Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ելնելով Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի վերջին հայտարարություններից, «Առավոտ» թերթը ի մի է բերել. - «Միջազգային հանրությունը Հայաստանի նախագահի 2003 թվականի ընտրությունների շուրջ եղած զարգացումներն անցած փուլ է համարում եւ այլեւս Եվրախորհրդի պահանջների հիմնական շեշտադրումն ուղղում է Ազգային ժողովի ընտրություններին: Հայրենի ընդդիմությունը, ըստ էության, ի վիճակի չեղավ արդյունավետորեն օգտագործել նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները չճանաչելուն միտված միջազգային հանրության ընձեռած բացառիկ ու աննախադեպ շանսը, որը նյութականացվեց վերջինիս կողմից ընդդիմությանն ու հասարակությանն ուղղված բարոյական աջակցության ու այդ ընտրությունների նկատմամբ բացասական վերաբերմունքի տեսքով: Ընդդիմության մեղքը այս համատեքստում, դիտորդների գնահատմամբ, այն էր, որ վերջինս ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով նախապես հայտարարած պերմանենտ հանրահավաքները փոխարինեց ԱԺ ընտրություններին ակտիվ նախապատրաստվելու փուլով»:

«Օրվա սկանդալը» խորագրի տակ է «Հայկական ժամանակ» թերթը ուշադրություն հրավիրում, որ մարտի 24-ից Մոսկվայում է Հայաստանից մի ներկայացուցչական պատվիրակություն՝ նախարարներ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Անդրանիկ Մանուկյան, գործարարներ Գագիկ Ծառուկյան, Տիգրան Արզաքանյան («Գրեյթ Վելլի»-ի նախագահ) եւ Միխայիլ Բաղդասարով: Ձեւակերպելով, որ այցը ծածկված է խորհրդավորության քողով, «Հայկական ժամանակ»-ը ավելացնում է, որ առանցքում Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վոլոշինի շփումներն են՝ հայաստանյան ընտրությունների կանխորոշման հիմնական թեմայով:

«Արհեստականորեն կուռքեր ենք ստեղծել եւ ստեղծում՝ բոբոների տեսքով, ապա պայքարում դրանց դեմ։ Առասպելների մեջ իրականությունը շատ քիչ բաժին ունի, պարզապես այդ առասպելներով հասարակության գիտակցությունը ղեկավարելը ամենահեշտ ձեւն է»: Այս հարթության վրա է այսօր «Առավոտ»-ի մեկնաբանը հետեւում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի շուրջ կրքերին. - «Նրան օժտել են գերբնական հատկանիշներով, որից կախված է Հայաստանի տնտեսական դաշտի բաժանումը, քաղաքական դասավորումների ընթացքը, երկրի ներքին շարժը։ Բոլորը փորձում են նրա հետ «լավ լինել», որեւէ հարցի մասին խոսելիս նշում են նրա տված «դաբրոն» կամ ցիտում նրա որեւէ արտահայտություն, գլուխ գովում, թե քանի անգամ ձեռքը սեղմեցին, կաբինետում քանի անգամ են եղել, քանի անգամ են սեղան նստել, կենացը խմել»: Մեկնաբանը նաեւ մատնանշում է. - «Եթե առաջ Ազգային ժողովում հայտնված զանազան մականունավորներին լրատվամիջոցները դիմում էին մականուններով, այժմ նրանց այնքան դիկտոֆոններ, միկրոֆոններ ու ամբիոններ տրամադրվեցին, որ նույն այն մականունավորները «պարոն այսինչյանից» դենը չեն ընդունում։ Սարքվեցին քաղաքական գործիչներ, եւ այժմ զարմանում ենք, թե ինչու են նրանք մեր քաղաքական էլիտայի մեջ հայտնվել... Վաղը այդ պսեւդոհեղինակություններն են մեր օրենսդրությունը «կարգավորելու», ու մեծ հաշվով էլ մեկ-երկու անձերի առօրյա հարաբերություններից է կախված մեր ողջ երկրի ընթացքը», - արձանագրվում է «Առավոտ»-ում:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի հարցազրույցը եւս «Օրրան» թերթում հարուստ է իրավիճակի անմխիթար գնահատականներով. - «Այսօրվա իրավիճակը բնորոշ է միայն բռնապետական հասարակարգին եւ հղի է անկանխատեսելի հետեւանքներով... Իշխանությունը անբուժելի հիվանդ է եւ վիրահատական միջամտության կարիք ունի... Իշխող վարչախումբը, կլանային տնտեսությունը՝ իրենց ստվերային միջոցներով, ուժային կառույցները եւ կոռումպացված չինովնիկները, կաշառված ընտրահանձնաժողովները, թաղային հեղինակություններն ու հանցագործ աշխարհը սերտաճել են, այս բուրգի վրա հագցվում է կուսակցական շղարշ՝ ստեղծելու ժողովրդավարության պատրանք: Կլանային քաղաքական համակարգը սերտաճել է կլանային տնտեսական համակարգին, ու միասին բարգավաճում են: Սա փակուղի է, սա ճանապարհ չէ»: «Ցանկացած ճնշում առաջացնում է հակադարձ ճնշում եւ իրավիճակն իրոք պայթյունավտանգ է», - զգուշացնում է Վիկտոր Դալլաքյանը՝ դեպի առաջիկա ընտրություններ էլ նշելով. - «Իմ տպավորությամբ՝ նախագահական ընտրությունների անօրինականությունները, ընդհակառակը, ժողովրդին ավելի վճռական ու մարտական են դարձրել: Համենայն դեպս՝ հիմա շատ ավելի դժվար է լինելու «նկարելը»: Հաշվի առեք, որ երեք ցուցակ է լինելու՝ համամասնական, մեծամասնական եւ հանրաքվեի: Հայաստանում քվեաթերթիկներ նկարող հանճարեղ նկարիչները շատ են, բայց հազիվ թե այդքան նկարչությունը հնարավոր լինի»:

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանի դիտարկումներով, ընդդիմության սպասումները Սահմանադրական դատարանից ոչ սահմանադրական են: «Հայցվոր կողմին անհրաժեշտ է ոչ թե «թասիբի գցել» ՍԴ-ին՝ գովեստներ շռայլելով, կամ նախազգուշացնելով, այլ ուղղակի ապացուցել սեփական հայցի մեջ առաջադրված պահանջի հիմնավոր լինելը: Մինչդեռ», - գրում է նա, - «վերջին մի քանի շաբաթների ընթացքում ընդդիմադիր ճամբարի ջանքերն ուղղված են ըստ էության սահմանադրական կարգի հետ որեւէ կապ չունեցող այնպիսի «դրույթների» հիմնավորմանը, ինչպիսիք են Սահմանադրական դատարանի ու նրա նախագահ Գագիկ Հարությունյանի անձնական արժանիքները, նրա հարաբերությունների բնույթը ներկա ու նախորդ իշխանությունների հետ, օրերս ավարտված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ լորդ Ռասել Ջոնսթոնի զեկույցի հնարավոր ազդեցությունը ՍԴ-ի որոշման վրա եւ այլն»: «Ստեփան Դեմիրճյանն ու նրա թիմը լավ են հասկանում, որ իրավական հարթության վրա իրենց համար ուղղակի անհնար է ապացուցել սեփական հայցի հիմնավորված լինելը, ուստի մնացել է միայն ու միայն քաղաքական հարթությունը՝ Սահմանադրական դատարանին «դուխ տալը», իսկ եթե դա չհաջողվի՝ սեփական ձախողման մեղքը նրա վրա գցելը», - բխեցրել է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը:

«Երկիր-օր» թերթը այսօր ընդգծված փոխանցում է. - «Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել ՀՅԴ համամասնական ցանկում ընդգրկված Մարատ Մարտիրոսյանի դիմումը՝ համամասնական ցանկից իրեն հանելու խնդրանքով: Վերջինս ժամանակին պատասխանատվության էր ենթարկվել էներգետիկ չարաշահումների մեղադրանքով»: Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնից սրան ավելացրել են. - «ՀՅԴ համամասնական ցանկը էլ ավելի բյուրեղացավ, ինչի համար շնորհակալություն հայտնելով Հայաստանի մի շարք լրատվամիջոցների, միաժամանակ հույս ենք հայտնում, որ նրանք նույն մանրակրկտությամբ ու սկզբունքայնությամբ կքննեն մյուս համամասնական ցանկերը եւս, ինչի հետեւանքը շատ կանխատեսելի կլինի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG