Մատչելիության հղումներ

Թերի Դեւիսը Երեւանում կհանդիպի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Թերի Դեւիսը, տարածաշրջանային այցի շրջանակներում հինգշաբթի օրը ժամանելով Երեւան, արդեն հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի նախագահի, խորհրդարանական խմբակցությունների, պատգամավորական խմբերի ղեկավարների, պաշտպանության նախարարի հետ: Այսօր ավելի ուշ ծրագրված է նրա հանդիպումը ատրգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

Վաղը ծրարգրված են Դեւիսի հանդիպումները նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ադրբեջանից հայ փախստականների, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչների, ԵԱՀԿ Մինսկի խմբում Ղարաբաղի հարցով Հայաստանի նախագահի ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Թաթուլ Մարգարյանի հետ:

Թերի Դեւիսը արդեն եղել է Բաքվում, իսկ Երեւան է եկել Թբիլիսիից, ուր հանդիպում է ունեցել նաեւ Վրաստանի նախագահի հետ:

«Իմ աշխատանքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համար զեկույց, հաշվետվություն կազմելն է Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ», - օդանավակայանում լրագրողներին ասաց Դեւիսը՝ ընդգծելով. - «Իմ նպատակը ԵԱՀԿ-ին փոխարինելը չէ»:

Նա ավելացրեց, որ դեռ չի որոշել, թե ինչ է գրելու. - «Առայժմ լսելու եմ երկու կողմերին»:

«Հայաստանն ու Ադրբեջանը արդեն 2 տարի է Եվրոպայի խորհրդի անդամ են, եւ շատ բնական է, որ մենք հետաքրքրված ենք այդ հարցով, որովհետեւ դա վերաբերում է մեր անդամ 2 երկրներին», - շարունակեց Թերի Դեւիսը: - «Բաքվում ես ասել եմ, որ խնդրի արագ կարգավորումը շատ լավ գաղափար է: Կարծում եմ ե'ւ Հայաստանի, ե'ւ Ադրբեջանի, նաեւ Վրաստանի ժողովուրդների շահերից է բխում, որ այս խնդիրը լուծվի, որոհետեւ դա ազդեցություն է թողնում ամբողջ տարածաշրջանի վրա»:

Թերի Դեւիսը որեւէ հայտարարություն չի արել Բաքվում ունեցած հանդիպումներից հետո, հայտարարություն չի արվի նաեւ հայաստանյան հանդիպումներից հետո: Նրա կարծիքով, այս փուլում որեւէ հայտարությամբ հանդես գալը սխալ կլինի, ինչպես սխալ կլինի նաեւ զեկույցի շուտ հրապարակումը:

«Մինչեւ այս տարվա վերջը ես այդ զեկույցը չեմ հրապարակի», - ասաց նա՝ պարզաբանելով, որ դրա պատճառը Հայաստանում եւ Ադրբեջանում դեռ մինչեւ տարեվերջ կայանալիք ընտրություններն են: - «Ես չեմ ցանկանում ներքաշված լինել Հայաստանի կամ Ադրբեջանի ներքին հարցերի մեջ»:

Լեռնային Ղարաբաղ Թերի Դեւիսը կայցելի, բայց ոչ այս անգամ: «Մինչեւ զեկույցս ավարտելը ես հնարավորություն կունենամ Ղարաբաղ այցելել», - ասաց նա՝ ավելացնելով, որ այս այցելության ընթացքում Երեւանում հանդիպում է ունենալու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ.

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղը՝ որպես լիարժեք կողմ, բանակցային գործընթացում ներգրավելուն վերաբերող հարցին, Դեւիսը ասաց, որ չունի այդ հարցի պատասխանը: «Դա այն հարցերից մեկն է, որ ես ցանկանում եմ քննարկել», - ավելացրեց նա:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG