Մատչելիության հղումներ

Պաշտպանիչ մեխանիզմը կանգնեցրել է ատոմակայանի ռեակտորը


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց էներգետիկայի նախարարության խոսնակ Լուսինե Հարությունյանը, այսօր առավոտյան Իրան - Հայաստան էլեկտրաէներգիայի փոխհոսքերում պարամետրերի բարձր տատանումների հետեւանքով գործել է Հայաստանի էներգացանցի պաշտպանիչ-ինքնակարգավորվող համակարգը, եւ Մեծամորի ատոմակայանը դուրս է եկել ընդհանուր էներգացանցից:

Ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ պաշտպանիչ-ինքնակարգավորվող մեխանիզմը կանգնեցրել է Ատոմակայանի ռեակտորը եւ այժմ ընթանում է ռեակտորի սառեցման նախապատրաստական գործընթացը:

«Հաճախականությունն ընկել է համակարգում բավական երկար ժամանակով», - հեռախոսով «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մարկոսյանը: - «Ատոմային կայանը ցանցից անջատվել է. նախատեսված, առկա պաշտպանությունները կանգնեցրել են ռեակտորը»:

Մարկոսյանը հավաստիացրեց, թե «կանգնեցման պահին, դրանից հետո» անվտանգության սահմաններ չեն խախտվել: «Բոլոր պարամետրերը նորմայի մեջ են, եւ հիմա տարվում են աշխատանքներ՝ ռեակտորը սառեցնել ու փոխանցել կանգնեցման ռեժիմին»:

Մեծամորի ատոմակայանը անցած հունվարին վերագործարկվեց առանց նախատեսված վերալիցքավորման, քանի որ Հայաստանը չկարողացավ ռուսաստանյան մատակարարին անհապաղ վճարել դրա համար պահանջվող 8 մլն դոլարը:

Նախագահ Քոչարյանի ռուսաստանյան վերջին այցի շրջանակներում ձեռքբերված համաձայնությամբ, ռուսաստանյան ՌԱՕ ԵԷՍ-ը իր վրա է վերցրել Մեծամորի ատոմակայանի կուտակած պարտքերը՝ փոխարենը ստանալով Հրազդան-Սեւան հիդրոէլեկտրակայանների կասկադի բաժնետոմսերի մի մասը, ինչպես նաեւ Հայկական ատոմակայանի ֆինանսական հոսքերը տնօրինելու լիազորությունը:

«Եթե համակարգում այս ռեժիմը չլիներ, ամեն ինչ նորմալ ընթանար, մենք մոտավորապես մինչեւ 15-ը [ապրիլի] կաշխատեինք, նոր կկանգնեինք՝ մեր ռեակտորի թույլատրելի վերջին հնարավորությունները օգտագործելով», - ասաց Մարկոսյանը՝ ավելացնելով, որ ստեղծված իրավիճակում, ինչպես տեխնիկապես, այնպես էլ տնտեսապես աննպատակահարմար է վերագործարկել կայանը:

Ատոմակայանի տնօրենը կայանի վերագործարկումը պայմանավորում է միջուկային վառելիքի հարցի լուծման հետ. - «Եթե ամեն ինչ լավ ընթանա, ամռանը կաշխատենք»:

Այսօրվա Էներգետիկ հոգսերն այսքանով չեն վերջանում: Երեկվանից ռուսաստանյան գազամատակարար «Իտեռա» ընկերությունը կիսով չափ կրճատել է գազի առաքումը Անդրկովկաս: Ըստ «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի պատասխանատու հարցերով Շուշան Սարդարյանի , միջին օրական 6 մլն խորանարդ մետր գազի փոխարեն, այժմ Հայաստանը ստանում է ընդամենը 2,5 մլն խորանարդ մետր: «Հայռուսգազարդ» ընկերությունից հայտնեցին, որ կուտակված կամ ընթացիկ պարտքեր չունեն: Խնդիրներ ծագել են ռուսաստանյան ընկերությունների՝ «Իտեռայի» եւ «Գազպրոմի» միջեւ: «Իտեռա»-ի հիմնավորմամբ, գազամատակարարման սահմանափակման պատճառը գազի լիմիտների եւ հաշվեկշիռների ճշգրտումն է: Ռուսաստանյան կողմը «Հայռուսգազարդ»-ին հավաստիացրել է, որ վիճակը 1-2 օրից կկարգավորի:

Գազի ծավալների կրճատումն այս պահին դեռ խնդիրներ չի առաջացրել ներքին շուկայում, սակայն դրանք կարող են լինել, եթե գազով էլեկտրաէներգիա արտադրելու անհրաժեշտություն առաջանա: Առայժմ, ըստ էներգետիկայի նախարարության տվյալների, կլիմայական պայմանները բարենպաստ են հիդրոէլեկտրակայանների գործունեության համար, եւ էներգաարտադրության դեֆիցիտ չի սպառնում:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG