Մատչելիության հղումներ

Դեմիրճյանը գոհ է ՍԴ-ում իր ներկայացուցիչների աշխատանքից


Եթե ոչ վաղը, ապա ապրիլի 16-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը կկայացնի իր հերթական կամ պատմական որոշումը՝ կճանաչի կամ չի ճանաչի 2003 թվականի նախագահական ընտրությունների վավերականությունը:

Ապրիլի 3-ի վեր կայացած 8 նիստերի ընթացքում Սահմանադրական դատարանը քննության առավ անցած նախագահական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանի դիմումը, լսեց կողմերի ներկայացրած փաստարկներն ու հակափաստարկները, հարցաքննեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանին:

«Կարծում եմ, բոլոր հիմքերը կան ընտրությունները անվավեր ճանաչելու համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երկուշաբթի օրը ասաց Ստեփան Դեմիրճյանը: - «Ինչ վերաբերում է ընթացքին, մենք շատ գոհ ենք մեր ներկայացուցիչների աշխատանքից: Փաստարկները համոզիչ են՝ ակնհայտ է, որ այս ընտրությունները նույնիսկ ավելի խայտառակ էին, քան 1998 թվականի ընտրությունները»:

Ստեփան Դեմիրճյանի խոսքերով, լեգիտիմությունը «առաջին հերթին պետք է լինի ժողովրդի ընկալման մեջ, եւ «այս առումով որեւէ նշանակություն չունի թե Սահմանադրական դատարանը ինչ որոշում կընդունի»: «Որովհետեւ ժողովրդի ընկալումը դրանից չի փոխվի», - շարունակեց նա: - «Նույնիսկ եթե ենթադրենք, թե մերժվում է դիմումը, դրանից ժողովրդի ընկալման մեջ լեգիտիմ չի դառնա այսօրվա գործող նախագահը»:

Անցած շաբաթավերջին Ծաղկաձորում կայացած մի սեմինարի ժամանակ, նախագահական ընտրություններում Քոչարյանին սատարած ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը ընդունեց, որ ընտրախախտումներ եղել են: «Իհարկե եղել են», - ասաց Հովհաննիսյանը: - «Հիմար կլինի էն մարդը, որը կասի՝ չեն եղել: Եղել են»:

Նրա խոսքերով, սակայն, «խայտառակ խախտումներ տեղի են ունեցել նաեւ 98-ին, 96-ին», բայց այն ժամանակ լրագրողները այդ մասին չէին կարող խոսել: «Էսոր ազատ ասում եք», - շարունակեց նա: - «Բայց որովհետեւ քանակը ասածի շատ էր, թվում է, որ որակն էլ տարբեր է: Բայց տարբեր չէ»:

Հովհաննիսյանը փորձեց արդարեցնել վերջին շաբաթների ընթացքում ընդդիմության հանրահավաքների մասնակիցների ձերբակալությունները: «Վստահ եմ, որ մի մասը [վարչական կալանքի եւ տույժի ենթարկվածներից] իսկապես ապակի կոտրած կլինի», - փաստարկեց նա:

Ստեփան Դեմիրճյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ այսօրվա հարցազրույցում հավաստիացրեց, որ պայքարը իշխանությունների դեմ բոլոր դեպքերում շարունակվելու է: Հանրահավաքային պայքարին զուգընթաց «Արդարություն» դաշինքը նախապատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Ընտրությունները բոյկոտելու տրամադրություններ արդեն չկան:

«Խորհրդարանական ընտրություններին «Արդարություն» դաշինքը պետք է մասնակցի եւ հաղթի: Բոյկոտը լավագույն ելքը չէ այս իրավիճակից», - ասաց Դեմիրճյանը՝ ավելացնելով, որ ընդդիմության՝ ԱԺ ընտրություններին մասնակցելը ամենեւին չի նշանակում, որ նախագահական ընտրությունների հարցը փակված են համարում: Նրա խոսքերով, օրենքի եւ սահմանադրության շրջանակներում հարցը հնարավոր է բարձրացնել նաեւ խորհրդարանում: Ստեփան Դեմիրճյանը, սակայն չմասնավորեցրեց, թե պայքարի ինչ ճանապարհ է ընտրելու ընդդիմությունը:

«Արդարություն» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Ստեփան Դեմիրճյանը չպատասխանեց հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը ընտրվելու դեպքում հրաժարվի խորհրդարանական մանդատից: «Դրա մասին հիմա կարծում եմ, իմաստ չունի խոսել», - ասաց նա՝ ավելացնելով, որ ամեն ինչ պարզ կդառնա դեպքերի հետագա զարգացումներից, քաղաքական կյանքում եւ խորհրդարանում ակնկալվող վերադասավորություններից:


Կարինե Քալանթարյան եւ Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG