Մատչելիության հղումներ

Կառավարությունը հրապարակում է 2002 թ. ձեռնարկությունների մասնավորեցմանը վերաբերող տվյալները


Պետական գույքի մասնավորեցման՝ 2002 թվականի գործընթացի արդյունքում մասնավորեցվել են 90 խոշոր եւ միջին ընկերությունների բաժնետոմսերը, որոնց վաճառքից գոյացած գումարը կազմել է շուրջ 3 միլիարդ 366 միլիոն դրամ։

Կառավարության նիստում այսօր քննարկվեց եւ հաստատվեց ընթացքի մեջ գտնվող 2001 - 2003 թվականների մասնավորեցման ծրագրի կատարման 2002 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին օրենքի նախագիծը։ Ըստ այդմ՝ անցյալ տարվա ընթացքում մասնավորեցման ներկայացված 106 ընկերությունների բաժնետոմսերից մասնավորեցվել է 90 ընկերությունների բաժնետոմսերը կամ` առաջարկվածի շուրջ 85 տոկոսը։

Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի հրապարակած տվյալներով, 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում մասնավորեցվել է 1763 խոշոր եւ միջին ընկերություն, ինչպես նաեւ՝ 7146 փոքր օբյեկտ։ Մասնավորեցման ծրագրում կան դեռեւս 592 չմասնավորեցված օբյեկտներ։

Մարկոսյանի խոսքերով, պետական գույքի՝ մրցույթով մասնավորեցման գործընթացում կարեւոր են ոչ միայն ու ոչ այնքան գույքի վաճառքից ստացված մուտքերը, այլեւ՝ գնորդի կողմից ներկայացվող ծրագիրը ներդրումների եւ ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ։

Մասնավորապես մրցույթով մասնավորեցված 18 ընկերությունների նոր սեփականատերերը ստանձնել են 845 միլիոն դրամի ներդրումային պարտավորություններ, եւ պարտավորվել են ստեղծել 700 նոր աշխատատեղ։ Մրցույթով մասնավորեցման դեպքում, որպես կանոն, պետական գույքի վաճառքի գինը գերազանցում է մեկնարկային գնին ավելի քան 50 տոկոսով։ Ըստ Մարկոսյանի, մրցույթով մասնավորեցման դեպքում տեղական եւ արտասահմանյան ներդրողները հավասար հնարավորություններից են օգտվում:

Այդուհանդերձ, մասնավորցումը ոչ միշտ է հարթ ընթանում. հաճախ հարկ է լինում դատարանների միջոցով լուծել այս կամ գույքային վեճը, լուծարել սնանկ վիճակում հայտնված ընկերությունները։ Մինչեւ 2003 թվականի հունվարի 1-ը լուծարվել են 43 ընկերություններ, ներկայումս լուծարման գործընթացի մեջ են 71-ը։



Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG