Մատչելիության հղումներ

«Հայկական ավիաուղիներ»-ի օդաչուները պահանջում են իրենց աշխատավարձերը


Ապրիլի 15-ից «Հայկական ավիաուղներ» փակ բաժնետիրական ընկերությունը դադարեցնելու է իր գործունեությունը: Ընկերության չվերթերն իրականացնելու են «Արմավիա» եւ «Հայկական միջազգային ավիուղիներ» ընկերությունները: «Հայկական ավիաուղիներ»-ը սնանկ է ճանաչվելու կամ լուծարվելու է:

Ինչպես անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ամեն ինչ կախված է ներքին եւ արտաքին պարտքերի ընդհանուր պատկերից եւ ընկերության գույքի պոտենցիալ հնարավորություններից:

Առ այսօր վերջնականապես հայտնի չէ, թե որքան է այդ պարտքը: «Հայկական ավիաուղիներ»-ի գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանի վկայությամբ, պարտքը կազմում է մոտ 25 մլն դոլար, արդարադատության նախարարի փոխանցմամբ, սակայն, դրա մի մասը դեռ վիճելի է:

Արդեն այսօր «Հայկական ավիաուղիներ»-ի Երեւան - Մոսկվա թիվ 910 առավոտյան չվերթը, որը պետք է իրականացվեր «Հայկական միջազգային ավիուղիներ»-ի օդանավով, հետաձգվեց մինչեւ վաղը: Այդ թռիչքը, սակայն, իրականացվելու է «Հայկական ավիաուղիներ»-ի ԻԼ-86 օդանավով: Չվերթի հետաձգման պատճառը ռուսաստանյան «Ռոսավիանավիգացիա» ընկերությանը «Հայկական ավիաուղիներ»-ի ունեցած ավելի քան 2 մլն 200 հազար դոլարի պարտքն է:

«Ռոսավիանավիգացիա»-ն թռիչքների թույլատվություն էր տվել մինչեւ ապրիլի 3-ը, եւ այսօր արդեն արգելել էր «Հայկական ավիաուղիներ»-ին որեւէ թռիչք իրականացնել իր օդուղիներով: Բանակցությունների արդյուքնում համաձայնություն է ձեռք բերվել առայժմ (մինչեւ ապրիլի 15-ը) թույլատրել թռիչքները, քանի որ Մոսկվայում էլ տեղյակ էին, որ ապրիլի 15-ից հետո «Հայկական ավիաուղիներ»-ի չվերթների հիմնական մասն իրականացնելու է «Արմավիա» ընկերությունը, որի բաժնետոմսերի ավելի քան 70 տոկոսը ռուսաստանյան «Սիբիրավիա» ընկերությանն է պատկանում:

Արդարադատության նախարարի փոխանցմամբ, «Արմավիա» ընկերության հետ կնքած պայմանագրի համաձայն, վերջինիս 10 տարով (15 մլն դոլարի դիմաց) շահագործման են տրվում Հայաստանի պետության սեփականությունը հանդիսացող օդուղիները: Իսկ մինչեւ 2004 թվականի դեկտեմբերի 31-ը «Հայկական ավիաուղիներ»-ի չվերթների 7 ուղղությունները առանց հատուցման տրվում են «Հայկական միջազգային ավիաուղիներ» ընկերությանը:

Կառավարության կարծիքով, անշուշտ, ձեռքբերված պայմանավորվածությունները շահավետ են երկրի համար, սակայն որոշ մասնագետներ բոլորովին այլ կարծիքի են: Մանավանդ, որ «Հայկական միջազգային ավիաուղիներ» ընկերության ղեկավարների վկայությամբ, իրենք «Հայկական ավիաուղիներ»-ը գնելու ավելի լավ տարբերակներ էին առաջարկել. մարել բոլոր պարտքերը, պահպանել այսօրվա չվերթները ու ներդրումների միջոցով զարգացնել ոլորտը: Պարզ չէ, թե ինչն է դրդել հրաժարվել այդ առաջարկներից: Պարզ չէ նաեւ, թե ինչպես է, որ կառավարությունը չէր նախատեսել այսօր առաջացած խնդիրները:

Իսկ այսօր մի կողմից թիվ 910 չվերթի ուղեւորներն էին Ավիացիայի գլխավոր վարչության մուտքի մոտ հավաքվել ու պատասխան էին պահանջում, մյուս կողմից, «Հայկական ավիաուղիներ»-ի օդաչուներն էին պահանջում մարել աշխատավարձի գծով կուտակված պարտքերը:

«8 ամիս է աշխատավարձ չենք ստացել, ապրիլի 15-ից հետո էլ զանգվածային կրճատումներ են սպասվում», - դժգոհում էին օդաչուները:

ՏՈՒ-134 օդանավի օդաչու Արթուր Եփրեմյանի փոխանցմամբ, իրենց տեղեկություններով, 320 հոգանոց օդաչուական կազմի մոտ 70 տոկոսը կրճատվելու է:

«Չվերթները կատարել ենք ժամանակին: Չվերթները կատարվել են լեփ-լեցուն: Գումարները կորել են, քանի անգամ ահազանգել ենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Եփրեմյանը: Այսօր էլ մարդիկ վստահ չեն, թե կստանան իրենց հասանելիք գումարները՝ 1մլն դոլար մաքուր աշխատավարձ, դրան ավելացրած հարկեր, տուրքեր, 300-400 հազար դոլար վերջնահաշվարկային գումար:

Ըստ «Արմավիա»-ի հետ կնքված պայմանագրի, 15 մլն դոլար գումարի 30 տոկոսը (4 մլն 500 հազար դոլար) պետք է վճարվի այս տարի: Խոստացել են նաեւ առաջիկա 15 օրերի ընթացքում աշխատավարձի դիմաց վճարել 3 մլն, իսկ մինչեւ նոյեմբեր՝ եւս 2 մլն դոլար: Բայց դրա հետ մեկտեղ անհապաղ պետք է վճարվի արտաքին պարտքերի գոնե մի մասը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG