Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ժողովրդի կամքին հակառակ ամեն ինչ անօրինական է» բանաձեւի մեջ է հիմնականում ընդդիմադիր մամուլը մատուցում երեկվա հանրահավաքը՝ շեշտադրելով շարունակական վճռականություն, մինչ մյուս թերթերը շարունակականությունը տեսնում են միտինգավորների թվի կրճատման մեջ:

«Նախագահական ընտրություններից հետո, երբ բողոքի զանգվածային միջոցառումների շարքային մասնակիցները սկսեցին զանազան հետապնդումների ենթարկվել, բոլորն իրենց հարց էին տալիս՝ իսկ ինչո՞ւ հետապնդումների չեն ենթարկվում հանրահավաքների, երթերի կազմակերպիչները: Ժանրը պահանջում էր, որ հետապնդումների ենթարկվեն ակցիաների կազմակերպիչները, ասել է թե՝ քաղաքական հակառակորդները: Վերլուծությունը, սակայն, ցույց է տալիս», - անդրադառնում է «Հայկական ժամանակ» թերթը,- «որ մեր իշխանությունները գործել են հենց վերը նշված տրամաբանությամբ: Նրանք հասկացել են, որ իրենց թիվ մեկ քաղաքական հակառակորդը հանրությունն է՝ ժողովուրդը, ՀՀ քաղաքացիները: Այսինքն, ոչ թե հանրությանն էր պետք զրկել քաղաքական առաջնորդներից, այլ քաղաքական առաջնորդներին՝ հանրությունից, ինչից հետո քաղաքական լիդերները կհայտնվեն անելանելի վիճակում»: «Այսօր էլ իշխանության այս բանաձեւը շարունակում է գործել: Ու պաշտոնականից տարբերվող տեսակետներ ունեցող ՀՀ քաղաքացիներին այլ բան չի մնում, քան սահուն անցում կատարել դեպի ընդհատակ», - ուրվագծում է «Հայկական ժամանակ»-ը:

«Օրրան» թերթում ներկայացված է թղթակցի եւ Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Վարյանի երեկվա այսպիսի մի երկխոսություն.

«- Ձերբակալո'ւմ եք:
- Ոչ, բերման ենթարկում:
- Այսօ'ր էլ:
- Եթե ապակի ջարդեն:
- Շա'տ կցանկանայիք. չե'ն ջարդելու:
- Եթե մայթով չքայլեն:
- Չեն քայլելու. գնալու են ինաուգուրացիայի:
- Թույլ չենք տալու:
- Բա չմասնակցե՞ն նախագահի երդման արարողությանը, իրենց տեսակետը հայտնեն (այն է՝ «Ռոբերտ, հեռացի՛ր»):
- Չհավատա'ք: Թույլ չենք տալու հավաքվել: Օրենքով սահմանված բոլոր նորմերով՝ թույլ չենք տալու այդ օրն անկարգություններ լինեն, գոռգոռան...
- Գոռգոռալու համա՞ր էլ են ձերբակալում:
- Գոռգոռալը հասարակական կարգի խախտում է, միեւնույն է՝ թույլ չենք տալու որեւէ կարգի դրսեւորում, չենք թողնելու հավաքվեն, պետական կարգի միջոցառումներ կան, որոնց ժամանակ որեւէ անշնորհքություն թույլ տալ չի կարելի»:

«Ինչքա՜ն են ուզում իշխանությունները, որ ընդդիմությունը գոնե այդ օրը չհարամի Բայց, դե, ճշմարտությունը փաստագրում է՝ մի' հարամի, որ չհարամվի», - խտացրել է «Օրրան»-ի թղթակիցը:

«Առավոտ» թերթում հրապարակված հերթական հարցախույզի արդյունքներով, շարունակում է աճել այն երեւանցիների թիվը, ովքեր «Եթե Ազգային ժողովի ընտրություններն անցկացվեն առաջիկա կիրակի օրը, ո՞ւմ օգտին կքվեարկեք» հարցին դժվարանում են պատասխանել կամ էլ որոշել են չմասնակցել: Այս շաբաթ նվազել են հիմնական մրցակից ուժերից նաեւ «Արդարություն» դաշինքի եւ Դաշնակցության տոկոսները: Ստեփան Դեմիրճյանի գլխավորած դաշինքը, սակայն, դեռեւս զգալի առավելություն ունի մյուսների նկատմամբ: Ըստ այս հարցման, վարչապետ Մարգարյանի ու Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետականների ցուցակն էլ 0,3 տոկոսի առաջընթաց է ունեցել՝ անցնելով 4 տոկոսը:

«Սերժ Սարգսյանը, հայտնվելով Հանրապետական կուսակցության ցուցակում, ընդամենը մեկ խնդիր է լուծում՝ խորհրդարանի ընտրություններում Հանրապետականի 2 տոկոսը հասցնել գոնե 25 տոկոսի», - «Այբ-Ֆե» թերթի թղթակցին ասել է ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Անդրանիկ Հովակիմյանը: - «Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը երբեք պաշտպանության նախարարի աթոռը չի փոխի վարչապետի աթոռի հետ, որովհետեւ ինքն էլ է հասկանում, որ դրանով չափազանց կթուլացնի իր դիրքերը... Հայաստանում նախագահից հետո ամենաապահով պաշտոնը պաշտպանության նախարարինն է նաեւ այն առումով, որ ժողովուրդը իր ծանր վիճակի համար մեղավոր է ճանաչում ոչ թե ինչ-որ նախարարի, այլ վարչապետին»: «ՀՀՇ-ն շարունակում է պնդել, որ ինչքան մենք ձեւ ենք անում, թե լուծում ենք Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ինչքան մենք ուշացնում են հարցի լուծումը, այնքան մոտենում ենք պատերազմին», - նշում է Անդրանիկ Հովակիմյանը: - «Մենք կարեւորում ենք երեք խնդիր՝ օրինական իշխանությունների հաստատումը, Հայաստանը ժողովրդավարական զարգացումների վերադարձնելը եւ ԼՂՀ խնդրի կարգավորումը: Այդ բոլոր խնդիրների լուծման մեկ օրինական ճանապարհ կա՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությունը... Ես վստահ եմ, որ Քոչարյանը ուզի թե չուզի, 2004 թվականին ստիպված կլինի հեռանալ», - եզրափակել է ՀՀՇ վարչության գործադիր քարտուղարը:

Անդրադառնալով նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին սատարած կուսակցությունների միջեւ այս փուլում առկա տարաձայնությունների թեմային, Դաշնակցության «Երկիր» թերթն այսօր մասնավորապես նշում է. - «Նախագահի թեկնածությունը պաշտպանող քաղաքական կազմակերպությունները երբեւէ չեն ասել, թե Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհների շուրջ իրենց սեփական կարծիքը չունեն, կամ այդ կարծիքներում ու ծրագրերում չկան տարբեր մոտեցումներ, թեկուզ եւ՝ հակասություններ: Խորհրդարանական ընտրություններին նրանցից յուրաքանչյուրը կարող է գնալ առանձին՝ հատկապես իր մոտեցումներն ամրագրելով... Դա հակադրություն չէ, առավել եւս՝ թշնամության ցուցանիշ չէ: Դա առողջ մրցակցություն է, որից շահում են բոլորը՝ թե' քաղաքական ուժերը, թե' պետությունը, թե' հասարակությունը», - հավաստիացնում է «Երկիր»-ը: - «Ինչ վերաբերում է քաղաքական մրցակցությունը որպես հակամարտություն ներկայացնելու ոմանց փորձերին, ապա դա ընդամենը որոշ քաղաքական շրջանակների ու լրատվամիջոցների՝ վաղուց խաղարկվող հնարքն է, որն ունի մեկ նպատակադրում՝ փորձել ամեն գնով արհեստական խնդիրներ ստեղծել այնտեղ, ուր դրանք չկան»:

Մյուս կողմից, «Երկիր»-ում այսօր խարազանվում է գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանը: «Օրենքի եւ քաղաքականության տրամաբանության սահմաններից դուրս հանդիպող երեւույթներից մեկը դարձած «դաբրոներով» պայքարի ելածների շարքում այսօր Հայաստանի տարբեր մարզերում, տարբեր ընտրատարածքներում շատերը հանդիպում են Աղվան Հովսեփյանի կողմից առաջադրված կամ աջակցություն վայելող մի շարք թեկնածուների, որոնք ոչ պաշտոնապես կազմել են մի ողջ համամասնական ցանկ», - արձանագրում է «Երկիր»-ը: - «Աղվան Հովսեփյանը ջանք ու եռանդ չի խնայում իր հովանավորյալների ճանապարհը դեպի Ազգային ժողով մաքրելու համար: Մասնավորապես, օրերս նա հասկանալ է տվել թիվ 20-ում թեկնածությունն առաջադրած Ռուբիկ Կարապետյանին (Արագածոտնի մարզի սոցապահովագրության պետական հիմնադրամի տնօրեն), որ վերջինս ավելի լավ կանի հանի իր թեկնածությունը, եթե չի ուզում, որ իրենով զբաղվի անձամբ գլխավոր դատախազի տեղակալը... Հովսեփյանի ղեկավարությունը նրան պետք է բացատրի արդարադատությամբ եւ քաղաքականությամբ միաժամանակ զբաղվելու անթուլյատրելի լինելը», - մատնանշում է Դաշնակցության պաշտոնաթերթը: - «Իսկ շանտաժի համար նախատեսված պատասխանատվության մասին, ով ով, բայց գլխավոր դատախազի տեղակալը տեղեկացված պետք է լիներ վաղուց»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG