Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Նախագահական ընտրությունների արդյունքներից հուսախաբված ընտրողների սիրտն ինչպե՞ս կարող են շահել պատգամավորության թեկնածուները»։ - Այս հարցադրման շրջանակում «Առավոտ» թերթն այսօր նշում է. - «Կամ թարմ գաղափարներով (որոնց խիստ դիֆիցիտ է նկատվում), կամ պարզունակ, բայց թերեւս ավելի արդարացված եւ ազդեցիկ միջոցով՝ նախընտրական կոնկրետ ընտրակաշառքով (ինչին առատորեն տիրապետում են թեկնածուներից շատերը)»։ «Այնպես որ, կեցցե' ընդդիմությունը։ Այն արդեն զգալի օգուտ տվեց բնակչությանը», - բխեցնում է «Առավոտ»-ը՝ ընդհանուր առմամբ ընթացքը ուրվագծելով այսպես. - «Կառավարությունը կաշվից դուրս կգա միայն այն ժամանակ, երբ իշխանությունը կորցնելու վտանգը մեծ լինի։ Ասենք՝ հիմա, երբ նախագահի լեգիտիմությունը հարցականի տակ է դրվում Սահմանադրական դատարանում, իսկ ընդդիմությունն էլ խորհրդարանական մեծամասնություն կազմելու մեծ հնարավորություն ունի։ Բայց կանցնի որոշ ժամանակ, ու կրքերը կխաղաղվեն. դատարանը կկայացնի իր վճիռը՝ հօգուտ իշխանությունների, խորհրդարանական ընտրություններն էլ կավարտվեն, եւ Քոչարյանը դարձյալ կսկսի ղեկավարել առաջվա պես՝ միայնակ եւ անմրցակից։ Ափսոս, որ նախընտրական շրջանը հավիտյան չէ, թե չէ այժմ դրախտում կապրեինք»:

«Իրավունք» թերթի մեկնաբանը քաղաքական իրավիճակը եւ առաջիկան տեսնում է հետեւյալ սցենարով. - «Սերժ Սարգսյանը, նախագահական ընտրությունների ընթացքում ստանձնելով պաշտոնական Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորողի եւ Ռուսաստանի կողմից Ռոբերտ Քոչարյանի լեգիտիմությունը անհապաղ ճանաչելու գործընթացն իրականացնողի գործառույթ, այժմ ձգտում է նույն խողովակներն օգտագործելով հասնել նրան, որպեսզի ՀՀԿ-ի կողմից խորհրդարանական մեծամասնության գրավումը նույնպես ճանաչվի, եւ ինքը փաստացի դառնա իրավիճակի տերը ամբողջ երկրում... Բնականաբար, Ռոբերտ Քոչարյանի համար այդպիսի վիճակը ընդունելի չէ, եւ որպեսզի նա հնարավորություն ստանա երկրի ներսում ապահովել իր կողմից իրավիճակը կառավարելու տպավորություն, նա կանի ամեն ինչ, որ խորհրդարանը լինի խճանկարային՝ առանց հստակ մեծամասնության: Ստացվում է», - բխեցնում է մեկնաբանը, - «Ռոբերտ Քոչարյանը, որ խանգարեց Ստեփան Դեմիրճյանին գալ իշխանության, կարող է օբյեկտիվորեն շահագրգռված լինել, որ վերջինիս գլխավորած «Արդարություն» դաշինքը ստանա ոչ ցածր տոկոսներ»: Թերեւս սա է ընդդիմության որոշ գործիչների հիմք տվել հայտարարելու, թե՝ «իշխանություններն օբյեկտիվորեն շահագրգռված են, որ Ազգային ժողովի ընտրությունները ավելի որակյալ լինեն», - կապակցված է «Իրավունք»-ում:

«Ընդդիմադիր շրջանակները երբեւէ այսքան սթափ գնահատական չէին հնչեցրել ստեղծված իրավիճակների համար, ինչը թերեւս խոսում է ընտրություններին լրջորեն տրամադրված լինելու մասին», - գրում է այսօր «Ազգ» թերթի մեկնաբանը։ - «Հայտարարությունը, թե հավակնում են ընտրողների առավելագույն ձայներին, այսինքն՝ ձգտելու են խորհրդարանական քաղաքական մեծամասնություն կազմելուն, նույնպես այդ մասին է խոսում։ Ընդդիմությունը հասկանում է, որ միայն այդ կերպ կարելի է հասնել իշխանափոխության»: Եթե ընդդիմության հաջողվի քաղաքական մեծամասնություն կազմել, նախագահը կառավարություն կազմելիս ստիպված կլինի հաշվի առնել դա: Իր այս մտորումները «Ազգ»-ի մեկնաբանը ներկայացնում է «Ընդդիմության հույսը իշխանամերձների տարակարծություններն են», «վերջիններիս տարանջատվածության դրսեւորումներն ավելի ակնհայտ են դառնում» ընդգծման ներքո:

Ինչպես առանձնացնում է «Հայկական ժամանակ» թերթը, Երեւանի Կենտրոն համայնքի թիվ 16 ընտրատարածքը, «թերեւս, հանրապետության ամենահետաքրքիր ընտրատարածքներից է, քանի որ այստեղ պատգամավորության թեկնածու են առաջադրված հայ քաղաքական իրականության ամենահակադիր երկու բեւեռների՝ ՀՀՇ-ի եւ ՀՅԴ-ի ղեկավարներ Արարատ Զուրաբյանն ու Վահան Հովհաննիսյանը»: «Հայկական ժամանակ»-ի թղթակցի փոխանցմամբ, երեկ իր հետ զրույցի ընթացքում ՀՀՇ ղեկավարը մարտահրավեր է նետել Դաշնակցության ղեկավարին՝ ասելով. - «Շատ հաճելի է, որ այս ընտրատարածքում է առաջադրվել նաեւ ՀՅԴ փաստացի ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ինչը նշանակում է, որ մենք ականատես կլինենք ՀՀՇ եւ ՀՅԴ գաղափարների մրցակցության: Կարծում եմ, որ ՀՅԴ ներկայացուցիչը չի խուսափի իր դավանած գաղափարները հասարակության քննությանը ներկայացնելու հնարավորությունից: Եւ թող հասարակությունը դատի, թե ում գաղափարներն են ավելի կենսունակ եւ ընկալելի»:

«Հայաստանի իշխանությունները տենդագին կերպով նախապատրաստվում են Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հունիսյան եզրակացությանը», - անդրադառնում է «Օրրան» թերթը՝ պատկերավորելով. - «Ճիշտ եւ ճիշտ ծույլ ուսանողի նման, որն ամբողջ կիսամյակի ընթացքում մատը մատին չի տվել եւ փորձում է կուտակված հսկա նյութը մի քանի օրում հորով-մորով անել ու մի խղճուկ «երեք» պոկել, մեր իշխանությունները եւս նոր միայն վերհիշել են Եվրախորհրդի առջեւ ստանձնած իրենց պարտավորությունների մասին»: «Ու գոնե աչք շոյելու եւ ցուցադրականության որոշակի էֆեկտ ապահովելու նպատակով վերջին օրերին Հայաստանի իշխանությունները եվրոպական պարտավորությունների կատարման շուրջ «առողջ» աժիոտաժի պատրանք են ստեղծել», - դրսեւորումներ է մատնանշում «Օրրան»-ը: - «Իրականում մահապատժի հարցը վաղուց արդեն դարձել է քաղաքական շահարկումների առարկա եւ ավելի շատ ծառայում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին միավորներ վաստակելու գործին, քան բուն խնդիրը լուծելու քաղաքական ցանկությանը: Օրենսդրական բարեփոխումների մասին աղմուկով ում-ում, բայց Եվրախորհրդին խաբել այլեւս չի լինի, քանզի Հայաստանի ստանձնած պարտավորություններից մեկն էլ, օրինակ, մարդկանց վարչական իրավախախտումների մասին օրենքով չկալանելն էր, մինչդեռ հարյուրավոր այդպիսի փաստերի մասին ահազանգել են հենց եվրոպական կառույցները: Առավել զավեշտական է սահմանադրական բարեփոխումների հարցը: Ազգային ժողովը փաթեթն արդեն վավերացրել է՝ իբրեւ հանրաքվեի առարկա, իսկ Վենետիկի հանձնախմբի եզրակացությունն այդ մասով դեռ չի էլ ստացվել... Տակը մնում է թերեւս օմբուդսմենի մասին օրենքը, որն ավելի շատ Հայաստանում դիտարկվում է իբրեւ ինչ-որ մեկին աշխատանքով ապահովելու միջոց, քան մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտի կատարելագործում», - գնահատականներ է տալիս «Օրրան»-ը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG