Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Պաթետիկ, սնամեջ խոսքերով անզորություն քողարկելու պահն անցած փուլ է, եւ իբրեւ սեփական ոտքերի ու հողի ամրությունն զգացող ժողովուրդ ու երկիր, մենք աստիճանաբար կարողանում ենք ասել մեր խոսքը, այլ ոչ թե ուրիշինը կրկնել», - ընդգծում է այսօր «Հայաստանի Հանրապետություն» թերթը: - «Առավել եւս, երբ խնդիրը ցեղասպանությունն է: Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելով հանդերձ՝ պիտի կարողանանք վերջնականապես մոռանալ լացը իբրեւ զենք, պիտի կարողանանք որպես մեր պահանջներին ներկայացում՝ մեր զարգացումը վկայակոչել»:

«Երկարատեւ ու մանրակրկիտ աշխատանքն էր, որ ձեւավորեց այս մթնոլորտը, քաղաքական, իրավական ու բարոյական հիմնավորումների ողջ շղթան, որով հնարավոր դարձավ միջազգային տարբեր ատյաններում խոսել Հայոց ցեղասպանության փաստի մասին եւ վերջապես այն դարձնել նաեւ քաղաքական բանաձեւեր, օրենքներ ու որոշումներ», - արժեվորում է «Երկիր» թերթի խմբագրականը: - «Այս ընթացքը մեկ անգամ եւս փաստում է, որ հնարավոր է ցանկացած նպատակ ի կատար ածել, եթե դրա համար կա քաղաքական կամք, համառություն եւ զոհաբերության պատրաստակամություն»: «Իհարկե, կլինեն խոտորումներ, կլինեն ընկրկողներ, եւ կան այդպիսինները, որոնք այս կամ այն ցուցանակով փորձում են թնջուկի լուծված լինելու կեղծ պարտանքներ ստեղծել... Կլինեն ընկրկողներ, որոնք իրենց կկոչեն «հաշտարարներ», «երկխոսություն վարողներ», բայց», - նշում է «Երկիր»-ը, - «նրանց մտահոգությունը մեր ժողովրդի մեծագույն ողբերգությունը համապատասխան հատուցմամբ սպիացնելը չէ, այլ ուղղակի հարցը միջազգային ատյանների օրակարգերից հանելը՝ որոշ քաղաքական շրջանակների ազատելով այդ «գլխացավանքից»:

«Մի կողմից՝ մենք պարտադրված ենք սկզբունքորեն ընդունել երկխոսության ու փոխզիջման գաղափարը, բայց մյուս կողմից՝ պնդել Հայոց ցեղասպանությունը անվերապահորեն ճանաչելու անհրաժեշտությունը», - մեր առջեւ կանգնած երկընտրանքն է ձեւակերպել «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը՝ այդ առումով առանձնացնելով. - «Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման հրամայականի հանդեպ դիրքորոշումների բազմակարծության անթույլատրելիության հիմնահարցը ոչ թե պահանջատիրական գաղափարախոսության դիտանկյունից մարդու եւ քաղաքացու իրավունքները սահմանափակելու փորձ է, ինչպես պնդում են ոմանք, այլ ցեղասպանության փաստի հերքումը հանցագործություն համարող միջազգային իրավունքի նորմերի տեղափոխում՝ մեր իրականությունից ներս... Մինչդեռ ցեղասպանության հարցում ներքին բազմակարծության ապահովման միջոցով Թուրքիայի հետ փոխզիջում փնտրելու փորձը ոչ միայն կարող է խոցելի դարձնել Հայաստանն ու հայ հասարակությանը, այլեւ նախադրյալներ ստեղծել հանցագործության փաստը համատեղ ջանքերով պարտակելու համար», - եզրափակված է «Հայոց Աշխարհ»-ում:

«Կիեւյան կամրջից դեպի Ծիծեռնակաբերդ տանող արահետով այսօր քայլելու են բոլորը. ե'ւ նրանք, ում ընդունված է կոչել ազգային, ե'ւ նրանք, ում ընդունված է կոչել ապազգային: Եւ ինչ իմաստ ունի այդ չվերջացող քայլքը, եթե այն, ի վերջո, արժեքավոր չի դարձնելու մեր հավաքական միտքը, եթե նոր ու ավելի արժեքավոր մտքերի ու մտածումների չի հանգեցնելու մեզ». - այս հարցադրմամբ «Հայկական ժամանակ» թերթը շարունակում է. - «Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե մեր միտքը կանգ է առել դարասկզբին, ավելի ճիշտ՝ ոչ թե կանգ է առել, այլ պտտվում է նույն ու միեւնույն առանցքի շուրջ: Մեր կորուսյալ հայրենիքի ու պապերի վիշտը մեզ դարձրել է ինքնաբավ, կարծես հավերժ զբաղեցրել է մեր միտքը... Այո, մեր կորուստը ծանր է եւ անդառնալի, սակայն մեր միտքը փնթի է ու անխնամ, պրիմիտիվ ու ցուցամոլ», - որակում է «Հայկական ժամանակ»-ը՝ նաեւ շեշտադրելով. - «Մեր պապերի ճակատագիրը, իհարկե, կարեւոր է, բայց ոչ այնքան, ինչքան ճակատագիրը մեր երեխաների: Այո, իսկապես ապագան կառուցվում է այսօր: Պարզվում է, երեկ մեր պապերը չկարողացան կառուցել իրենց երեխաների ապագան, այսինքն՝ մեր այսօրը: Դա է պատճառը, որ մենք այսօր մնացել ենք առանց ներկայի: Ու մենք իրավունք չունենք մեր անցյալը կտակել մեր երեխաներին՝ որպես ապագա»:

«Այսօր աշխարհում չկա եւ վաղն էլ չի լինի որեւէ հայ, որը կարող է կամ երբեւէ պատրաստվում է մոռանալ, մերժել կամ ներել իր հայրենակիցների նկատմամբ կատարած այդ ոճրագործությունը», - ամրագրում է «Առավոտ» թերթի խմբագրականը: - «Հայերի համար ցեղասպանությունը քաղաքական բանավեճի խնդիր չէ, համենայնդեպս՝ չպիտի լինի: Դրա նկատմամբ վերաբերմունքը որեւէ կապ չունի քաղաքական հայացքների հետ: Ազատականն ու ազգայնականը, կոմունիստն ու սոցիալիստը նույն վերաբերմունքն ունեն այդ խնդրի նկատմամբ: Մարդու, ազգի արժանապատվությունը քաղաքական կատեգորիա չէ: Բայց ցավոք», - մատնանշում է «Առավոտ»-ը, - «նույնիսկ այս բոլորիս համար նվիրական եւ ընդհանուր զգացումը փորձում են քաղաքականացնել: Նույնիսկ ինքնագովազդով զբաղվել՝ իբր տեսեք, մենք ավելի հայրենասեր ենք ու ազգային, քան մեր ընդդիմախոսները... Մինչդեռ կարելի է վստահաբար ասել, որ նույնիսկ Ցեղասպանության ճանաչման համար պայքարը կախված չէ Հայաստանում ձեւավորված այս կամ այն հասարակարգից: Եղեռնի զոհերի հիշատակին հուշարձանը կառուցվել է կոմունիստական ռեժիմի օրոք, Ցեղասպանության թանգարանը՝ ՀՀՇ-ի իշխանության ժամանակ: Նույն ժամանակահատվածում Ռուսաստանի Պետդուման ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Վերջին հինգ տարվա ընթացքում նույնպես շատ բան է արվել պատմական ճշմարտությունը աշխարհին լսելի ու ըմբռնելի դարձնելու համար... Հայաստանում կան մարդիկ, ովքեր Ցեղասպանությունից էլ են ուզում քաղաքական բիզնես սարքել եւ իրենց «հայասիրությունից» ինչ-որ դիվիդենտներ կորզել: Բայց Ցեղասպանության շուրջ քաղաքական խաղերի մասին այսօր չարժե խոսել: Այսօր այդ օրը չէ», - առկախել է «Առավոտ»-ը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG