Մատչելիության հղումներ

Ոստիկանները ուժ են գործադրում ցուցարարների նկատմամբ


Նախագահական ընտրություններից հետո ընդդիմության անցկացրած հանրահավաքների ու երթերի ժամանակ, չնայած բազմաթիվ իրավապահների ներկայությանը, ցուցարարների դեմ ուժ չէր գործադրվել: Այսօր՝ նախագահ Քոչարյանի երդման արարողության օրը, սակայն, ոստիկանները գործի դրեցին իրենց ռետինե մահակները:


Մատենադարանի մոտ ընդդիմության հերթական հանրահավաքի ավարտին որոշվեց երթով գնալ դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ Կառավարության նիստերի դահլիճում քիչ անց սկսվելիք Ազգային ժողովի հատուկ նիստում Ռոբերտ Քոչարյանը երդման արարողությամբ վերստանձնելու էր Հայաստանի նախագահի պաշտոնը: Հավաքված մի քանի հազար մարդկանց դա չհաջողվեց, քանի որ ոստիկանները (իսկ երկրորդ շարքով նաեւ զինվորները) փակել էին Մաշտոցի պողոտան:

«Ոստիկանները մեզ ասում են, որ Կորյունով եւ Աբովյանով ճանապարհը բաց է», - երթի մասնակիցներին դիմեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը: - «Կամ պետք է փորձենք բացել ճանապարհը եւ անցել, կամ պետք է Կորյունով գնանք ու Աբովյանով իջնենք: Որոշումը ձերն է»:

Առջեւի շարքերում կանգնած ցուցարարները բացականչում էին՝ «Բացե'ք ճանապարհը», իսկ հետեւի շարքերից ճնշում էին: Առաջին շարքերն արդեն ընկնում էին ոստիկանների վրա, մի քանիսը փորձում էին ճեղքել առաջին շղթան: Այդ ժամանակ ոստիկանները ու զինվորները գործի դրեցին մահկաները: Հարվածողների մեջ կային նաեւ քաղաքացիական հագուստով մարդիկ: Ժողովուրդը չնահանջեց՝ փորձելով պաշտպանվել:

Ընդհարումը, որի ժամանակ տուժեցին միայն ցուցարարները, երկար չտեւեց. մոտ 15-20 րոպե խառնաշփոթ իրավիճակ էր, երբեմն իրարանցումը սրվում էր ու գործի էին դրվում մահակները: Խռնված բազմության մեջ հնարավոր չէր տեսնել, թե ում են հասնում հարվածները:

Ավելի ուշ Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Դուստրիկ Մխիթարյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ իրեն հարվածել է քաղաքացիական հագուստով մեկը, որին ինքը ճանաչում է որպես ոստիկանության քրեական բաժնի աշխատակից. - «Ինձ անձամբ խփել ա... Խփեց ակնոցիս, ակնոցս կոտրվեց... Ինձ մի կերպ մարդիկ դուրս քաշեցին, իսկ այնտեղ ծեծում էին»:

79-ամյա Սեդա Ֆանաիլովայի ձեռքերին արյունոտ վերքեր կային: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ֆանաիլովան, ինքը փորձում էր պաշտպանել մի երիտասարդ աղջկա, իսկ ոստիկանները մահակներով հարվածել են իր ձեռքերին ու այդ աղջկան մեքենայով տարել: Ասաց, որ անպայման բժշկի է դիմելու, որպեսզի ստացված տեղեկանքով դիմի դատարան:

Ընդհարումից հետո ցուցարարները որշեցին Հանրապետության հրապարակ հասնել Աբովյան փողոցով, որը բաց էր, ինչպես հետո պարզվեց, միայն մինչեւ «Երեւան» հյուրանոցը: Այստեղ նույնպես առաջին շարքում մահակավոր ոստիկաններ էին, իսկ երկրորդում զինվորներ: Ընդհատված երթը վերածվեց բողոքի ցույցի՝ ելույթներով ու «Քոչարյան, հեռացի'ր» վանկարկումներով:

«Այն մարդը, որը խախտել է մեր երկրի օրենքներն ու Սահմանադրությունը, վարկաբեկել է մեր պետությունը ամբողջ աշխարհում, իրավունք չունի երդվելու Սահմանադրության վրա», - ասաց Ալբերտ Բազեյանը: - «Ես հայտարարում եմ, որ դա կաշառակերների հավաք է, կոռումպացված, ապօրինի վարչախմբի հավաք: Հայաստանում չի կարող խունտան երկար գոյատեւել»:

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներից Արշակ Սադոյանը «խայտառակություն» որակեց «այսպես կոչված երդման օրը փշալարերով, զենքով, դուբինկեքով զինված ոստիկաններով պաշտպանվելը»:

«Սա երդում ա՞», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց երթի մասնակիցներից միջին տարիքի մի տղամարդ: - «Հիմա ամբողջ ազգը պիտի ծափ տար, որ նախագահ են ընտրել: Բա սենց երդում կտա՞ն»:

Այնուհետեւ ցուցարարները աստիճանաբար ցրվեցին, սակայն նրանց մի մասը հավաքվեց ոստիկանների կողմից փակված Մաշտոցի պողոտայի մայթերին: Երդման արարողությունից վերադարձող մասնակիցների մեքենաները այստեղով էին անցնում՝ մայթերին հավաքվածների սուլոցների ուղեկցությամբ:

Քոչարյանի երդման արարողությանը մասնակցելու հրավեր էր ստացել նաեւ Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ով, ի դեպ, միակն էր, ում չհաջողվեց ելույթ ունենալ այսօրվա հանրահավաքում. հենց նրա ելույթից առաջ Մատենադարանին հարող ամբողջ տարածքը հոսանքազրկվեց: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Դեմիրճյանը պարզաբանեց, թե ինչու չի գնացել Քոչարյանի երդման արարողությանը: «Չեմ կարող մասնակցել այդ արարողությանը, քանի դեռ հարցը քննարկվում է Սահմանադրական դատարանում», - ասաց նա: - «Ընտրությունների հետ կապված մեր գնահատականներն էլ հայտնի են»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG