Մատչելիության հղումներ

Երեկ Մատենադարանի մոտ կայացած հանրահավաքի, ոստիկանների հետ ցուցարարների ընդհարման ու դրան հետեւած երթից հետո կրկին ձերբակալություններ են եղել: Մարդիկ ենթարկվել են մինչեւ 15 օր վարչական կալանքի կամ վարչական տուգանքների:

Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ Մատենադարանի մոտ ոստիկանների հետ երեկվա ընդհարման առիթով քրեական գործ հարուցելու համար նյութեր են նախապատրաստվել: Պաշտոնական տվյալներով, երեկ՝ վերընտիր նախագահ Քոչարյանի երդման արարողության օրը, տեղի ունեցած իրադարձություններից հետո բերման է ենթարկվել 8 քաղաքացի: Նրանցից 6-ը ենթարկվել են մինչեւ 15 օր վարչական կալանքի, 2-ը՝ տուգանվել:

50-ամյա Դավիթ Մկրտչյանի խոսքերով, երեկ երթի ավարտից քիչ անց Աբովյան փողոցում իրեն են մոտեցել քաղաքացիական հագուստով երկու երիտասարդ եւ ոստիկանների հետ ընդհարմանը մասնակցելու կասկածանքով տարել են Նոր Նորքի ոստիկանություն, ուր պահել են մինչեւ ուշ երեկո, արձանագրություն են կազմել: Մկրտչյանը հրաժարվել է ստորագրել արձանագրությունը: Ապա իրեն տարել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարան:

Դատարանում Դավիթ Մկրտչյանը բողոքել է, որ իր դեմ անհիմն գործ են սարքել, սակայն նրան դուրս են հրավիրել եւ որոշ ժամանակ անց ներս կանչելով՝ հայտնել են դատարանի որոշումը:

«Կանչեցին ներս, ասացին՝ մատաղ արա, որ վրադ հոդված չենք դնում, միայն 2000 դրամ տուգանում ենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մկրտչյանը՝ ավելացնելով, որ չի մուծել տուգանքը, քանի որ փող չունի: - «Նրանք ասացին՝ եթե չմուծես, վաղը գիշերով կգանք, կտանենք»:

Դավիթ Մկրտչյանը այսօր դատարանի որոշումը ձեռքին եկել էր ՀԺԿ-ի գրասենյակ: Դատավոր Ռուբեն Ներսիսյանի որոշման մեջ գրված էր. - «Պարզեցի՝ Դավիթ Մկրտչյանը չարամտորեն չի ենթարկվել ներքին գործերի աշխատակիցների օրինական պահանջներին»:

ՀԺԿ-ի մամուլի հարցերով պատասխանատու Ռուզան Խաչատրյանը շարունակվող ձերբակալությունները բնորոշեց որպես «մարդաորս»: Նրա խոսքերով, իրավապահ մարմիներից հնարավոր չէ ստույգ ճշտել, թե քանի մարդ է բերման ենթարկվել. ոստիկանության բաժիններից հաճախ ժխտում են այս կամ այն մարդուն ձերբակալելու փաստը, բայց հետո պարզվում է, որ տվյալ անձը հենց այդ բաժնում է եղել:

«Մեր ճշտած ցուցակներով, 16-17 հոգի են [ձերբակալվածները]», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռուզան Խաչատրյանը՝ ավելացնելով, որ դրանք միայն այն մարդիկ են, ում անունները իրենք գիտեն:

Խաչատրյանի փոխանցմամբ, եթե երեկվա իրադարձությունների ժամանակ ծեծված, բռնությունների ենթարկված մարդիկ ցանկանան քրեական գործեր հարուցել ոստիկանների դեմ, կարող են դիմել ՀԺԿ-ում գործող իրավաբանական անվճար ծառայությանը:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Արամազդ Զաքարյանի խոսքերով, ավելի քան երկու ամիս է ինքը ենթարկվում է իրավապահ մարմինների հետապնդումներին: Իսկ երեկվա դեպքերից հետո Զաքարյանի բնակարանը, իր ձեւակերպմամբ, ենթարկվել է «հարձակման»:

«Մոտ 10 հոգուց բաղկացած ինչ-որ խումբ հարձակվում է իմ բնակարանի վրա, ծեծի ենթարկում ավագ որդուս, կնոջ եւ քրոջս, որոնք փորձում են միջամտել: Առանց որեւէ պատճառի, որդուս ծեծելով տանում են բաժին», - պատմեց Զաքարյանը: - «Մեր նկատմամբ քաղաքական հաշվեհարդարներ են տեսնում՝ մեր ընտանիքների անդամների դեմ բռնություններ գործելով»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG