Մատչելիության հղումներ

Արդարադատության փոխնախարարի խոսքերով, ՍԴ-ն անիրագործելի որոշում է ընդունել


Հայաստանի արդարադատության փոխնախարար, անցած նախագահական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով Ստեփան Դեմիրճյանի դիմումի քննության ժամանակ Սահմանադրական դատարանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Տիգրան Մուկուչյանը շաբաթ օրը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանը ապրիլի 16-ին կայացրած որոշմամբ գերազանցել է իր լիազորությունները եւ անիրագործելի առաջարկություններ է արել: Որոշմամբ առաջարկված վստահության հանրաքվեի իրագործումը «ինքնին կհանգեցնի օրենքների խախտման», եւ այն չի կարելի իրագործել:

Այսօր հրավիրած ասուլիսում մեկնաբանելով ապրիլի 16-ին Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը, Մուկուչյանը ասաց, որ Սահմանադրական դատարանը պետական մարմին է եւ միայն օրենքով իրեն վերապահված որոշումներ կարող է ընդունել:
«Ո'չ գործող Սահմանադրությունը, ո'չ որեւէ օրենք Սահմանադրական դատարանին նման իրավասությամբ չի օժտել», - ասաց Մուկուչյանը:

Փոխնախարարը ընդունեց, որ որոշման մեջ առկա են «շատ պոզիտիվ գործոններ»՝ նշելով որոշ տեղամասերի արդյունքներն անհավաստի ճանաչելու խնդիրը: Սակայն, դատարանը պետք է պատասխաներ միայն մեկ հարցի՝ ընտրությունները վավե՞ր են, թե՞ անվավեր:

Տիգրան Մուկուչյանը չհամաձայնեց, թե վստահության հանրաքվե անցկացնելու մասին առաջարկը կարելի է մեկնաբանել, թե՝ 40 ընտրատեղամասում շեղումները կարող էին անվստահություն առաջացնել ընդհանուր ընտրությունների նկատմամբ, եւ Սահմանադրական դատարանը առաջարկել է այդ անվստահությունը ցրել կամ հաստատել վստահության հանրաքվեի միջոցով:

Փոխնախարարը կարծում է, որ անվստահության հարց չկա, այլ կան թերացումներ նշված 40 ընտրատեղամասերում:

«Եթե դրանք կազմում են որոշակի որակ, ապա գնահատականը պետք է լիներ մեկը՝ պետք է անվավեր ճանաչվեր արդյունքը», - պարզաբանեց նա: - «Դրանք միարժեք բերել են Սահմանադրական դատարանին այն համոզման, որ ծավալային առումով դրանք չեն եղել այնպիսին, որ կարող էին աղավաղել ընտրության պատկերը եւ դրանով իսկ առաջացնել անվավերության հիմքեր»:

Կրկին վերադառնալով վստահության հանրավքեի հարցին, Մուկուչյանը ասաց, որ ոչ ոք Սահմանադրական դատարանին հարց չէր հղել այդ մասին, իսկ «Սահմանադրական դատարանը ինքը Սահմանադրական դատարանին դիմելու սուբյեկտ չի հանդիսանում, որպեսզի սեփական նախաձեռնությամբ նման խնդիրը դարձնի քննարկման առարկա»:

Ըստ նրա, Սահմանադրական դատարանը վտանգավոր նախադեպ է ստեղծել՝ հանդես գալով առաջարկությամբ, որը չի բխում այս պահին մեր երկրում գործող օրենսդրությունից:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG