Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Դատեք, ոչ թե քարոզեք» վերնագրով խմբագրականում «Առավոտ» թերթն այսօր ընդգծում է. - «Սահմանադրական դատարանը, ինչպես եւ ցանկացած այլ դատարան, պետք է ոչ թե մտահոգվի հասարակական մթնոլորտով, այլ լուծի իրավական վեճ... Իրականում ՍԴ-ն բավականաչափ լկտիություն չունեցավ՝ առանց վերապահումների հայտարարելու, որ Քոչարյանն ընտրված է եւ, մյուս կողմից, անհրաժեշտ քաղաքացիական արիություն չունեցավ՝ պնդելու, որ նախագահն ընտրված չէ»:

«Հայկական ժամանակ» թերթը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ երեկ տեղի ունեցած ասուլիսը որակել է «ղազախոսություն»: «Ասուլիսի միակ նպատակը եղել է արդարանալը, չքմեղանալը, Ռոբերտ Քոչարյանի զայրույթը գոնե մի քիչ մեղմացնելը», - նշում է թերթը՝ անդրադարձի վերջում նաեւ ավելացնելով. - «Իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ մեր բարձրագույն իշխանավորները չեն բավարարվելու միայն Գագիկ Հարությունյանին մերկացնելով»: «Այբ-Ֆե» թերթի մեկնաբանի հայացքով էլ՝ «Գագիկ Հարությունյանը երեկ ահաբեկված էր»:

Չնայած այս արձանագրումներին, իշխանական մամուլի այսօրվա հրապարակումներն էլ հուշում են, որ այդ կողմը գոնե առայժմ բավարարված չէ: «Սահմանադրական դատարանի նախագահի երեկվա մեկնաբանությունները ավելի անմեկնելի դարձրին կատարվածը», - գնահատական է տալիս «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը՝ մասնավորապես մատնանշելով. - «Նախագահական ընտրությունների արդյունքների շուրջ որոշման տեքստում վստահության հանրաքվեի առաջարկ ներկայացնելը ուրիշ ինչի՞, եթե ոչ անվստահության հետ է ասոցիացվում»: Թերթի քաղաքական բաժնի անդրադարձում էլ կան այսպիսի ձեւակերպումներ. - «Փորձված աղվեսը չորս ոտքով է թակարդն ընկնում, եւ երկու գործիքի վրա միաժամանակ նվագելու փորձ անելիս, Սահմանադրական դատարանի նախագահը հենց այդ վիճակում հայտնվեց... Սահմանադրական դատարանը հոնքը շինելու տեղ աչքն էլ հանեց... Ինքնավարկաբեկվում է պետական կարեւորագույն մի ինստիտուտ»:

Արձանագրելով, որ հիշյալ ասուլիսը «ոչ թե փակեց խոսակցությունը խնդրի շուրջ, այլ հակառակը՝ առաջ բերեց նոր հարցադրումներ ու անխուսափելի գնահատականներ», «Երկիր» թերթը սահմանում է. - «Եթե նման որոշումը նպատակամղված էր քաղաքական խաղ սկսելուն, ապա դատարանը զբաղվում է մի բանով, որի իրավունքը չունի: Եթե որոշումը հետեւանք է մասնագիտական ոչ կոմպետենտության, ապա նման Սահմանադրական դատարանը ինչպե՞ս կարող է իրականացնել իր գործառույթը: Եթե որոշումը երկչոտ պահվածքի արդյունք է, ապա ինչպե՞ս ենք արդարություն ակնկալում նման նկարագիր ունեցող մարդկանցից: Ամեն դեպքում, կարծես թե իր որոշմամբ Սահմանադրական դատարանը իրեն ոչ լեգիտիմ դարձրեց», - եզրափակել է «Երկիր»-ը:

Ըստ «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանի էլ՝ Սահմանադրական դատարանի «որոշումը ոչ միայն նսեմացնում է այն հրապարակած ատյանին, այլեւ պարզապես խայտառակություն է երկրի համար»: Անձամբ Գագիկ Հարությունյանն էլ, մեկնաբանի որակմամբ, «մեկ տասնամյակ շարունակ սեփական կարիերայի ապահովման հիմքում դնում է չեզոք դիրք բռնելու կեղծ ու վտանգավոր կեցվածքը»: Համենայն դեպս, «Հայոց Աշխարհ»-ում այսօր ներկայացվում է եւ քրեական մի գործ՝ մատնանշմամբ, թե այն սպիտակ թելերով է կարված, պատշաճ ձեւով չի հետաքննվում, քանզի առնչվում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի փեսային:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Առավոտ»-ի հարցազրույցում այսօր ասում է. - «Իր մամուլի ասուլիսի ժամանակ Գագիկ Հարությունյանն իմ բարձրացրած հարցերի պատասխանն այդպես էլ չի տվել։ ՍԴ-ն պարտավոր էր հարցին պատասխանել եւ ոչ թե իր եզրակացություններն ու մտորումներն արտահայտեր»: Այս հարցազրույցում հիմնականում խոսելով առաջիկա ընտրությունների մասին, վարչապետը նշել է. - «Նայելով ընդդիմության մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին, կարող եմ ասել, որ որեւէ մեկը շանս չունի մեծամասնականով ընտրվելու։ Այնպես որ, ընդդիմությունը պետք է ձայներ հավաքի համամասնական ցուցակով»:

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի կանխատեսմամբ՝ հանրապետականները, օգտագործելով իրենց իշխանական բոլոր լծակները, կհավաքեն 30-40 տոկոս ձայն, Դաշնակցությունը՝ մոտ 7-8 տոկոս, «Օրինաց Երկիր»-ը չի հաղթահարի 5 տոկոսի արգելքը, ՀՀՇ-ն՝ 8-10 տոկոս, «Ազգային միաբանություն»-ը՝ 5-6 տոկոս, իսկ մնացած ձայները կլինեն «Արդարություն» դաշինքինը: Լուրերի կապակցությամբ, թե ընդդիմությունը առաջնորդվում է Վանո Սիրադեղյանի խորհուրդներով, ՀՀՇ ղեկավարը «Այբ-Ֆե»-ի հարցազրույցում ընդգծում է. - «Եթե ընդդիմությունը իսկապես առաջնորդվեր Վանո Սիրադեղյանի խորհուրդներով, ապա անկասկած կհաղթեր»: Արարատ Զուրաբյանը եւս մեկ ուշագրավ հայտարարություն է արել՝ Տեր-Պետրոսյանը կվերադառնա մեկ տարի հետո՝ մասնակցելով նախագահական ընտրություններին:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG