Մատչելիության հղումներ

Անցած նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանած «Օրինաց երկիր» կուսակցությունը քարոզարշավի առաջին օրը արտահերթ համագումար անցկացրեց: Կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի ներկայացրած ծրագիրը, մինչդեռ, ավելի շատ ընդդիմադիր դիրքերից էր:

Արթուր Բաղդասարյանի խոսքերով, երկրում նոր՝ «Փողի կուսակցություն» է ստեղծվել, եւ այսօր այդ կուսակցությունը «մոլեգնորեն ամրապնդում եւ հզորացնում է իր ճիրանները»:

«Այնպիսի տպավորություն է սկսվում, որ ժողովուրդը առավոտից իրիկուն աշխատում է, որպեսզի որոշ չինովնիկներ գողանան», - շարունակեց Բաղդասարյանը: «Փողի կուսակցությունը», նրա խոսքերով, փորձելու է գնել ժողովրդի ձայնը, ինչը սովորաբար հաջողվում է:

Արթուր Բաղդասարյանը այսօր ժողովրդին ուղղված կոչ արեց.
«Մի' վաճառիր քո ձայնը ընտրություններում, մի' վաճառիր քո երեխաների ապագան մի քանի հազար դրամով», - ժողովրդին ուղղված կոչ հնչեցրեց «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավարը», - «որովհետեւ նույն փողի կուսակցությունը վաղը թքած է ունենալու քո ճակատագրի վրա, եւ քո բազմաթիվ խնդիրները մնալու են չլուծված»:

Անցած նախագահական ընտրությունները հիշեցրեց միայն մեկ նախադասություն, երբ Արթուր Բաղդասարյանը շեշտեց Ռոբերտ Քոչարյանի արտահայտությունը, թե Հայաստանը պետք է դառնա «տարածաշրջանի ամենակազմակերպված երկիրը»: Դա ասվեց, սակայն, այն բանից հետո, երբ անխնա քննադատությամբ հնչեցվեց, թե այս պահին ոչ մի ոլորտում Հայաստանը կազմակերպված չէ՝ չհաշված կաշառակերությունը, կոռուպցիան եւ բոլոր ուղղություններով մոլեգնող կազմակերպված մաֆիան:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG