Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Սահմանադրական դատարանը Քոչարյանի խամաճիկն է» վերնագրով խմբագրականում «Առավոտ» թերթը նշում է. - «Միակ իրավական որոշումը, որը պետք է կայացներ Սահմանադրական դատարանը, նախագահական ընտրությունները անվավեր ճանաչելն էր: Բայց այն անփոփոխ թողեց ԿԸՀ-ի որոշումը՝ Քոչարյանին նախագահ հռչակելու մասին: Այդպիսով դատարանը հանցակից դարձավ հազարավոր ավելորդ քվեաթերթիկներ տպելուն, դրանք Քոչարյանի օգտին լցոնելուն, արձանագրությունները կեղծելուն, վստահված անձանց ու տեղամասային հանձնաժողովների անդամներին ահաբեկելուն ու կաշառելուն, ընտրությունների ժամանակ եւ դրանցից հետո պետական մեքենայի բռնություններին: Սա է էականը: Մնացածը դատարկ խոսակցություններ են եւ Սահմանադրական դատարանի դեմքը փրկելուն ուղղված, ոչինչ չպարտադրող բառախաղեր», - գնահատում է «Առավոտ»-ը: - «Միամիտներին գուցե մոլորության մեջ գցի «վստահության հանրաքվե» անցկացնելու մասին ձեւակերպումը, բայց եթե ինչ-որ հրաշքով նման հանրաքվե անցկացվի, այն կընթանա ճիշտ այնպես, ինչպես 2003-ի նախագահական ընտրությունները»:

«Հայկական ժամանակ»-ի անդրադարձերում Սահմանադրական դատարանի վճիռը որակված է «երկիմաստ, մշուշապատ» եւ «լրացուցիչ մեկնաբանությունների կարոտ»: «Եղավ այն, ինչ պիտի լիներ», - արձագանքում է «Օրրան» թերթը: - «Սահմանադրական դատարանն ընդունեց «Աշխատենք միասին» ոճի մեջ տեղավորվող որոշում եւ որպեսզի բավարարվեն մի քանի նորմեր, որոշեց իր վճռի կուպրի կարասին մի քանի կաթիլ մեղր ավելացնել»:

«Այբ-Ֆե» թերթում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը որակված է ամենասովորական երեսպաշտ, որը եւս փաստորեն իր վճռով ձայներ է փախցնում: Հիմնականում անձամբ Գագիկ Հարությունյանին են սլաքներ ուղղվում նաեւ ոչ ընդդիմադիր մամուլում: «Հարությունյանը, համաձայն իր սովորության, նորից խաղում է երկու լարի վրա», - ընդգծում է «Հայոց Աշխարհ» թերթը: - «Եթե հասարակության անվստահությունը չի ցրում Սահմանադրական դատարանի երեկվա վճիռը, ապա ինչի՞ համար է Սահմանադրական դատարանը: Ստացվում է, որ սույն աստվածահաճո ատյանի որոշումները հասարակության համար որեւէ արժեք ու նշանակություն չունեն»:

«Սա նույնիսկ ծուղակ չէ, սա փակուղի է», - «Հայոց Աշխարհ»-ում գնահատում է Դաշնակցության ղեկավարներից Վահան Հովհաննիսյանը: - «Եթե Սահմանադրական դատարանը տեսնում է, որ անվստահության տոկոսն այնքան բարձր է, որ հանրաքվեի անհրաժեշտություն է առաջանում, ապա պետք է այնքան քաջ գտնվեր, որ չեղյալ ճանաչեր ընտրության արդյունքները։ Սակայն եթե ՍԴ որոշումը հաստատում է Ռոբերտ Քոչարյանի նախագահ ընտրվելը, ապա էլ ի՞նչ հանրաքվեի մասին է խոսքը»։ «Վճռի այդ կետի բովանդակությունն ուղղակի անհասկանալի է։ Մանավանդ, պարզ չեն դրա իրականացման մեխանիզմները։ Այսինքն՝ եթե օրինակ, առաջարկվող «վստահության հանրաքվեից» էլ դժգոհեցինք, դա՞ ինչպես է կարգավորվում. «վստահության հանրաքվեի» արդյունքների վերաբերյալ նո՞ր վստահության հանրաքվեի անցկացում, եւ այսպես շարունա՞կ», - հարց է դնում Վահան Հովհաննիսյանը:

«Երկիր-օր» թերթում Սահմանադրական դատարանի նման որոշումը դիտարկվում է որպես «կասկածամտության մթնոլորտի խորացմանը միտված քայլ»: «Բոլոր տեսակի հարցերն ու տարակարծությունները փարատելու փոխարեն Սահմանադրական դատարանն իր որոշմամբ ծնեց նոր հարցեր, առաջ բերեց նոր տարակարծություններ, նոր կասկածներ», - ամփոփված է «Երկիր»-ում ու մատուցվում է նաեւ այսպիսի մի ենթադրություն. - «Այս որոշմամբ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը սկսում է քաղաքական մի նոր գործընթաց, որի հիմքում ընկած է երկրի բոլոր քաղաքական ինստիտուտների լեգիտիմությունը գոնե մեկ տարով սահմանափակելու, եւ Սահմանադրական դատարանի, իսկ ավելի ճիշտ՝ Սահմանադրական դատարանի նախագահի քաղաքական կշիռը բարձրացնելու նպատակադրումը: Ըստ էության, Սահմանադրական դատարանը կարծես առաջարկում է նախագահի նոր թեկնածու»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG