Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընտրություններից առաջ երկու մասնավոր հեռուստաընկերություն անցնում են խոշոր գործարարների վերահսկողության տակ


Անցած տարվա ապրիլին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի վիճահարույց որոշմամբ «Ա1+» անկախ հեռուստաընկերության կապուղին 7 տարով ստացած «Շարմ» ընկերությունը «Կենտրոն» հեռուստաընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը վաճառել է Ազգային ժողովի պատգամավոր, «Արսօյլ» ընկերության սեփականատեր Գուրգեն Արսենյանին: Մասնավոր մեկ այլ հեռուստաընկերության՝ «Ար»-ի բաժնետոմսերի 51 տոկոսը գնել է «Գրանդ հոլդինգ» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանեց Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի լիցենզավորման եւ մեթոդական վարչության պետ Իշխան Վարդանյանը, լիցենզիան վաճառվելու իրավունք չկա, վաճառվել են բաժնետոմսերը: Սեփականատերը կարող է վաճառել անգամ բոլոր բաժնետոմսերը, բայց նույնիսկ 100 տոկոսի վաճառքի դեպքում մրցույթին ներկայացված ծրագիրը չի կարող փոփոխվել: Այսինքն՝ «Կենտրոն» հեռուստաընկերության դեպքում «Շարմ» ընկերության մրցույթային առաջարկը, որն իր հերթին պարտավորություններ է բերում, չի փոփոխվել:

Գուրգեն Արսենյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե պայմանավորվածություն կա, որ իրեն եւ իր գործընկերներին է անցնելու «Կենտրոն» հեռուստաընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը:

«Հեռուստաընկերության ֆինանսատնտեսական հարցերում որոշ խնդիրներ էին ծագել, որի լուծման բանալին փորձում ենք դառնալ մենք», - ասաց Արսենյանը՝ միաժամանակ նշելով, թե հեռուստաբիզնեսը Հայաստանում կարող է շահավետ բիզնես դառնալ:

«Շարմ» ընկերության գլխավոր պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի խոսքերով, բաժնետոմսերի վաճառքը քաղաքական որեւիցե դրդապատճառ չունի: - «Զուտ տնտեսական գործարք էր, շատ շահավետ բիզնեսային քայլ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Նազարյանը՝ ավելացնելով, թե այն կնպաստի հեռուստաընկերության զարգացմանը, ներդրումային պարտավորությունների կատարմանը:

Մրցույթային ծրագրով առաջիկա 4 տարվա ընթացքում «Կենտրոն» հեռուստաընկերությունում 1 միլիոն 200 հազար դոլարի ներդրում պետք է կատարվի:

«Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանի գնահատմամբ էլ կատարված գործարքն առաջին հերթին, իհարկե, բիզնես է: «Բայց այս բիզնեսն ունի մի փոքր շեղում եւ տարբերություն մնացած բիզնեսներից. սա կապված է իդեոլոգիայի հետ, սա կապված է պրոպագանդայի հետ, սա կապված է երկրի իմիջի հետ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մովսեսյանը՝ ավելացնելով, թե կատարվածը մաքուր բիզնես չէ, պետք է մի քիչ «պարկեշտ լինել»:

Օրենքով սահմանված է, որ քաղաքական կուսակցությունները չեն կարող լինել մասնավոր հեռուստաընկերության սեփականատեր: Գուրգեն Արսենյանը, հիշեցնենք, խորհրդարանական ընտրություններում գլխավորում է իր հիմնադրած Միավորված աշխատանքային կուսակցության ցուցակը: «Ար» հեռուստաընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը գնած Հրանտ Վարդանյանի որդին՝ Միքայել Վարդանյանը եւ «Գրանդ Քենդի» ընկերության տնօրեն Արմենուհի Հովհաննիսյանը ընդգրկված են Դաշնակցության համամասնական ցուցակում:

Հեռուստառադիոյի ազգային հանձաժողովից պարզաբանեցին, որ օրենքը արգելում է քաղաքական կուսակցություններին հեռուստաընկերություն ունենալ, բայց օրենքում որեւէ արգելք չկա, որ քաղաքական գործիչը լինի մասնավոր հեռուստաընկերության սեփականատեր:

Եվ եթե «Ա1+»-ի եթեր վերադառնալը մինչեւ խորհրդարանական ընտրություններ տեսականորեն էլ այլեւս անհնար է (նոր կապուղիների մրցույթի անցկացումը ձգձգվում է շարունակվող դատական պրոցեսների հետեւանքով), ապա, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ար» հեռուստաընկերության ստեղծագործական տնօրեն Մերուժան Տեր-ուլանյանը, խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ար»-ը կարող է արդեն եթերում լինել:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG