Մատչելիության հղումներ

Դատարանը մերժում է ընդդիմադիր պատգամավորի հայցը


Երեւանի Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը այսօր մերժեց ընդդիմադիր պատգամավոր Աղասի Արշակյանի հայցը՝ մեծամասնական ընտրակարգով իր գրանցումը վերականգնելու պահանջով: «Ազգային միաբանության» համամասնական ցուցակում իր վերականգնման հայցի քննությունը Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում Աղասի Արշակյանի խնդրանքով հետաձգվել է մինչեւ երկուշաբթի:

Աղասի Արշակյանի խոսքերով, դատավոր Սմբատյանը թուղթը փաստաթղթից չի տարբերել. - «Իմ հոր սեփականության վկայականի օրիգինալը փաստորեն փաստաթուղթ չհամարեց, իսկ Կադաստրի պետական կոմիտեի կողմից մի հատ քոսոտ անստորագիր թղթի կտորը համարեց փաստաթուղթ, որով ես հայտարարվեցի սեփականատեր, ինչը ես թաքցրել եմ»:

Արշակյանը հավելեց, որ նույն ձեւով 1999 թվականին հայտարարագրել էր ունեցվածքը, եւ այդ փաստաթղթերը վավեր էին համարվել, ու ինքը ընտրվել էր ԱԺ պատգամավոր:

Ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկվել է նաեւ «Սահմանադրական իրավունք» միության ղեկավար անդամ Հայկ Բաբուխանյանը՝ գրեթե նույն փաստարկով՝ թե չի հայտարարագրել հոր սեփականությունը հանդիսացող տարածքը, որտեղ ինքը համասեփականատեր է:

«Սեւը սպիտակ են ներկայացնում, սպիտակը՝ սեւ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բաբուխանյանը՝ ավելացնելով, թե ապօրինի կերպով կառուցած 3-4 հարկանի դղյակներ ունեցողները համարվում են արդար, իսկ Աղասի Արշակյանը կամ ինքը՝ կեղծարար:

Հայկ Բաբուխանյանի հայցը Արաբկիր համայնքի առաջին ատյանի դատարանում լսվելու է ուրբաթ օրը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG