Մատչելիության հղումներ

logo-print

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կանխատեսմամբ, տնտեսական աճը Հայաստանում կդանդաղի


Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գնահատմամբ, Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրներում, այդ թվում Հայաստանում, տնտեսական աճը այս տարի կզիջի նախորդ տարվա ցուցանիշին: Անցած տարվա 4, 8 տոկոսի դիմաց տնտեսական աճը ԱՊՀ երկրներում կանխատեսվում է 4,5 տոկոս։ ԱՊՀ երկրներում տնտեսական աճի դանդաղումը եվրոպական փորձագետները բացատրում են ներդրումների եւ արտադրողականության ցածր մակարդակով։

Ի հեճուկս միջազգային ֆինանսական կառույցների հոռետեսական կանխատեսումների, Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել երկնիշ թվով: Համենայնդեպս, մեր պաշտոնական վիճակագրությունը նման թվեր է մատուցում: Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով, Հայաստանի համախառն ներքին արդյունքն աճել է 11,2 տոկոսով, իսկ սղաճը կազմել է ընդամենը 0,6 տոկոս։ Սա ԱՊՀ երկրներում տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշներից է։

Վերջերս Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի տնտեսության համար 7 տոկոսանոց աճ էր կանխատեսել։ Մեկնաբանելով այս կանխատեսում-գնահատականը, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն ասաց, որ դա նվազագույն գնահատական է, որ տրվել է՝ հաշվի առնելով այս տարվա բոլոր մակրոտնտեսական ռիսկերը:

«Մեր էքսպերտների գնահատականները ցույց են տալիս, որ տնտեսական աճը 2003 թվականի ընթացքում կլինի 7-ից ավելի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սարգսյանը՝ ավելացնելով. - «Չնայած որ՝ մեր ծրագրի հիմքում ընկած է 7 տոկոսը»:

Բոլոր դեպքերում Կենտրոնական բանկը իր քայլերը իրականացնում է՝ ելնելով այդ գնահատականից։ Թեեւ հանգամանքների ավելի բարենպաստ համադրման դեպքում, ըստ Սարգսյանի, վարվող քաղաքականությունը որոշ չափով կճշգրտվի. - «Եթե տեսնենք, որ տնտեսական աճը ավելին է, քան ծրագրավորված է, ապա մենք պատրաստ ենք վերանայել մեր ծրագիրը, որպեսզի կարողանանք սպասարկել ավելի մեծ տնտեսական աճը»:

Հայաստանի տնտեսության այս եւ հաջորդ տարվա աճի վերաբերյալ ամփոփ կանխատեսում-գնահատական է հրապարկել նաեւ «Սեդ-Մարսեդ» խորհրդատվական ընկերությունը՝ հիմնվելով տեղական եւ արտասահմանյան 22 հեղինակավոր փորձագետների գնահատականների վրա։ Այդ կանխատեսման համաձայն՝ Հայաստանի տնտեսությունը այս տարի աճի ավելի ցածր տեմպ կունենա, քան նախորդ երկու տարիներին: Ըստ այդմ՝ այս տարի համախառն ներքին արդյունքը կաճի 8,7 իսկ հաջորդ տարի՝ 8,9 տոկոսով։

«Սեդ-Մարսեդ»-ի տնօրեն Տիգրան Ջրբաշյանը հնարավոր է համարում, որ փորձագետների նման զգուշավոր գնահատականը պայմանավորված լինի 2003 թվականի ընտրությունների հանգամանքով։ Հարցմանը մասնակցած փորձագետների կանխատեսմամբ, այս տարվա արդյունքներով արդյունաբերությունը եւս կնվազեցնի աճի տեմպը՝ կազմելով 9,2 տոկոս՝ անցյալ տարվա 14,2 տոկոսի դիմաց։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG