Մատչելիության հղումներ

Հայաստանի Ազգային Ժողովն այսօր երրորդ ընթերցմամբ եւ ամբողջովին ընդունեց Քրեական օրենսգրքի նախագիծը, ինչպես նաեւ այդ օրենսգիրքը գործողության մեջ դնելու նախագիծը՝ նույնպես երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Սրանով ոչ միայն կառավարությունն ու Ազգային Ժողովի իշխանամետ ուժերն իրենց հաղթանակը տոնեցին՝ նախորդ շաբաթվա տապալումից հետո, այլեւ, երբ երկրի նախագահը կստորագրի այս երկու օրենքները, եւ դրանք ուժի մեջ կմտնեն (օգոստոսի 1-ից), մահապատիժ սահմանելու հնարավորություն դատարանը կունենա միայն այն դեպքերում, երբ մինչեւ օրենսգրքի ուժի մեջ մտնելը կատարվել են ահաբեկչական ակտ, մանկահասակ աղջկա բռնաբարություն կամ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն:

Արդեն մահապատժի դատապարտվածների պատիժը, բացի այս դեպքերից, դատարանը փոխարինելու է ցմահ բանտարկությամբ:

Ընդդիմադիր պատգամավորներից քչերն էին ներկա, եւ քվեարկություններին մասնակցեցին նույն կերպ, ինչպես նախորդ շաբաթ՝ բոյկոտով:

Երեք ընթերցմամբ քննարկում անցած Քրեական օրենսգրքի նախագիծն անցած շաբաթ մերժվել էր, քանի որ քվեարկության մասնակցածների թիվն անհրաժեշտից պակաս էր. ընդդիմադիրներն էին բոյկոտել քվեարկությունը՝ դրանից առաջ հայտարարելով, թե այն երաշխիքներ է ապահովում Նաիրի Հունանյանի համար:

Բնականաբար, այսօր նախագծի քննարկումն սկսվեց վերստին՝ առաջին ընթերցումից, բայց հատուկ՝ արագացված կարգով: Հետ տարվելու եւ նորից բերվելու ընթացքում նախագիծը սկզբունքային փոփոխությունների չի ենթարկվել:

Այսօրվա արտահերթ նստաշրջանի ընթացքը հեշտ չէր. մերթ իշխանամետները, մերթ ընդդիմադիրներն օգտվում էին քվեարկություններից առաջ քսան րոպեանոց ընդմիջումներ խնդրելու հնարքից: Երբ հանրապետական կամ դաշնակցական պատգամավորներն զգում էին, որ դահլիճում քիչ մարդ կա ու հերթական օրինագիծը քվորումի բացակայության պատճառով տապալվելու է, իրենք էին ընդմիջում խնդրում՝ դրա ընթացքում ապահովելով գործընկերների ներկայությունը, իսկ երբ ընդդիմադիրներն էին զգում, որ քվորում կա, իրենք էին ընդմիջում խնդրում:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG