Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Համաձայն «Առավոտ» թերթում ներկայացվող հարցման արդյունքների, վերջին շաբաթվա ընթացքում եւս ավելացել է Ազգային ժողովի գալիք ընտրություններին չմասնակցել տրամադրվածների թիվը: Ինչ վերաբերում է համակրանքներին՝ 13-14 տոկոսի շրջանակում շարունակում է իր ընդգծված առաջատարի դիրքերը պահպանել Ստեփան Դեմիրճյանի գլխավորած «Արդարություն» դաշինքը: Չնայած շաբաթ առ շաբաթ նվազող թվին, երկրորդ տեղի հավակնորդ է մնում դեռեւս Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն»-ը՝ մոտ 6,5 տոկոսով: Նրանից այս շաբաթ անցել է «Օրինաց Երկիր»-ը, իսկ Դաշնակցությունը պահպանում է 5-6 տոկոսի իր ցուցանիշը: Վերջապես, վարչապետ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորած հանրապետականների ցուցակը, անցյալ շաբաթվա համեմատ գրանցելով 1 տոկոս նվազում, ըստ «Առավոտ»-ում ներկայացվող այս հարցման, իջել է 3,37 տոկոս ցուցանիշի:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հերքել է նրանց երեկվա լուրը, թե այսօր պետք է տեղի ունենա Քոչարյանին սատարող կուսակցությունների լիդերների եւ օլիգարխների հանդիպում, ուր պետք է քննարկվեն խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր: Միաժամանակ, ինչպես «Հայկական ժամանակ»-ում ուշադրություն է սեւեռվում, նա հանդես է եկել լուրջ հայտարարությամբ. - «Հայաստանում օլիգարխներ չկան. ընդամենը կան այստեղից-այնտեղից փող փախցնողներ»:

«Իշխանավորները լինում են 2 տեսակի՝ կեղծավոր եւ անկեղծ: Առաջինները նայում են աչքերիդ եւ ասում՝ «Քոչարյանն ընտրվել է», «ցույցերի մասնակիցներին ձերբակալում են սահմանադրական կարգը խախտելու համար» եւ այլն: Բայց», - համադրում է «Առավոտ»-ի խմբագրականը, - «Իշխանական շրջանակներում, անշուշտ, կան նաեւ անկեղծ մարդիկ, ովքեր խիզախություն ունեն ասելու (թեեւ՝ ոչ հրապարակման համար). «Այո, լցրել ենք, այո, սահմանափակում ենք ազատությունները, այո, փակում ենք լրատվամիջոցները, որովհետեւ այլ կերպ հնարավոր չէ զարգացնել տնտեսությունը եւ տնտեսական բարեփոխումներ անցկացնել»: Սա արդեն լուրջ է եւ կարող է լինել բանավեճի առարկա», - գնահատում է «Առավոտ»-ը: «Բայց եթե մեր իշխանավորները գտնում են, որ դա կիրառելի է, ապա ինչո՞ւ են վարանում պարզ եւ մատչելի լեզվով դա բացատրել ժողովրդին», - տարակուսանք է արտահայտվում խմբագրականում: - «Թող զարգացնեն մենթալիտետի մասին իրենց արժեքավոր տեսական դրույթը, թող բացատրեն մեր հասարակությանը, որ ինքը չի հասունացել ժողովրդավարության համար եւ որ ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու միակ ճանապարհը ավտորիտարիզմն է: Թե չէ մենք ստեղծել ենք ժողովրդավարության իմիտացիայի եւ բռնապետության այնպիսի մի խառնուրդ, որից ոչ մենք ենք գլուխ հանում, ոչ էլ օտարները»:

«Իշխանությունները հնարավորություն ունեն անմիջապես մարելու բախումնային մոդելի հետագա ընթացքը՝ ձեռնարկելով դրական փոփոխություններին ուղղված լուրջ եւ տեսանելի քայլեր», - «Հայոց Աշխարհ» թերթում ասում է քաղաքագետ Սուրեն Զոլյանը: - «Կարծում եմ, չպետք է սպասել ԱԺ ընտրությունների ավարտին՝ որոշակի քայլեր ձեռնարկելու համար: Սպասողական կեցվածքի դեպքում չարժե զարմանալ, որ ԱԺ ընտրությունների շրջանում իշխանամետ ուժերն սկսեն ձայներ կորցնել: Պետք է փորձել գնալ արմատական փոփոխությունների»:

«Երկիր» թերթի մեկնաբանի հայացքով, ներկայիս խորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությանը քիչ են հուզում Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների թերակատարման հետեւանքները, «քանզի Եվրախորհրդի հնարավոր արձագանքի բեռի տակ ընկնելու են արդեն հաջորդ՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք Ազգային ժողովի պատգամավորները»: «Ներկայիս քաղաքական կոնյունկտուրան շատերին պարտադրում է գործել պահի տրամաբանությամբ», - ձեւակերպված է «Երկիր»-ում: - «Մի տրամաբանություն, որը միշտ եւ բոլորի պարագայում չէ, որ աղերսներ ունի սկզբունքայնության, քաղաքական հստակ դիրքորոշումների եւ քաղաքական պատասխանատվության հասկացությունների ու ըմբռնումների հետ»:

«Նախորդ ընտրություններում կար հստակ դոմինանտ ուժ, եւ չկար հստակ, ուժեղ ընդդիմություն. այսօր ընտրության գնացողը ո'չ ուժեղ իշխանական կուսակցություն է տեսնում, ում անվերապահորեն կարող է ձայն տալ, ո'չ էլ անվերապահ ուժեղ ընդդիմություն», - «Օրրան»-ի հարցազրույցում համեմատում է Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Ասլանյանը՝ ավելացնելով. - «Բացահայտ է, որ նախորդ ընտրություններում դոմինանտ ուժն իշխանական թեւում էր, այսօր՝ ընդդիմության դաշտում, ուր համախմբվել են քաղաքական մի շարք ուժեր «Արդարություն» դաշինքում»: «Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որ բոլոր քաղաքական ուժերը մի պահ կանգ առնեն, սթափվեն եւ սկսեն գործել հանուն ժողվրդի ու հանուն երկրի», - ասում է Գագիկ Ասլանյանը: - «Եթե առաջ մենք գործ ունեինք քաղաքական ուժերի միջեւ պայքարի հետ, հիմա պայքարը նրանց շուրջ համախմբված հասարակական շերտերի միջեւ է, եւ այս պարագայում առճակատումը իրոք վտանգավոր է»:

Հայաստանի նորացված կոմկուսի ղեկավարներից Հրանտ Ոսկանյանի կարծիքով, խորհրդարանական ընտրություններում իրենք կհաղթահարեն 5 տոկոսի սահմանը, իսկ Հայկոմկուսը՝ ոչ, որովհետեւ ծրագրային դրույթներից բացի, որ փորձում ես մարդկանց ներկայացնել, ոչ պակաս նշանակություն ունի նաեւ, թե ովքեր են գլխավորում այդ կուսակցությունը: «Առավոտ»-ում ներկայացված հարցման տվյալներով, ի դեպ, եթե Վլադիմիր Դարբինյանի ղեկավարած կոմկուսը հավաքել է մոտ կես տոկոս ձայն, ապա նորացված կոմունիստներն ընդհանրապես հիշատակված չեն: Նույն հարցման համաձայն, ՀՀՇ-ն հիմա կոմունիստներից կրկնակի ավելի ձայներ ունի: Իսկ Հրանտ Ոսկանյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում նաեւ հայտարարում է. - «ՀՀՇ-ի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններում ներկայիս իշխանությունների անբացատրելի եւ անընդունելի լիբերալիզմի հետեւանքն է: Եթե կյանքում տեղ գտած որեւէ բացասական երեւույթի հստակ գնահատական չես տալիս, իրերը չես կոչում իրենց անունով, երեւույթը կրկնվելու ցանկություն է դրսեւորում»: Մի ժամանակ սա ասվում էր կոմունիստների մասով:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG