Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները ջանքեր է գործադրում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ


ԱՄՆ-ի պետքարտուղարությունում պատրաստված եւ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթիջի կողմից հաստատված զեկույցի համաձայն, Միացյալ Նահանգները ճնշում են գործադրում Թուրքիայի նկատմամբ՝ Հայաստանի տնտեսական շրջափակումը վերացնելու նպատակով:

«Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ հայտնված այդ փաստաթուղթը պատրաստվել է Ռիչարդ Արմիթիջի հանձնարարությամբ: Դրա կազմմանը մասնակցել են ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնյաներ, Հայաստանում եւ Թուրքիայում աշխատող ամերիկացի դիվանագետներ:

«Միացյալ Նահանգների կառավարությունը շարունակում է օգտագործել յուրաքանչյուր պատեհ առիթ Թուրքիայի կառավարության վրա ճնշում գործադրելու՝ որպեսզի վերջինս բացի Հայաստանի հետ սահմանը», - ասված է զեկույցում: - «Վերջին անգամ այդ հարցը բարձրացվել է պետքարտուղար Քոլին Փաուելի՝ ապրիլի 2-ին Անկարա կատարած այցի ժամանակ»:

Զեկույցի հիմնական շեշտադրումներից մեկն այն է, որ հայ-թուրքական սահմանի բացումը մեծապես կընդլայնի տարածաշրջանի զարգացման հնարավորությունները:

«Հայ-թուրքական սահմանը բացվելու դեպքում կարելի է ակնկալել հետեւյալը. դեպի Հայաստան եւ Հայաստանից գնացող տրասպորտային ծախսերի նվազում, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրի աճ, Հայաստանի եւ արեւելյան Թուրքիայի տնտեսական ընդհանուր իրավիճակի բարելավում», - ասված է զեկույցում: Ընդհանրացնելով, ամերիկացի դիվանագետները նշում են. - «Արդյունքը դրական կլինի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլ ամբողջ տարածաշրջանի համար»:

Տարածաշրջանի ողջ ներուժը, ըստ զեկույցի, հնարավոր կլինի օգտագործել, երբ բացվի հատկապես հայ-ադրբեջանական սահմանը. - «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանների բացումը կհանգեցնի Բաքվի եւ Ստամբուլի միջեւ երկաթուղային ուղղակի կապի ստեղծմանը, ինչպես նաեւ՝ երկաթուղային կապ կստեղծվի Կասպից եւ Միջերկրական ծովերի ավազանների միջեւ»:

Ջեկույցում բերված են համաշխարհային բանկի փորձագետների կարծիքները. սահմանները բացվելու դեպքում Հայաստանի ներքին համախառն արդյունքը ընդամենը մեկ տարվա ընթացքում կարող է աճել 30-38 տոկոսով:

«Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունները հայտարարել են, որ ցանկանում են բարելավել հարաբերությունները: ԱՄՆ-ը քաջալերում է Հայաստանին շարունակել շփումները Թուրքիայի հետ: Այս հարցը քննարկվել է նաեւ փետրվարին, երբ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այցելել էր Միացյալ Նահանգներ», - ասված է զեկույցում:

Ամերիկացի դիվանագետները հասկանալ են տալիս, որ գոհ են Հայաստանի մոտեցումներից. անցյալ տարի տարբեր մակարդակներով ակտիվացել էին դիվանագիտական շփումները Թուրքիայի հետ:

Թուրքիայի կողմից դրական քայլ է գնահատվում, որ այդ երկիրը անցյալ տարի փոխեց իր դիրքորոշումը Առեւտրի համաշխահային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության հարցում, ինչը հարթեց Հայաստանի ճանապարհը դեպի այդ կազմակերպություն:

Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին զեկուցում նշված է. - «Որպես Մինսկի խմբի համահախագահ, ԱՄՆ-ը ակտիվորեն ներգրավված է խաղաղ գործընթացում: Գործընթաց, որը ներառում է նաեւ տարածաշրջանում առեւտրային հարաբերությունների նորմալացումը: Դա, իր հերթին, կկայունացնի ամբողջ տարածաշրջանի իրավիճակը»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG