց կաթողիկոսը ու երկրի բարձագույն իշխանությունը՝ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, կառավարության անդամները հուշահամալիր այցելեցին առավոտյան ժամը 10-ին: Գարեգեն Բ կաթողիկոսը այստեղ հոգեհանգստյան արարողություն մատուցեց:

Ինչպես Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, երբ աշխարհին ներկայացնում ենք մեր պատմությունը, մեկ նպատակ ենք հետապնդում՝ որպեսզի ոչ մի ժողովուրդ նման ողբերգություն չապրի:

Նախագահ Քոչարյանը չխոսեց, սակայն հրապարակվել է նրա գրավոր ուղերձը, ուր վերահաստատված է, որ ցեղասպանության ճանաչման հարցը շարունակում է մնալ մեր արտաքին քաղաքականության օրակարգում. - «Մենք ելնում ենք այն համոզմունքից, որ մարդկության դեմ կատարված հանցագործությունը պետք է ճանաչվի եւ դատապարտվի ողջ մարդկության, այդ թվում եւ Թուրքիայի հասարակության կողմից»: Ուղերձում նշվում է նաեւ, որ Հայաստանն անկեղծորեն ձգտում է բնականոն հարաբերություններ ունենալ բոլոր հարեւան երկրների հետ:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպիսի՞ դերակատարություն պետք է ունենա հայ մտավորականը. ինչ-որ չափով մեղմի՞ Ցեղասպանության ընկալումները, նայի ապագայի՞ն, թե՞ անցյալին, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը ասաց. - «Մշակույթի եւ գրականության գործիչները պիտի կարողանան բորբոք պահել էս ցավը, որովհետեւ շրջակա իրադրություններով ամեն ինչ արվում է, որպեսզի մոռացության տրվի»:

Մինչեւ օրս աշխարհի 12 երկրների խորհրդարաններ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Սակայն 2001 թվականից հետո, երբ Ֆրանսիան օրենքի ուժով ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, որեւէ այլ մեծ երկրի խորհրդանան այս հարցին չի անդրադարձել: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը դա պայմանավորում է նաեւ Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի գործունեությամբ:

«Գերմանիայի բունդեստագի օրակարգում դրված էր Հայոց ցեղասպանության դատապարտման հարցը: Սակայն, երբ մեջտեղ եկավ այդ հանձնաժողովը, Բունդեստագը որոշում կայացրեց օրակարգից հանել այդ հարցը, սպասել, թե այդ հանձնաժողովը ինչ արդյունքների կհասնի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բարսեղյանը:


Հայաստանում արդեն պատրաստվում են Ցեղասպանության 90-րդ տարելիցին: Արդեն ստեղծվել է պետական հանձնաժողով՝ վարչապետի գլխավորությամբ: Լավրենտի Բարսեղյանի խոսքերով, կազմվել է մեծ ծրագիր, որով առաջարկվում է մասնավորապես մոտակա 2 տարիների ընթացքում Ծիծեռնակաբերդում ստեղծել Արեւմտյան Հայաստանի ժողովրդական ճարտարապետության եւ կենցաղի թանգարան, կառուցել թանգարանի երկհարկանի նոր շենք, ուր ներկայացվելու են հայկական սփյուռքի համայնքները, ցուցադրվելու են ցեղասպանության թեմայով արվեստի գործեր: Առաջարկ կա նաեւ Ծիծեռնակաբերդում կառուցել հայոց նահատակների եկեղեցի:

Ընդդիմության ներկայացուցիչներից Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց, որ «մեր իրավունքը ավելի իրական, կիրառելի դարձնելու համար, մեր տան մեջ պետք է լինենք ազնիվ ու արդար: «Արդարությունը մեր օջախում կերտենք, եւ այդ արդարությունը արդեն հետո կիրառենք մեր բոլոր իրավունքների իրականացման գործում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Մեր երկրում տեղի ունեցածը եւ աշխարհից պահանջածը ուղղակի կապի մեջ են իրար հետ»:

Մինչդեռ ընդդիմության հիմնական ուժը՝ «Արդարություն» դաշինքը Ծիծեռնակաբերդ հասավ Մատենադարանի մոտից սկսված երթով:

«Ընդդիմություն, իշխանություն այս խնդրում չկա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ընդդիմության ղեկավարներից Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը՝ ավելացնելով. - «Եթե ես լինեի նախագահը, ես կհրավիրեի բոլոր գլխավոր քաղաքական ուժերին եւ կառավարության, Ազգային ժողովի եւ կուսակցությունների հետ միասին կայցելեի»:

Ընդդիմության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի խոսքերով, Ցեղասպանության ճանաչումը , անկախ քաղաքական դիրքորոշումից, համազգային խնդիր է: Նա ավելացրեց, որ Ցեղասպանության զոհերի հիշատակը պետք է գործերով հարգել՝ «ամրապնդելով մեր պետականությունը, ստեղծելով մի պետություն, որի բարձրագույն արժեքը քաղաքացին է եւ որտեղ քաղաքացու արժանապատվությունը պաշտպանված է»:


Հրաչ Մելքումյան եւ Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG