Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի խմբագիրն այսօր ուրվագծում է առաջիկայի այսպիսի սցենար. - «Սահմանադրական դատարանը կմերժի Ստեփան Դեմիրճյանի հայցը... Մայիսի 25-ին կընդունվեն սահմանադրական փոփոխությունները, որոնք ավելացնում են նախագահի իրավասությունները... Մոտակա 4 տարվա ընթացքում խորհրդարանը, որտեղ գերակշիռ մաս են կազմելու մեծամասնական «հեղինակություններն» ու համամասնական իշխանամետները, օրենք կընդունի, որ նախագահն իրավունք ունի ընտրվելու 3 ժամկետով: 2008 թվականին «պետականամետ» քաղաքական ուժերը ազգովի կխնդրեն Քոչարյանին՝ կրկին առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում, նա «չուզենալով» կհամաձայնի իր վրա վերցնել այդ ծանր բեռը»: ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ընդգծել է. - «Նախագահի լեգիտիմությունն, առաջին հերթին, պետք է լինի ժողովրդի գիտակցության մեջ եւ պայմանավորված լինի ժողովրդի ընկալմամբ: Չեմ կարծում, որ նույնիսկ Սահմանադրական դատարանի կողմից մեր դիմումի մերժումը կփոխի այդ ընկալումը: Իմ գնահատականը չի փոխվել. այս ընտրություններն ավելի խայտառակ էին, քան նույնիսկ 1998-ինը»: «Խորհրդարանական ընտրությունների բոյկոտը լավագույն ելքը չէ այս իրավիճակից: Մյուս կողմից, բոլորը, այդ թվում նաեւ իշխանությունները, պետք է գիտակցեն, թե ինչ աղետալի հետեւանքներ կունենան հերթական խայտառակ ընտրությունները Հայաստանի համար», - ասում է Ստեփան Դեմիրճյանը: - «Նաեւ ակնհայտ է, որ ինչքան հեռուստատեսային եթերից դուրս մղեն ընդդիմությանը, այնքան ավելի շատ նախադրյալներ կստեղծվեն հանրահավաքների համար: Ի վերջո, մենք պետք է հաղորդակցվենք մեր համակիրների հետ»:

«Հայկական ժամանակ»-ում այսօր շեշտադրված է, թե իշխանությունները հիմա էլ Արամ Սարգսյանին ձեռբակալելու ուղիներ են մտմտում, մասնավորապես փորձում են քրեապարունակ կապ գտնել վերջինիս տնօրինած «Արարատցեմենտի»՝ հինգ տարի առաջ կատարած մի շինարարության եւ ՎազգենՍարգսյանի՝ Արարատում կառուցած տան միջեւ»: Ինքը՝ Արամ Սարգսյանը «Օրրան» թերթի այսօրվա հարցազրույցում անդրադառնում է դեռ միայն ներկա քաղաքական ընթացքին: Նրա հայացքով, ամենակարեւոր գործընթացներն այսօր Սահմանադրական դատարանում են տեղի ունենում, եւ այնտեղ ընդունվելիք որոշումից կախված՝ բոյկոտել թե ոչ Ազգային ժողովի ընտրությունները՝ կողմնորոշվելու դեռ բավական ժամանակ կա:

«Եթե ակնկալիքներ չունենայինք Սահմանադրական դատարանից՝ չէինք դիմի», - իր հերթին «Այբ-Ֆե» թերթում ասում է Ալբերտ Բազեյանը: - «Մենք պետք է սպառենք պայքարի բոլոր օրինական ճանապարհները: Դրանից հետո հասարակությունն այլ ելք չի տեսնի, քան խնդիրը լուծել արտաքաղաքական ճանապարհով.. Ինչ-որ մի պահի այդ ամենը կարող է դուրս գալ վերահսկողությունից»:

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ այսօր «Իրավունք»-ի հարցազրույցում ընդգծում է. - «Ընտրակեղծիքներ եղել են, եւ մենք դատապարտել ենք դրանք: Սակայն մենք ընտրական հանձնաժողովներում ունեցել ենք ընդամենը մեկական ներկայացուցիչ... Մինչեւ Հայաստանում ընտրակեղծարարները չպատժվեն բանտարկությամբ, մենք ազատ ու արդար ընտրություններ չենք ունենա: Փողով, բռնությամբ, վարչական հարկադրանքով ձեւավորված իշխանությունը դրական գործառույթ չի կարող իրականացնել»:

«Չարչիները քարոզում են տաճարներում։ Փարիսեցիները՝ սովորեցնում, թե ինչպես ապրել։ Գողերը՝ հրապարակային դատողություններ անում բարոյականության ու ազնվության մասին»: Այս ձեւակերպումներով է «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը տեսնում մեր ժամանակի որակը՝ «Երկիր առանց էլիտայի» վերնագրի տակ մատնանշելով. - «Իսկ մի՞թե նրանք, ում կընտրենք մայիսի 25ին, կլինեն ավելի լավը... Ընտրելու բան չկա. այ, սա՛ է դժբախտությունը։ Հայրենի ընտրախավը թարմ արյան ներհոսք չունի եւ դրա վիճակը թույլ չի տալիս տեսանելի ապագայում փոփոխությունների հույս ունենալ»: «Կեղծ ընտրախավը հասարակության վզին է փաթաթում սեփական պատկերացումները կյանքի արժեքների մասին։ Արդյունքում ամեն ինչ մեզանում անբնական է. հավատում ենք երեսպաշտներին, պաշտպանում խաբեբաներին, ընդօրինակում ոչնչությանը... Ընտրախավի այլասերումը շատ դեպքերում նախորդում է պետության կործանմանը». - ամփոփիչ նախազգուշացնում է մեկնաբանը:

«Երկիր» թերթի մեկնաբանն էլ այսօր մտահոգված կիսվում է. - «Հատկապես մամուլում աշխատանքի շնորհիվ շատ անգամ առավել ցայտուն է զգացվում այն ինքնահանգստությունն ու անտարբերությունը, որ հանդես են բերում մեր քաղաքական վերնախավի շատ գործիչներ Հայաստանում, նրա շրջապատում ու աշխարհում կատարվող իրադարձությունների ու գործընթացների նկատմամբ։ Ամեն հարցի մատների արանքով նայելը քաղաքական վարվեցողության չգրված կարգ է այլեւս։ Այսպես ծորալով, մի կերպ հոդաբաշխ նախադասություններ արտասանելով՝ կարծիք են ասում մեր շատ կուսակցական առաջնորդներ եւ պետական գործիչներ ամեն մի երեւույթի, իրադարձության շուրջ... Հընթացս սովորողների ամեն քայլափոխի առնչվում ենք՝ կառավարական նշանակումներից մինչեւ խոհրդարանական առաջադրումներ։ Հայաստանում այլեւս չենք զարմանում ոչնչից։ Քանզի հայտնվել ենք մտային մի ճահճացած վիճակում, երբ ապրում ենք իբրեւ գավառում, գավառական բարքերով ու քաղաքականությամբ», - եզրափակված է «Երկիր»-ում: - «Ճահիճը սովորություն ունի մարդուն քաշել հատակ, եթե չփոխվի վիճակը, այս ամբողջ կյանքը»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG