Մատչելիության հղումներ

logo-print
Ինչպես երեքշաբթի օրը հաղորդել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով սահմանադրական փոփոխությունների փաթեթը համազգային հանրաքվեի կդրվի մայիսի 25-ին՝ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը զուգահեռ:

Անցած շաբաթ Ազգային ժողովը հաստատել էր նախագահ Քոչարյանի սահմանադրական փոփոխությունների փաթեթի նախագիծը, որով, ինչպես պնդում է նախագահը, սահմանափակվում են իր իրավունքները եւ ուժեղանում են օրենսդիր եւ գործադիր իշխանությունները: Նախագահը, օրինակ, կկարողանա Ազգային ժողովը լուծարել միայն վերջինիս «անգործության» դեպքում:

Ընդդիմադիր քաղաքական գործիչները, մինչդեռ, պնդում են, թե հանրավքեի դրվելիք փոփոխությունները նախագահին իրավունք են տալիս ավելի շատ բարձրաստիճան պաշտոնյաների նշանակել առանց կառավարության հետ համաձայնեցնելու:

Քոչարյանը անցած ամիս վերընտրվեց նախագահի պաշտոնում: Միջազգային դիտորդական առաքելությունները խիստ քննադատեցին այդ ընտրությունները բազմաթիվ ընտրախախտումների համար:

Երկրորդ փուլում Քոչարյանի մրցակից, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը չի ընդունել իր պարտությունը եւ ընտրությունների արդյունքները վիճարկում է Սահմանադրական դատարանում: Դեմիրճյանի կողմնակիցները պատրաստվում են վաղը՝ Քոչարյանի երդման արարողության օրը, անցկացնել հերթական հանրահավաքը:

Ընդդիմությունը արդեն հստակեցրել է, որ իրենց կողմնակիցներին կոչ են անելու դեմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին:

Հայաստանի Սահմանադրությունը կարող է փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով: Փոփոխությունները ընդունված են համարվում, եթե դրանց օգտին են իրենց ձայնը տալիս քվեարկությանը մասնակցած ընտրողների կեսից ավելին: Հանրաքվեն կայացած կհամարվի միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի բոլոր ընտրողների (2,4 մլն) առնվազն 50 տոկոսը: Բացի այդ, փոփոխությունները օրինական ուժ կարող են ստանալ միայն բոլոր ընտրողների առնվազն մեկ երրորդի հավանությանն արժանանալու դեպքում:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG