Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազության հաղորդագրությունը Սահմանադրական դատարանի որոշման առնչությամբ


Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հինգշաբթի օրը հանդես է եկել հաղորդագրությամբ, որում անդրադառնալով Սահմանադրական դատարանի ապրիլի 16-ի որոշմանը, նշում է, որ վերջինս գերազանցել է իր լիազորությունների շրջանակը:

«Սահմանադրական դատարանի ապրիլի 16-ի որոշումը, դատական ակտ լինելով հանդերձ, հիմնականում առանձնանում է բարոյաքարոզչական, ընդհանուր ուսուցողական բնույթի եւ լոկ հռչակագրային փաստաթղթին բնորոշ դրույթներով», - ասված է հաղորդագրության մեջ: - «Փաստաթղթում առկա են Հայաստանի Հանրապետության դատախազության սահմանադրական կարգավիճակին առնչվող մի շարք դրույթներ, որոնք ակնհայտորեն դուրս են դատական որեւէ ատյանի լիազորությունների շրջանակից»:

Նշվում է Սահմանադրական դատարանի որոշման այն հատվածը, որով հանձնարարվում է դատախազությանը ընտրակեղծիքներ եւ ընտրախախտումներ կատարած անձանց բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու համար կազմակերպել համալիր քննություն եւ մինչեւ մայիսի 20-ը արդյունքների մասին տեղյակ պահել Սահմանադրական դատարանին եւ հանրությանը: «Անհրաժեշտ ենք համարում նշել», - ասված է հաղորդագրության մեջ, - «որ տվյալ դեպքում խոսքը այնպիսի ինստիտուտների մասին է, որոնց առնչվող հարաբերությունները հստակ ու սպառիչ կանոնակարգված են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, եւ որեւէ դատական ատյան դրանք «վերախմբագրելու» եւ, ըստ էության, օրենսդիր մարմնին փոխարինելու իրավասությամբ օժտված չէ»:

Այնուհետեւ նշվում է, որ դատախազությունը ձեռնակում է ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացված բոլոր հաղորդումները քննարկելու ուղղությամբ «օրենքով սահմանված բոլոր միջոցները». - «Հարկ ենք համարում նկատել, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը գործելու է բացառապես իր սահմանադրական կարգավիճակի սահմաններում եւ բացառելու է որեւէ ուղղակի կամ անուղղակի միջամտություն»:

«Սահմանադրական դատարանի հիշյալ որոշման առնչությամբ տեղին են համարում ամրագրել, որ դրա մի շարք դրույթներ դուրս են օրենքով վերապահված իրավասության շրջանակներից», - եզրափակում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հաղորդագրությունը:


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG