Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ընդդիմության վերջին հանրահավաքն ավարտվեց ոստիկանների ու ժողովրդի բախմամբ: Մի՞թե հնարավոր չէր խուսափել դրանից: Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Վարյանը «Այբ-Ֆե» թերթի թղթակցի հետ զրույցում պնդում է, որ «այդ ոստիկաններին են նեղել ու ճզմել», եւ ընդհանրապես՝ ոստիկանները միանշանակ իրավունք ունեն «մահակներով շփվել հանրահավաքի մասնակիցների հետ»: «Ընդդիմություն լինելը շատ հեշտ է», - ասում է Վարյանը: - «Տեսեք ինչեր են դուրս տալիս պետության հասցեին: Ոչ մի պատասխանատվություն չեն կրում, բայց վայելում են բոլորի հարգանքը»:

«Առավոտ» թերթը եւս մեկ անգամ փոխանցում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանի դիմումը՝ «Մե'նք ենք պատասխանատու երթերի կազմակերպման համար. եւ եթե գործ ունեն՝ թող մեզ հետ ունենան ու երթերի մասնակիցներին, անմեղ քաղաքացիներին թող չբռնեն ու չկալանավորեն»: Սուրեն Զոլյանն էլ «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում շեշտադրել է. - «Եթե իշխանությունները գտնում են, որ կատարվել են օրենքից դուրս քայլեր, ապա պետք է որոշակի պատժամիջոցներ կիրառվեն, բայց ոչ թե շարքայինների, այլ կազմակերպիչների հանդեպ»: «Այդ վարչական կալանքները, տուգանքները, դժգոհություն առաջացնելուց բացի, որեւէ հարց չեն լուծում, եւ արմատականներին շատ ձեռնտու է իշխանությունների նման արձագանքը», - ասում է Զոլյանը: - «Ըստ իս՝ աննպատակահարմար այն ճնշումները, որ գործադրվում են բախումների շարքային մասնակիցների նկատմամբ, սկզբունքորեն որեւէ արդյունքի չեն հանգեցնում, այլ միայն ավելացնում են պառակտումը հասարակության մեջ, լրացուցիչ եւ անիմաստ նյարդայնություն հաղորդում ստեղծված մթնոլորտին»։

Իսկ «Հայոց Աշխարհ»-ի խմբագրականում այսօր տրվում է այսպիսի գնահատական. - «Նախագահի երդման հանդիսավոր արարողության օրը «Արդարություն» դաշինքի առաջնորդների որդեգրած գործելակերպը վկայում է արմատական ընդդիմության կատարյալ ձախողման մասին: Այդ գործելակերպը ոչ միայն փակեց իշխանություն-ընդդիմություն անխուսափելի երկխոսության համատեքստում «Արդարության» առջեւ բացվող հեռանկարները, այլեւ ինքնաբերաբար այդ քաղաքական միավորմանը մղեց դեպի գալիք խորհրդարանական ընտրապայքարի ամենահեռավոր լուսանցքը»:

«Հանրահավաքների վայրը կարծես թե տեղափոխվում է խորհրդարան, միակ վայրը, ուր կարելի է քաղաքական միավորներ շահել, քանի որ այսօր արդեն շատ քիչ թվով մարդիկ են մասնակցում հանրահավաքներին», - ուրվագծում է «Երկիր» թերթի մեկնաբանը: - «Կազմակերպիչները գիտակցում են, որ այլեւս հրահրող կոչերով հնարավոր չէ ժողովրդին խաբել, ուստի պետք է այդ ռազմավարությունը շարունակել, բայց այլ հարթության վրա՝ խորհրդարանում»։

«Այսպես կոչված, «անվտանգության միջոցները» իրենց աբսուրդով եւ ցուցարարների նկատմամբ ցուցաբերած բացարձակապես անիմաստ դաժանությամբ հանդերձ ոչ այլ ինչ են, քան Ռոբերտ Քոչարյանի եւ նրա շրջապատի բացարձակապես իռացիոնալ վախի արգասիք», - ձեւակերպել է «Իրավունք» թերթի մեկնաբանը: - «Այդպիսի իռացիոնալ վարքագիծը հուշում է, որ Ռոբերտ Քոչարյանի ռեժիմը իրականում կատարել է էապես ավելի շատ մեղքեր, քան հայտնի է հանրությանը... Դա նշանակում է, որ նրա վիճակն իրականում շատ ավելի խախուտ է, քան պատկերացնում ենք մենք բոլորս»: Դեպի խորհրդարանական ընտրություններ ընթացքից «Իրավունք»-ում նաեւ հետեւյալ մատուցումը կա. - «Իշխանական պառակտված ճամբարին դժվար թե հաջողվի գալ ընդհանուր համաձայնության, քանզի, օրինակ, ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ եղած հակասություններն այս պահին ավելի ծանր են, քան, ասենք, այդ նույն կուսակցությունների՝ ընդդիմության հետ ունեցած հակասությունները»:

Տեղեկացնելով, որ վաղը տեղի է ունենալու իշխանամետ կուսակցությունների լիդերների հավաք, որը «Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում ներիշխանական բախումները կանխելու հերթական փորձն է լինելու», «Հայկական ժամանակ»-ը ավելացնում է. - «Դիտորդները, սակայն, կարծում են, որ այն ավելի կխորացնի իշխանական ուժերի միջեւ առկա տարաձայնությունները»:

«Առավոտ» թերթի պատկերավորմամբ, մեր բարձրագույն իշխանավորների հոգեբանությունը հիշեցնում է խորհրդային «պրարաբներին». - «Վերջիններս, ինչպես հայտնի է, երբեք աշխատանքից դուրս չէին գալիս՝ կա'մ խաբում էին ստուգող կազմակերպություններին, կա'մ նստում: Մեր ղեկավարներն էլ Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին եւ մնացած դիտորդներին նայում են, ինչպես «պրարաբը»՝ «օբեխեսեսին» կամ «ժողվերահսկողությանը» եւ փորձում են համոզել նրանց, իբր մեզ մոտ արդար ընտրություններ են եւ ժողովրդավարություն: Տարբերությունն այն է, որ եթե, ասենք, Եվրոպայի խորհրդին չհաջողվի խաբել, եւ Հայաստանը ստիպված լինի լքել այդ կազմակերպությունը, ապա դրանից մեր պետական այրերը բացարձակապես չեն տուժի», - նշում է «Առավոտ»-ը: - «Հակառակը, կազատվեն ամենախիստ ստուգողներից, կենթարկվեն միայն Մոսկվայի «ցեկային» եւ հեշտությամբ կհաստատեն եթե ոչ դիկտատուրա, ապա գոնե կարծր ավտորիտար ռեժիմ»։

«Եթե 2008-ին նախագահի պաշտոնը թողնելիս նախագահ Քոչարյանն իր հաշվետու ելույթը ներկայացնելիս կապույտ, պուտավոր փողկապ կրելիս լինի, ուրեմն նա հեռանում է իր խոստումը կատարած», - նախանշում է այսօր «Հայաստանի Հանրապետություն» թերթը՝ հղում անելով հետեւյալին. - «Թե' 1998-ի եւ թե' 2003-ի երդման արարողությանը Ռոբերտ Քոչարյանը պուտավոր փողկապ էր կրում: Եթե նախագահը կայուն է անգան ճաշակի հարցում, ուրեմն պարզապես չի կարող կայուն եւ հաստատակամ չլինել ժողովրդին տված իր խոստումը կատարելու գործում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG