Մատչելիության հղումներ

logo-print

Ազգային ժողովը որոշեց հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը


Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի այսօրվա նիստում նախագահ Քոչարյանի սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցին կողմ քվեարկեցին 77, դեմ՝ 13 պատգամավոր: Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու մասին հրամանագիրը պիտի ստորագրի երկրի նախագահը:

Նախագծին դեմ քվեարկեցին «Ժողովրդի ձայն» պատգամավորական խմբի անդամները, Հրանտ Խաչատրյանը («Սահմանադրական իրավունք» միություն) եւ Խորեն Սարգսյանը (Հայաստանի կոմունիստական կուսակցություն): Մյուս ընդդիմադիրները չէին քվեարկել կամ բացակա էին:

Ելույթների ժամանակ խումբ֊-խմբակցություններից նախագծին կողմ չարտահայտվեցին միայն «Ժողովրդի ձայն»-ն ու «Հայաստան» խումբը: Առաջինը սկզբունքորեն դեմ էր, երկրորդը՝ սկզբունքորեն կողմ չէր:
«Ժողովրդի ձայն» խմբի քարտուղար Շավարշ Քոչարյանը թե' գործող Սահմանադրությունը եւ թե' փոփոխությունների նախագիծը բնութագրեց որպես «ավտորիտար երկրի Սահմանադրություն»:

«Այսպիսի նախագածի ընդունումը ընդամենը պատրանք կստեղծի եւ է'լ ավելի կխորացնի այն իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը», - իր ելույթում ասաց Քոչարյանը:

«Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանի խոսքերով, ներկայիս իրավիճակում շատ ավելի կարեւոր է «հասարակության համար ստեղծել նպաստավոր մթնոլորտ, նոր գնալ նման տիպի բարեփոխումների»:

Ազգային Ժողովի մյուս խմբավորումները, նախագծին կողմ լինելով հանդերձ, իրենց միջեւ ունեին տարաձայնություններ: Դաշնակցությունն, օրինակ, առաջարկել էր սահմանափակել պատգամավորի անձեռնմխելիությունը, ինչը միայն մասամբ է ընդունվել: «Գաղտնիք չէ, որ անձեռնմխելիության մակարդակը, որն ամրագրված է Սահմանադրությամբ, հաճախ հանդիսանում է միակ պատճառը, որ շատերին գայթակղում է դառնալ պատգամավոր: Այսպիսով չե՞նք դարձնում Ազգային ժողովը հանցագործին պատսպարող, հանցագործությունը պարտակող, արդարադատության իրականացմանը խոչընդոտող մարմին», - իր դժգոհությունը ձեւակերպեց Արմեն Ռուստամյանը՝ ավելացնելով, թե դա հետագայում խիստ դժվարեցնելու է կոռուպցիայի դեմ պայքարը:

Ազգային Ժողովի եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, մինչդեռ, այդ դրույթի նպատակը տեսնում է միայն պատգամավորին ճնշումներից ազատելը:

Նախագահի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանն այս առիթով եզրափակեց, թե կողմնակից է, որ դրույթը տեքստում մնա այնպես, ինչպես ներկայացված է: Այսինքն՝ առանց Ազգային Ժողովի թույլտվության պատգամավորին չի կարելի ձերբակալել, վարչական գործով կալանավորել, դատական պատասխանատվության ենթարկել, իսկ քրեական գործով՝ առանց Ազգային Ժողովի թույլտվության էլ կարելի է (սա է Դաշնակցության առաջարկության ընդունված մասը): Գործող Սահմանադրությամբ, այս բոլոր դեպքերում էլ Ազգային Ժողովը պիտի թույլտվություն տա:

Բացի Հանրապետականից, բոլոր իշխանամետ ուժերը՝ Դաշնակցությունից մինչեւ Ագրոարդյունաբերական ժողովրդական միավորումը, ինչպես նաեւ «Հայաստան» խումբը ճիշտ համարեցին Երեւանի քաղաքապետի ընտրովի լինելը: Մայրաքաղաքի քաղաքապետը թե' գործող Սահմանադրությամբ, թե' փոփոխությունների նախագծով նշանակվում եւ ազատվում է երկրի նախագահի կողմից: Նախագահի ներկայացուցիչը, սակայն, այստեղ էլ անդրդվելի էր՝ նախագիծն այս մասով չի փոխվի:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG