Մատչելիության հղումներ

Թուրքիան բողոքում է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի բացման կապակցությամբ


Անկարա («Ֆրանս Պրես» գործակալություն). - Հինգշաբթի օրը Թուրքիան խիստ դժգոհություն է արտահայտել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի բացման կապակցությամբ:

Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ ասված է, որ «ատելության այդ հուշարձանի» բացումը Անկարայում «ափսոսանք ու դժգոհություն» է հարուցել: Հուշարձանը բացվել է հինգշաբթի առավոտյան Փարիզի կենտրոնում գտնվող հրապարակներից մեկում՝ չնայած դրան խոչընդոտելու Թուրքիայի ջանքերին:

2001 թվականին, երբ Ֆրանսիայի խորհրդարանը ընդունեց օրենք, որով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչեց, կտրուկ վատացան երկողմ հարաբերությունները: Անկարան այն ժամանակ չեղյալ հայտարարեց ֆրանսիական մի շարք ընկերությունների հետ կնքված պայմանագրերը: Երկու երկրների փոխհարաբերությունները միայն վերջերս էին սկսել կրկին ջերմանալ:

«Խիստ ցավալի է, որ խորը արմատներ ունեցող թուրք-ֆրանսիական կապերը, որոնք դեռ կարիք ունեն թոթափելու 2001 թվականի այսպես կոչված Հայկական ցեղասպանության մասին օրենքի բացասական ազդեցությունը, շարունակում են լարված պահվել՝ ի շահ պատմությունը խեղաթյուրող երրորդ կողմի քաղաքականության», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Անկարան հավատացած է, թե Ֆրանսիայի քաղաքական գործիչները պաշտպանում են Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացները՝ ֆրանսահայ բավական խոշոր գաղութի համակրանքը շահելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG