Մատչելիության հղումներ

Կանանց հանրահավաքը երթով հասնում է Սահմանադրական դատարան


Մատենադարանի մոտ այսօր հանրահավաք անցկացրած նորաստեղծ կազմակերպությունը, որ կոչվում է Հայաստանում Ժողովրդավարության պաշտպանությանն ուղղված կանանց հասարակական շարժում, երթով շարժվեց դեպի Սահմանադրական դատարան, որտեղ քննվում է Ստեփան Դեմիրճյանի դիմումը:

Մոտ երկու հազար կանայք, այսօր նշվող մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ կազմակերպված հանրահավաքում կրկին պահանջելով անվավեր ճանաչել անցած նախագահական ընտրությունների արդյունքները, երթով շարժվեցին դեպի Սահմանադրական դատարան, ուր շարունակվում է նախագահի նախկին թեկնածու, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի՝ անցած նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումի քննությունը:

«Կանանց անունից մենք դեռեւս հույս ունենք, որ Սահմանադրական դատարանը արդար վճիռ կկայացնի», - ասաց երթի մասնակիցներից մեկը:

Հանրահավաքում ընդունվեց հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է. - «Մեր երկրի քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը չի կարողանում իրականացնել իր ընտրական իրավունքը եւ, փաստորեն մեկուսացվել է երկրի Սահմանադրությամբ վերապահված պետության կառավարմանը մասնակցելու իր կարեւորագույն իրավունքից»:

Հայտարարության հեղինակները կոչ են անում «այն կանանց ու աղջիկներին, ովքեր մտահոգ են Հայաստանի իրենց հարազատների եւ սերունդների ապագայով», աջակցել իրենց շարժմանը, քանի որ «կանայք ամբողջովին մեկուսացված են հանրապետությունում որոշումներ կայացնելու գործընթացից»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG