Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Սպասելիքները Սահմանադրական դատարանից չարդարացան» առանցքի շուրջ աննախադեպ սուր ու ծավալուն համազարկ է այդ ատյանի ուղղությամբ այսօր տալիս իշխանական մամուլը: Հանրապետության նախագահի գրասենյակից, կառավարությունից, գլխավոր դատախազությունից արտահոսած տարակուսանքին ու դժգոհությանը «Հայաստանի Հանրապետություն» թերթը, օրինակ, միացրել է իր իրավական բաժնի ու առանձին մեկնաբանների մի քանի անդրադարձ: «Հասարակությունը Սահմանադրական դատարանի որոշման հետեւանքով ճեխքվածության առումով նոր լիցք եւ սպասումի ու անորոշության նոր բաժին ստացավ», - գնահատվում է դրանցում: Կրքերը, ինչպես նշված է թերթում, միայն էլ ավելի կբորբոքվեն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սահմանադրական դատարանի նախագահը «չկարողացավ խուսափել մեկ ձեռքով երկու ձմերուկ բռնելու գայթակղությունից»:

«Մի' փնտրեք տրամաբանություն Սահմանադրական դատարանի նախագահի գործողություններում: Փնտրեք շա'հ», - շեշտում է «Հայոց Աշխարհ» թերթի խմբագիրը: - «Ո՞վ է հաղթում գրեթե հավասարազոր հակառակորդների մենամարտում։ Կռվողներից որեւէ մե՞կը։ Ամենեւին ո՛չ. հաղթում է ոմն երրորդը, որը գալիս է այն բանից հետո, երբ թշնամիներն ուժասպառ են արել մեկմեկու, եւ առանց դժվարության յուրացնում բոլոր պտուղները»։ «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբաններից մեկն էլ այս հայացքը մանրամասնում է այսպես. - «Գագիկ Հարությունյանը այս որոշումով միանգամայն գիտակցված ձեւով մտնում է քաղաքական ասպարեզ եւ դառնում երկրում ծավալվող ներքաղաքական պայքարի մասնակիցը... Գագիկ Հարությունյանի նման զգուշավոր ու հաշվենկատ անձնավորությունը անշուշտ չէր դիմի նման լուրջ քայլի՝ չհաշվարկելով նրա հետեւանքները, ինչպես նաեւ չունենալով դրանցից օգտվելու սեփական հաշվարկները: Ակնհայտ է, որ դրանով Հայաստանում ծավալվող ներքաղաքական պայքարը տեղափոխվում է մեկ տարվա ընթացքում «Հանրաքվեի մասին» օրենքը բարեփոխելու եւ վստահության հանրաքվե անցկացնելու կամ չանցկացնելու բանավեճի հարթություն... Սահմանադրական դատարանը ներքաղաքական օրակարգի մեջ մտցնելով ընտրված նախագահի վստահության հարցը՝ ստեղծում է որոշակի ենթահող ոչ միայն ներքին, այլեւ արտաքին ճնշումների միջոցով այդ ընտրված նախագահին նույնպես ասպարեզից դուրս մղելու համար: Չմոռանանք, որ առաջարկվող հանրաքվեի համար նախատեսվող մեկ տարվա ժամկետը համընկնելու է նաեւ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման համար 2003-ի վերջերին 2004-ի սկզբներին սպասվող վճռորոշ բանակցությունների՝ Հայաստանի համար ճակատագրական շրջափուլին»: Ի վերջո «Հայոց Աշխարհ»-ում եզրափակված է. - «Ասպարեզը «մաքրվում է» Գագիկ Հարությունյանի ձեռքով եւ Գագիկ Հարությունյանի համար»:

«Երկիր» թերթի «Սահմանադարական դատարանը օրենքից դուրս» վերնագիրն ինքնին խոսուն է: Այստեղ եւս խտացված է. - «Սահմանադրական դատարանը անցած ընտրությունների շուրջ իրավական հարթության վրա գտնվող հարցը տեղափոխեց քաղաքական հարթություն... իրականացրեց քայլ, որը դուրս էր իր գործառույթների շրջանակներից... Իրավական վերջակետի փոխարեն, դրեց անհասկանալի շարունակություն ենթադրող բազմակետ»։

«Առավոտ» թերթի մեկնաբանի ընկալմամբ՝ «Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ընթերցած խուճուճ ու, ըստ էության, գործնական բնույթ չկրող նախադասությունները» միտված էին ընդդիմության ու հասարակության դժգոհ մասին հանգստացնելու, իշխանության կողմից մտածված էին հետեւյալ ներշնչման համար. - «Եթե Սահմանադրական դատարանի որոշումից դժգոհ են բոլոր կողմերը, առավել եւս՝ իշխանությունները, ուրեմն այստեղ ինչ-որ բան կա, որ ձեռնտու չէ Ռոբերտ Քոչարյանին, ուստի բնական կլիներ, եթե դրանով ոգեւորված լիներ ընդդիմությունը»:

«Օրրան» թերթը եւս տեսնում է իշխանությունների «մատը»՝ նշելով, թե հիստերիկ հարձակումն էլ Սահմանադրական դատարանի վրա ցույց տալու համար է՝ «իբր իշխանությունները համաձայն «չեն», «վախենում են», այսինքն՝ ընդդիմության համար դա լավ է»: Այլ է «Հայկական ժամանակ» թերթի հայացքը, ըստ որի՝ «Սահմանադրական դատարանը, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տակ մի ռումբ է դրել, որը կարող է պայթել ցանկացած պահի: Հիմա արդեն պետական զանազան մարմիններ փորձում են պնդել, որ ՍԴ-ն անցել է իր լիազորությունների սահմանը, սակայն ակնհայտ է, որ նրանց գնահատականները ոչ այլ ինչ են, քան՝ ինքնատիրապետումը կորցրած Քոչարյանին հանգստացնելու, նրան եւս մեկ անգամ հավատարմության երդումներ տալու փորձ», - նշում է «Հայկական ժամանակ»-ը: - «Մի բան ակնհայտ է. ի դեմս ՍԴ-ի, գործ ունենք վերին ատյանի հետ, որը կայացրել է որոշում, տվել է եզրակացություն, եւ որի հետ հաշվի չնստել հնարավոր չէ: Իսկ այդ որոշումը միանշանակ արձանագրում է՝ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ լեգիտիմ նախագահ չէ, երկիրը չունի օրինական նախագահ, ժողովուրդը չի վստահում այդ նախագահին, եւ իշխանության նկատմամբ ժողովրդի վստահությունը հնարավոր է վերականգնել միայն հանրաքվեով»:

«Իրավունք» թերթն էլ «Սահմանադրական դատարանը դրեց իշխանափոխության հիմքը» վերնագրի տակ ընդգծել է. - «Սահմանադրական դատարանի որոշումը պարունակում էր մի անակնկալ, որը դեռ խորը հետեւանքներ է ունենալու ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ երկրի ամբողջ քաղաքական դաշտի համար»: «Քոչարյանի համար ամենավտանգավորը այն դրույթն է, որ նորընտիր Ազգային ժողովին առաջարկվում է մեկ տարվա ընթացքում կազմակերպել վստահության հանրաքվե: Իհարկե, այդ առաջարկը պարտադրանքի ուժ չունի, սակայն դրան չընդառաջելը նշանակում է ամբողջական հեղինակազրկում եւ սեփական ոչ լեգիտիմության հաստատում... Ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը երկու ելք ունի. կա'մ մեկ տարվա ընթացքում իրականացնել այնպիսի արմատական համակարգային բարեփոխումներ եւ այնպես բարելավել երկրի վիճակը, որ հասարակության մեծամասնությունը նրան իրոք վստահի, կա'մ մեկ տարի անց պարզապես հեռանալ իշխանությունից», - այլընտրանք է ձեւակերպում «Իրավունք»-ը՝ առաջինը համարելով անհնար: Բոլոր դեպքերում, ըստ «Իրավունք»-ի` Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը «պարունակում է նորմալ հասարակություն կառուցելու սաղմեր» եւ մեկ տարի անց «որոշմանը տրվելու են այնպիսի որակումներ, որոնք այսօր միանգամայն անսպասելի են»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG