Մատչելիության հղումներ

logo-print
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասացին «Հանրապետություն» կուսակցության եւ ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) գրասենյակներում, երեկ Մատենադարանի մոտ կայացած հանրահավաքից ու դեպի Սահմանադրական դատարան երթից հետո իրավապահները կրկին դրանց մասնակիցների ձերբակալություններ են իրականացրել:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամներից Արտակ Զեյնալյանի փոխանցմամբ, ձերբակալվածները ավելի շատ են, քան իրենց հաջողվում է պարզել: «Քանի որ իրավապահ մարմինները նաեւ չեն կատարում իրենց վրա դրված պարտականությունները եւ վարչական կալանքի ենթարկվածի կամ ձերբակալվածի մասին տեղեկատվություն չեն հաղորդում նրանց հարազատներին, մենք չունենք ամբողջությամբ այդ ինֆորմացիան», - ասաց նա: - «Ենթադրում ենք, որ երեկվա հանարահավաքի ու երթի մասնակիցներից վարչական պատասխանատվության եւ կալանքի ենթարկվածների թիվը մի քանի տասնյակից կանցնի»:

ՀԺԿ մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանը փոխանցեց, որ իրենք շուրջ մեկ տասնյակ ձերբակալությունների անվանական ցուցակ ունեն:

«8-9 հոգու մասին մենք հիմա անվանական գիտենք», - ասաց Խաչատրյանը: - «Բայց, ըստ պատմածների, ձերբակալվածների թիվը շատ ավելի շատ է: Մենք փորձում ենք հիմա անունները ճշտել»:

Հանրահավաքի ու երթի մասնակիցները, ըստ ՀԺԿ գրասենյակի ունեցած տվյալների, ձերբակալվել են արդեն միջոցառման ավարտից հետո, եւ, չնայած տարբեր թաղամասերի բնակիչներն են եւ հանրահավաքն ու երթը կայացել էին քաղաքի կենտրոնում, բոլորին հավաքել են Արաբկիրի ոստիկանությունում: Ընդդիմադիր կուսակցությունների շտաբերում այժմ փորձում են պարզել մանրամասները:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG