Մատչելիության հղումներ

Կոմունիստների շարքերում կրկին խմորումներ են


Կոմկուսի համամասնական ցուցակը հաստատած՝ Կենտկոմի պլենումից բավական ժամանակ է անցել, բայց կրքերը լիովին չեն հանդարտվել:

Նախ, կուսակցությունից դուրս եկավ եւ «Ազգային միաբանության» շարքերն ու համամասնական ցուցակը համալրեց ՀԿԿ ղեկավար անդամներից մեկը՝ Գագիկ Թադեւոսյանը: Ապա՝ բռնագրավվեց կուսակցության թերթի այն համարը, որտեղ մանրամասնված էր պլենումի ընթացքը: Ազգային Ժողովում այս առիթով հայտարարություններով հանդես եկան կոմունիստ պատգամավորներ Խորեն Սարգսյանն ու Նորիկ Պետրոսյանը (վերջինս Հայաստանի «Կոմունիստ» թերթի գլխավոր խմբագիրն է եւ մեծամասնական իր ընտրարշավի առիթով երկու ամսով արձակուրդ է գնացել):

Կուսակցության առաջնորդ Վլադիմիր Դարբինյանը երկուշաբթի օրը կտրականապես հերքեց, թե պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը որեւէ առնչություն ունի ՀԿԿ-ի համամասնական ցուցակը կազմելուն: «Պլենումում տարբեր կարծիքներ եղան» , - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դարբինյանը: - «Մենք համբերատար լսել ենք բոլոր կարծիքները, այնուհետեւ դրել ենք քվեարկության եւ հաստատել ենք ցուցակը: Սա ոչ մի առնչություն չունի Սերժ Սարգսյանի հետ, նրա ֆինանսական աջակցության հետ»:

Պատգամավոր Խորեն Սարգսյանը, սակայն, որը կոմկուսի ցուցակում քսաներորդն է, մեծամասնականով առաջադրվել է Մարտունու թիվ 31 ընտրատարածքում, ասաց, որ վերոհիշյալ նիստում մեծ աղմուկ էր: Մեղադրանք կար Վլադիմիր Դարբինյանի հասցեին: Խորեն Սարգսյանի խոսքերով, Դաբինյանը «ի վերջո ասաց, որ հանդիպել է Սերժ Սարգսյանին»:

«Նաեւ իմ կուսակցություն ֆինանսավորման հարց կա», - Սարգսյանի փոխանցմամբ, ասել էր Վլադիմիր Դարբինյանը:

Սարգսյանի եւ Պետրոսյանի կարծիքով, հարկ է, որ կուսակցությունը բաց աշխատի: «Հյաստանի կոմկուսը պետք է մաքրվի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խորեն սարգսյանը:

Իսկ Դարբինյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե երբ կվերադառնան քաղաքից բացակայող կուսակցության կենտկոմի անդամները, իրենք կքննարկեն ու համապատասխան գնահատական կտան: Հարցին, թե կարող է Պետրոսյանն ու Սարգսյանը կարող են հեռացվել կուսակցությունից, Դարբինյանն ասաց, թե դա պլենումի որոշելիքն է:

Պլենումի նյութերը հրապարակած իրենց թերթի բռնագրավման առիթով Վլադիմիր Դարբինյանը ասաց, այդ համարի առաքումն արգելվել է կուսակցության բյուրոյի որոշմամբ, քանի որ «պլենումի նյութերը խեղաթյուրված էին» ներկայացված: Խորեն Սարգսյանի խոսքերով, մինչդեռ, համարն արգելվել էր, որովհետեւ դրանում տեղ էին գտել հատվածներ ելույթներից: «Չեմ պատկերացնում, որ Նորիկ Պետրոսյանը իրեն թույլ տար ավելորդություն», - ասաց նա՝ պնդելով, որ հրապարակվել է այն, ինչ ասվել է պլենումում:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG