Մատչելիության հղումներ

Քոչարյանը սատարելու է իրեն սատարած ուժերին


Նախագահ Քոչարյանը երեքշաբթի օրը հայտարարեց, որ իր նախընտրական ծրագիրն ամբողջությամբ կատարելու համար անհրաժեշտ է, որ մայիսին ընտրվելիք խորհրդարանում իրեն սատարող քաղաքական ուժերը ունենան «զգալի մեծամասնություն»:

Գյուղատնտնեսական ակադեմիայի շենքում՝ նախօրոք կազմված ցուցակներով Երեւանի տարբեր բուհերը ներկայացնող ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը փաստորեն ուրվագծեց իր համար գերադասելի Ազգային ժողովի պատկերը:

«Ես մտադրություն ունեմ ծրագիրը կատարել ամբողջությամբ», - ասաց նա՝ ավելացնելով, որ դրա համար անհրաժեշտ է կայունություն եւ նախագահի ու խորհրդարանի համագործակցություն: - «Իսկ սա նշանակում է, որ այնպիսի խորհրդարան մենք պետք է ունենանք, որի հետ հնարավոր լինի աշխատել, որը չի հակադրվելու նախագահին: Իսկ սա նշանակում է, որ ինձ համար, կարծում եմ նաեւ երկրի համար շատ ավելի ցանկալի կլիներ, որ խորհրդարանում նախագահին սատարող քաղաքական ուժերը ունենան զգալի մեծամասնություն»:

Ռոբերտ Քոչարյանի խոսքերով՝ հակառակ պատկերը կլինի վատագույն սցենարը. դա կնշանակի 4 տարի իրար դեմ հանդես գալ՝ «հատկապես եթե հաշվի առնենք մեր ընդդիմության արմատական լինելու հանգամանքը»:

Հիմա էլ Ռոբերտ Քոչարյանի հերթն է սատարել այն ուժերին, որոնք նախագահական ընտրություններում սատարել էին իրեն. - «Սատարում եմ, սատարելու եմ այն քաղաքական ուժերին, որոնք կիսում էին ժողովրդին ներկայացված իմ ծրագրերը եւ որոնց հետ հույս ունեմ, որ մենք կշարունակենք մեր համագործակցությունը»:

Հանդիպման ընթացքում Քոչարյանը անդրադարձավ նաեւ Սահմանադրական դատարանի ապրիլի 16-ի որոշմանը, որը թեեւ հաստատեց Քոչարյանի վերընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, սակայն 40 ընտրատեղամասեր ստուգելու հանձնարարական տվեց գլխավոր դատախազությանը (վերջինս իր հայտարարությամբ դա համարեց ՍԴ-ի կողմից լիազորությունների գերազանցում) եւ առաջարկեց «վստահության հանրաքվե» անցկացնել:

Ռոբերտ Քոչարյանի խոսքերով՝ Սահմանադրական դատարանի եւ ընդհանարպես դատական համակարգի խնդիրը վերջակետ դնելը եւ ոչ թե նոր հարցականներ առաջացնելն է:

Նախագահը ասաց, որ Սահմանադրական դատարանի անդամները կարող էին իրենց կարծիքը գրավոր ներկայացնել նախագահին, Ազգային ժողովին, եւ ոչ թե այդ առաջարկը մտցնել դատական վճռի մեջ:

«Ընդհանրապես խուճուճ ձեւակերպված միտքը սովորաբար նշանակում է, որ այդ մտքի հետեւում կան թաքնված նպատակներ», - Սահմանադրական դատարանի որոշման գնահատականներն ամփոփելով, ասաց Ռոբերտ Քոչարյանը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG