Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել Դեմիրճյանի դիմումը


Սահմանադրական դատարում այսօր շարունակվեց նախագահի նախկին թեկնածու Ստեփան Դեմիրճյանի դիմումի քննությունը: Ապրիլի 3-ին սկսված քննությունը հազիվ թե ավարտվի մինչեւ ապրիլի 9-ը, երբ կառավարության նիստերի դահլիճում նախատեսված է անցկացնել Ռոբերտ Քոչարյանի երդման արարողությունը:

Ըստ Սահմանադրական դատարանում Ստեփան Դեմիրճյանի շահերը ներկայացնող Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի, այս հարցում սահմանադրական փակուղի չկա: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դալլաքյանը, թեեւ օրենքը չի կարգավորում այդ խնդիրը, այդուհանդերձ, «եթե Սահմանադրական դատարանը, ընդունելով այն լուրջ փաստարկները, որ կներկայացվեն եւ ներկայացվում են մեր կողմից, ընտրությունները կհամարի անվավեր, այդ դեպքում կանցկացվեն նոր ընտրություններ»:

Իսկ նիստում Վիկտոր Դալլաքյանը իր 2,5 ժամից ավելի տեւած ելույթում կետ առ կետ անդրադարձավ նախընտրական քարոզչության ընթացքում տեղ գտած խախտումներին՝ իր փաստարկները հիմնավորելով միջազգային եւ տեղական դիտորդների եզրակացություններից մեջբերումներով:

«Ակնհայտ է, որ Ստեփան Դեմիրճյանի նկատմամբ իրականացվել է ինֆորմացիոն տեռորի քաղաքականություն», - իր ելույթի այս հատվածը ամփոփեց Վիկտոր Դալլաքյանը:

Դալլաքյանը պնդեց, որ անցած նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ժամանակ պետության պատասխանատու անձանց եւ ընտրական հանձնաժողովների կողմից խախտվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9, իսկ Ընտրական օրենսգրքի 37 հոդված:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ավելացրեց, որ իրենց նպատակը բոլորովին էլ ընտրական այս կամ այն կոնկրետ տեղամասի արձանագրությունները, քվեաթերթիկները եւս մեկ ստուգելը չէ: «Մենք ապացուցում ենք, որ ստեղծվել է պետության կողմից ծրագրավորված անօրինականությունների մի համակարգ, որի նպատակը ի սկզբանե եղել է ընտրական կեղծիքներով ընտրությունների անցկացումը», - ասաց նա՝ նման պատասխանատու հայտարարությունը հիմնավորելով, թե «պետության կողմից անսահմանափակ քանակությամբ տպագրվել են բյուլետեններ», «ծրարները բացվել են եւ ծրարների ներսում եղած կնիքները օգտագործվել են այդ քվեաթերթիկները կնքելու նպատակով»:

Այսօր էլ, ի դեպ, անհայտ անձինք, դատարանում հայտարարված ընդմիջման ժամանակ Ստեփան Դեմիրճյանի շահերի պաշտպանող փաստաբան Աշոտ Սարգսյանի գրասենյակի դռնից ներս էին գցել քվեաթերթիկների ու ծրարների փաթեթ: Այդ մասին Վիկտոր Դալլաքյանը տեղեկացրել է գլխավոր դատախազին, իսկ փաթեթը բերել էին Սահմանադրական դատարան:

Քննության արդյունքում, Դալլաքյանի խոսքերով, Սահմանադրական դատարանը պետք է պատասխանի մեկ հարցի՝ արդյո՞ք իրենց ներկայացրած փաստարկներն ու ապացույցները անօրինականությունների պետականորեն կազմակերպված համակարգ է: Եթե այո, ապա Ընտրական օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանը ցանկացած փուլում կարող է անվավեր ճանաչել ընտրությունները:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում դիմող կողմի արձանագրած խախտումներին իր ելույթում անդրադարձավ Դեմիրճյանի մյուս ներկայացուցիչը՝ փաստաբան Աշոտ Սարգսյանը: Դրանք վերաբերում էին վստահված անձանց իրավունքների ոտնահարումներին: Սարգսյանը մասնավորապես նշեց կոնկրետ տեղամասեր, ուր վստահված անձանց քվեարկությունից հետո հանձնաժողովների նախագահները թույլ չեն տվել ծանոթանալ ընտրացուցակներին, արձանագրություններին:

Հաջորդ նիստը Սահմանադրական դատարանը որոշեց գումարել վաղը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG