Մատչելիության հղումներ

Քոչարյանին աջակցող քաղաքական ուժերը ԱԺ-ի ընտրություններում կփորձեն խուսափել իրենց ներկայացուցիչների մրցակցությունից


Անցած նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին աջակցած ամենախոշոր քաղաքական ուժերը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) եւ Դաշնակցությունը ջանալու են նվազագույնի հասցնել պատգամավորության իրենց թեկնածուների մրցակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

ՀՀԿ ղեկավար անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վազգեն Խաչիկյանի փոխանցմամբ, երեկ երեկոյան կուսակցության խորհուրդը որոշում է ընդունել, թե որ ընտրատարածքում պատգամավորի որ թեկնածուին է աջակցելու իշխանական կուսակցությունը: Նրա խոսքերով, նույն ընտրատարածքներում հանրապետական եւ դաշնակցական առաջադրված մրցակիցներ գրեթե չկան, իսկ եթե կան էլ՝ «նրանցից առնվազն մեկը» առաջադրված կլինի քաղաքացիական նախաձեռնությամբ եւ «չի վայելի իր կուսակցության աջակցությունը»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Վազգեն Խաչիկյանը ասաց նաեւ, որ ՀՀԿ-ի աջակցությունը վայելողների ցանկում կան այլ կուսակցությունների առաջադրած թեկնածուներ եւս, որոնց թվում կան ՀՅԴ անդամներ՝ տալով միայն Արմեն Ռուստամյանի եւ Մարտուն Մաթեւոսյանի անունները:

Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը՝ վկայակոչելով, որ թեկնածուների գրանցման փուլը դեռ չի ավարտվել, առայժմ չորոշակիացրեց իրենց աջակցելիք թեկնածուների ցանկը՝ չբացառելով հանդերձ, որ դրանում լինեն նաեւ ՀՀԿ անդամներ:

Ապագա կառավարության կազմի վերաբերյալ իրենց կանխատեսումներում զգուշավոր են ինչպես Վազգեն Խաչիկյանը, այնպես էլ Գեղամ Մանուկյանը: «Կառավարությոան կազմը, թերեւս, պարզ կլինի այն պատկերից, թե ինչ մանդատների կտիրանան այս [խորհրդարանական ընտրություններում, իր կարծիքով, հաղթելու ունակ] քաղաքական ուժերը պառլամենտական ընտրություններից հետո», - ասաց Խաչիկյանը:

Գեղամ Մանուկյանի խոսքերով, Դաշնակցության համար առաջնահերթ է քաղաքական կայունություն եւ առաջընթաց ապահովող իրավիճակը, ինչից ելնելով, «կարող են քննարկվել բոլոր տարբերակներն էլ»:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG