Մատչելիության հղումներ

Հայաստանը «Համաշխարհային զարգացման ցուցիչները» զեկույցում


Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային նստաշրջանի շրջանակներում երեկ Վաշինգտոնում ներկայացվել է 2003 թվականի «Համաշխարհային զարգացման ցուցիչները» զեկույցը, որտեղ ընդհանուր առմամբ արտացոլված են աշխարհի 208 երկրների վերջին տարիների զարգացումները, ինչպես նաեւ կանխատեսումներ են արված մինչեւ 2015 թվականի հնարավոր տնտեսական եւ ժողովրդագրական զարգացումների վերաբերյալ։

Փաստաթղթի ներկայացման ժամանակ շեշտվել է, թե, չնայած միջազգային ֆինանսական կառույցների ջանքերին, ճեղքվածքը զարգացած ու զարգացող երկրների միջեւ շարունակում է խորանալ։ Մասնավորապես, Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Նիկ Ստերնը հայտարարել է, թե զարգացող երկրները միանգամայն արդարացիորեն իրենց նվաստացած են զգում արտաքին առեւտրում իրենց առջեւ բարձրացված խոչնդոտներից։ Այդ արգելքները Նիկ Ստերնը ուղղակի «վրդովեցուցիչ» է որակել։

Համաշխարհային բանկի փորձագետների գնահատականներով, զարգացող երկրների տնտեսական զարգացման տեմպերը ամեն տարի լրացուցիչ կես տոկոսով կավելանան, եթե հարուստ երկրները թուլացնեն աղքատ երկրների հետ առեւտրի սահմանափակումները։ Նման քայլերի արդյունքում արդեն 2015 թվականին աշխարհում մոտ 360 միլիոն մարդ կկարողանա հաղթահարել աղքատությունը։

Այս խնդիրը հրատապ է ոչ միայն զարգացող, այլեւ անցումային փուլում գտնվող շատ ու շատ երկրների՝ այդ թվում Հայաստանի համար։ Համախառն ներքին արդյունքի ցուցանիշով Հայաստանը «Համաշխարհային զարգացման ցուցիչները» զեկույցում ընգրկված երկրների շարքում 143-րդն է, բնակչության մեկ շնչի հաշվով ստեղծվող եկամտի ցուցանիշով՝ 154-րդը։ Վերջին ցուցանիշով Ադրբեջանը 146-րդն է, Վրաստանը՝ 150-րդը։

Ռուսաստանի Դաշնությունը այդ ցուցակում կովկասյան եռյակի երկրներից բավականին բարձր տեղ է զբաղեցնում՝ 108-րդ հորիզոնականը. մեկ շնչի հաշվով եկամուտը այդ երկրում 1750 դոլար է։ Մեր հարեւան երկու մահմեդական երկրների ցուցանիշներն այսպիսին են՝ Իրանը բնակչության շնչի հաշվով ստեղծվող 1680 դոլար եկամտով դասակարգման ցուցակի 112-րդ տեղում է, իսկ Թուրքիան՝ 2530 դոլար եկամտով՝ 95-րդ։

Բանկի հրապարակած զեկույցում գնահատականներ կան նաեւ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ Հայաստանի բնակչության թիվն այսօր գտնվում է 1980 թվականի մակարդակի վրա: Մյուս կողմից, բանկի փորձագետների կանխատեսումների համաձայն, 2015 թվականին Հայաստանի բնակչության թիվը կհասնի 4 միլիոնի։

Ըստ զեկույցի, Ադրբեջանի բնակչության թիվը ներկայիս 8 միլիոնից 2015 թվականին կհասնի շուրջ 9 միլիոնի։ Վրաստանի բնակչության շարժը այդ ընթացքում կլինի բացասական՝ այն ներկայիս 5 միլիոն 300 հազարից կնվազի մինչեւ 4 միլիոն 800 հազարի։

Համաշխարհային բանկի փորձագետները բացասական գնահատական են տվել նաեւ Ռուսաստանի ժողովրդագրական կացությանը։ Առկա միտումների պահպանման դեպքում այդ երկրի բնակչությունը, զեկույցի գնահատականի համաձայն, ներկայիս 145 միլիոնից կնվազի եւ 2015 թվականին լավագույն դեպքում կկազմի 134,5 միլիոն։ Սա նշանակում է, որ Ռուսաստանում գոյություն ունեցող էթնիկ ու կրոնական խնդիրները կսրվեն, քանի որ այդ երկրի մուսուլմանական բնակչության շրջանում բնական աճը անհամեմատ արագ է, իսկ քրիստոնյա տարրը գնալով զիջում է դիրքերը։

Այս միտումը նկատելի է, թերեւս, նաեւ մեր տարածաշրջանում. Հայաստանի եւ Վրաստանի բնակչության աճի մարմրող տեմպի պայմաններում տպավորիչ աճ են գրանցում Իրանը եւ Թուրքիան։ Իրանի բնակչությունը վերջին 20 տարվա ընթացքում ավելացել է մոտ 20 միլիոնով: Ըստ Համաշխահային բանկի զեկույցի մինչեւ 2015 թվականը այն կաճի եւս 15 միլիոնով՝ հասնալով 80,5 միլիոնի։ Թուրքիայի բնակչությունը եւս էական աճ կունենա՝ ներկայիս 66 միլիոնից կդառնա 77 միլիոն։

Իրենց զեկույցում Համաշխարհային բանկի փորձագետները իբրեւ զարգացող, ինչպես նաեւ անցումային երկրների աղքատության հաղթահարման հիմնապայման են դիտել ներդրումների ավելացումը կրթության եւ առողջապահության բնագավառներում։ Հայաստանում, ինչպես նաեւ ԱՊՀ երկրներում այս ոլորտի վրա կատարվող պետական հատկացումները զգալիորեն զիջում են միջին համաշխարհային ցուցանիշներին: Օրինակ, ըստ հրապարակված զեկույցի, առողջապահության ոլորտի վրա միջին ծախսը կազմում է Համաշխարհային արդյունքի 5,4 տոկոսը, մինչդեռ, ասենք, Ռուսաստանում առողջապահությանը հատկացվում է Համախառն ներքին արդյունքի 3,8 տոկոսը, Հայաստանում՝ 1,2 տոկոսը, Ադրբեջանում՝ 0,9 տոկոսը, իսկ Վրաստանում՝ նույնիսկ 0,6 տոկոսը։

Նույն պատկերն է նաեւ կրթական ծախսերի առումով։ Հրապարակված զեկույցի համաձայն, կրթության վրա աշխարհի երկրների միջին ծախսը կազմում է Համաշխարհային արդյունքի 4,4 տոկոսը։ Ռուսաստանի ցուցանիշը մոտավորապես այդքան է, մինչդեռ Հայաստանում կրթությանը հատկացվում է Համախառն ներքին արդյունքի 3 տոկոսը, Ադրբեջանում՝ 3,9 տոկոսը, Վրաստանում՝ 2,9 տոկոսը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG