Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանի որոշումը չի ընկճել ընդդիմությանը


Ստեփան Դեմիրճյանին եւ ընդդիմության մյուս առաջնորդներին չի ընկճել Սահմանադրական դատարանի երեկ կայացրած որոշումը, որով ուժի մեջ է թողնվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը ամրագրող որոշումը: Իշխանամետ ճամբարը, իր հերթին, ողջունում է այդ որոշումը՝ տարակուսանք հայտնելով, սակայն, որոշման որոշ ձեւակերպումների առնչությամբ:

Երեկ հրապարակած որոշմամբ Սահմանադրական դատարանը, մի կողմից, չհերքեց, որ ընտրական խախտումներ, կեղծիքներ են եղել, մյուս կողմից, սակայն, անփոփոխ թողեց ԿԸՀ-ի մարտի 11-ի որոշումը ՀՀ նախագահ ընտրելու մասին:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե որոշումը պաշտոնապես ստանալուց հետո ավելի ամբողջական կարտահայտեն իրենց տեսակետը: Իսկ առայժմ սահմանափակվեց ասելով, որ Սահմանադրական դատարանի «այս որոշումով Ռոբերտ Քոչարյանը լեգիտիմ չդառավ»: «Ճիշտն ասած՝ կամ ընտրվում ես, կամ չես ընտրվում», - ավելացրեց Դեմիրճյանը:

«Սահմանադրական դատարանն իր այս որոշմամբ
իր տեսական գիտելիքները ցուցադրեց, քան որոշում կայացրեց», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ընդդիմության մեկ այլ առաջնորդ՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Արամ Սարգսյանը: - «Թե' տեսական դաշտում, թե' պրակտիկ դաշտում Սահմանադրական դատարանի որոշումը Քոչարյանին լեգիտիմ չդարձրեց»:

Քոչարյանին աջակցող ուժերի ճամբարում, մինչդեռ, Սահմանադրական դատարանի որոշումը ընկալվում է որպես ընդդիմության պարտություն: «Վճռի հիմնական մասը նա է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, փաստորեն, Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց», - ասաց Ազգային Ժողովի մեծամասնության՝ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նախագահ Քոչարյանին աջակցող մյուս ուժի՝ Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն էլ վճռի այդ մասն իրավական տեսակետից հասկանում է եւ որոշման մեխն է համարում այն, որ «անկախ բոլոր խախտումներից», անկախ «անճշտությունների արդյունքում առաջացած ոչ վստահելի ձայների քանակից», նախագահն ընտրված է «ձայների ճնշող մեծամասնությամբ»:

Հովհաննիսյանը, այդուհանդերձ, տարակուսած է հատկապես որոշման մեջ Սահմանադրության երկրորդ հոդվածի վկայակոչմամբ: Այս հոդվածը հռչակում է, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որը դա իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների միջոցով: «Եթե արվում է անկարկ, որ երկրում տեղի է ունեցել իշխանության ուզուրպացիա, ուրեմն Սահմանադրական դատարանը պետք է այնքան քաղաքացիական խիզախություն ունենար, որ ասեր, որ տեղի է ունեցել ուզուրպացիա կամ կա դրա կասկածը», - ասաց նա:

Երկու ճամբարների ներկայացուցիչների կարծիքով էլ «վստահության հանրաքվե» անցկացնելու առաջարկը քաղաքական քայլ էր: Ընդդիմության առաջնորդներից Վազգեն Մանուկյանը ձեւակերպմամբ, դա սոսկ «բարի ցանկություն է»:

«Դա ուղղակի բարի ցանկություն էր», - «Ազատություն» ռադիոկայանինասաց Մանուկյանը: - «Իրավաբանության մեջ կոմպրոմիս չկա»:

Քաղաքագետ Վարդան Պողոսյանի խոսքերով, «վստահության հանրաքվե» հասկացություն, ըստ Հայաստանի Սահմանադրության, գոլություն չունի: «Հետեւաբար, խոսքը գնում է ոչ թե իրավական որոշման մասին, այլ ընդամենը քաղաքական մոտիվներով մի քայլի, որով Սահմանադրական դատարանը փորձում է մեղմել այն բացասական տպավորությունը, որը հասարակության մեծ մասի մոտ առաջանում է, երբ լսում է այդպիսի անօրինական որոշման մասին», - ասաց Պողոսյանը:

Սահմանադրական դատարանն իր որոշման եզրափակիչ մասի 6-րդ կետով առաջարկվում է նորընտիր Ազգային ժողովին եւ հանրապետության նախագահին մեկ տարվա ընթացքում «Հանրաքվեի մասին» օրենքը համապատասխանեցնել գործող Սահմանադրության երկրորդ կետին: Թե' գործող Սահմանադրությունում եւ թե' փոփոխությունների նախագծում,սակայն, հստակ սահմանված է, որ հանրաքվեի են դրվում միայն Սահմանադրությունը կամ դրանում փոփոխությունները եւ օրենքները:


Կարինե Քալանթարյան եւ Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG