Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր ուժերից մեկը՝ «Րաֆֆի Հովհաննիսյան դաշինքը», որը Հայաստանի առաջին արտգործնախարարի հիմնադրած «Ժառանգություն» հասարակական կազմակերպության եւ «Ազգային պետություն» կուսակցության կազմած նախընտրական միավորումն էր, ինչպես պարզվեց երկուշաբթի օրը, չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին:

«Այս հանրահանդեսին մաս չկազմելու որոշումն ընդունելով՝ փոխարենը զբաղվելու եմ մեր «Ժառանգության» շինարարությամբ», - իր գրավոր ուղերձում հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ փաստարկելով, թե հավատ չկա առաջիկա խորհրդարանական ընտրությունների նկատմամբ: Հովհաննիսյանի անունը, ի դեպ, դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված չէր:

Հայտարարությամբ հանդես են եկել նաեւ «Րաֆֆի Հովհաննիսյան դաշինք»-ի անդամ կուսակցությունները, որը ներկայացրեց համամասնական ցուցակում 4-րդ տեղը գրավող Աշոտ Աղաբաբյանը:
Նրա խոսքերով, ընտրական գործընթացների խորը ուսումասիրութունը ցույց է տվել, որ պատկան այրերն ու մարմինները ո'չ կարողություն, ո'չ էլ քաղաքական կամք ունեն թափանցիկ եւ ազնիվ ընտրություններ անցկացնելու եւ քաղաքացիների կամաարտահայտման իրավունքն ապահովելու համար. - «Չցանկանալով ակամա մասնակից դառնալ քաղաքական հերթանակ արարողությանը, «Րաֆֆի Հովհաննիսյանը դաշինք»-ի անունից մենք հրաժարվում ենք մասնակցել ընտրություններին»:

Աշոտ Աղաբաբյանն ասաց նաեւ, որ հարցը «Արդարություն» դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերի հետ չի քննարկվել: «Արդարություն» դաշինքից ՀԺԿ ղեկավար անդամ, պատգամավոր Գրիգոր Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ «ցավում» է նման որոշման կապակցությամբ՝ ավելացնելով, որ համագործակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանը հետ շարունակվելու է, քանի որ իրենք գաղափարակիցներ են:

«Րաֆֆի Հովհաննիսյան դաշինք»-ի համամասնական ցուցակի առաջատար Անահիտ Բախշյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ առաջարկը Րաֆֆի Հովհաննիսյանինն է, թեեւ ինքնաբացարկի որոշումը վերջինս միանձնյա չի կայացրել:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG